Skip to content Skip to sidebar Skip to footer

«Մարդը բանտում և բանտից դուրս․ նոր ռազմավարության թիրախները». Քննարկման ամփոփում

2023 թվականի հունիսի 20-ին «Հոդված 3» ակումբում տեղի ունեցավ «Մարդը բանտում և բանտից հետո․ նոր ռազմավարության թիրախները» թեմայով քննարկում:

Բանախոսներն էին ՀՀ ԱՆ Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման և ներման հարցերով բաժնի պետ Վազգուշ Կոստանյանը, քրեական արդարադատության փորձագետ Արշակ Գասպարյանը և Իրավական նախաձեռնությունների կենտրոնի նախագահ Նարե Հովհաննիսյանը։

Սկսելով քննարկումը՝ ՀՀ ԱՆ Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման և ներման հարցերով բաժնի պետ Վազգուշ Կոստանյանը նշեց, որ ներկայումս Հայաստանում իրականացվող բարեփոխումների շրջանակներում առանձնահատուկ տեղ է հատկացվում պատիժ կրող և կալանավորված անձանց իրավունքների ու օրինական շահերի արդյունավետ պաշտպանությանը և դրանց երաշխիքների ստեղծմանը։ Այս տեսանկյունից քրեակատարողական և պրոբացիայի ենթակառուցվածքների և ոլորտային քաղաքականության բարելավումն ընդգրկվեցին կառավարության ծրագրում՝ որպես թիրախային ուղղություններ։ Այս համատեքստում արդարադատության նախարարությունը՝ որպես քրեական արդարադատության ոլորտում քաղաքականություն մշակող և իրականացնող մարմին, ընտրեց թիրախային ուղղություններ, որոնք ամրագրվեցին քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2023-2026 թվականների ռազմավարության մեջ․

  • Ավանդական պատժողական քաղաքականությունից անցում վերասոցիլականացման քաղաքականության և վերականգնողական արդարադատության սկզբունքներին,
  • Պրոբացիայի ծառայության զարգացում և կատարելագործում, կարողությունների զարգացում, 
  • Ազատազրկված անձանց համար բարենպաստ պահման պայմանների, իսկ քրեակատարողական ծառայողների համար բարենպաստ աշխատանքային պայմանների ստեղծում, կադրերի համալրում,
  • Քրեական ենթամշակույթի դեմ պայքար,
  • Վերաինտեգրման միջոցառումների իրականացում,
  • Քրեակատարողական համակարգի կառավարման զարգացում, էլեկտրոնային գործիքակազմերի ներդրում։

Ռազմավարության նախագիծը 2023 թվականի մայիս և հունիս ամիսներին քննարկվել է շահագրգիռ գերատեսչությունների և հասարակական կազմակերպությունների հետ, ինչի արդյունքում ներկայացված առաջարկությունների հիման վրա այն ամբողջությամբ վերամշակվել է և հունիսի 12-ին ներկայացվել է վարչապետի աշխատակազմ։

«Կշեշտադրեմ քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի օրենսդրության կատարելագործումը, ինչը կարևոր է մարդակենտրոն մոտեցում ցուցաբերելու տեսանկյունից, առողջապահական ծառայությունների որակի բարձրացումը, ենթակառուցվածքների արդիականացումը։ Կարևորում ենք դատապարտյալների հետ իրականացվող վերասոցիալականացման միջոցառումները, քրեակատարողական և պրոբացիայի ծառայողների վերապատրաստումները, դինամիկ անվտանգության ապահովումը, պրոբացիայի ծառայության՝ որպես առանձին պետական ծառայության գործելը»,-մանրամասնեց արդարադատության նախարարության ներկայացուցիչը։ 

Նրա խոսքով նախորդ ռազմավարության գրեթե բոլոր միջոցառումներն իրականացվել են, հաշվետվությունն ըստ տարիների տեղադրված է արդարադատության նախարարության կայքէջում։ Այն միջոցառումները, որոնք կարևոր էին պատժողականից վերասոցիալականացման քաղաքականությանն անցնելու տեսանկյունից, հիմնականում իրականացվել են։ Որոշ գործողություններ չեն կատարվել կամ մասնակի են կատարվել։ Պատճառն այն է, դրանց իրականացման պատասխանատուն ոչ միայն արդարադատության նախարարությունն է, այլև այլ պետական մարմիններ։ Բացերն ու խնդիրներն ուսումնասիրվել են, և չկատարված կամ ոչ պատշաճ կատարված միջոցառումները ներառվել են նոր ռազմավարության նախագծում։

«Համակարգում առաջացած խնդիրները մեկ օրում չեն առաջացել, այլ տարիների ընթացքում են կուտակվել, բայց դրանց կարգավորումը շարունակական բնույթ կրում ոլորտային ռազմավարությա մեջ։ Օրինակ, նախորդ ռազմավարության մեջ կար կառավարման համակարգի զարգացմանն ուղղված միջոցառում, պիլոտային ծրագրով այդ համակարգը ներդրվեց «Արմավիր» ՔԿՀ-ում։ Փորձը ցույց տվեց, որ այդ միջոցառումն արդարացված է։ Լավագույն փորձի ուսումնասիրության արդյունքում այժմ կա այնպիսի համակարգ, որը ույլ է տալիս ունենալ դինամիկ անվտանգության համար անհրաժեշտ նախադրյալներ։ Այդ գործողությունը շարունակական բնույթ է կրում, այլ հիմնարկերում ևս պետք է իրագործվի, հետևաբար ներառված է նաև նոր ռազմավարության մեջ»,-նշեց Վ․ Կոստանյանը։ 

Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման և ներման հարցերով բաժնի պետը մանրամասնեց, որ նոր ռազմավարության իրագործումը պետության համար կարժենա մոտավորապես 50 մլրդ դրամ, որից 35 մլրդը դրամը կուղղվի նոր քրեակատարողական հիմնարկի կառուցմանը։ Նախագիծը ներկայացվել է վարչապետի աշխատակազմ, առաջարկությունների դիտողությունների հիման վրա ևս քննարկումներ կլինեն։ Ֆինանսական միջոցների հատկացման հարցը պարզ կլինի վերջնական փուլում։

Քրեական արդարադատության փորձագետ Արշակ Գասպարյանը նշեց, որ նոր ռազմավարությամբ փորձ է արվել ներդնել մարդակենտրոն կառավարման մոդելներ՝ հիմնված միջազգային փորձի վրա։

«Փորձել ենք փոխել որոշում կայացնողների, քրեակատարողական և պրոբացիայի ծառայողների, հասարակության մոտեցումն առ այն, որ մարդու՝ քրեական որևէ պատժի դատապարտվելը վերջնակետ չէ, այլ մի ժամանակահատված է, որ պետք է օգտագործել նրա հետ առավել արդյունավետ աշխատելու համար։ Ռազմավարությունը կառուցված է հենց այդ մոտեցման վրա՝ հումանիզացիա պատիժների կատարման ոլորտում, մարդու՝ ավելի լավը դառնալու հնարավորության ապահովում»,-մանրամասնեց փորձագետը։ 

Նա շեշտեց այն հանգամանքը, որ կա անձնակազմի մոտեցման փոփոխության խնդիր, ինչն արտացոլված է նաև ռազմավարության գործողություններում։

«Պետությունը կարևորում է ոչ միայն քրեակատարողական և պրոբացիայի ծառայողների ընթացիկ վերապատրաստումները, այլև համապատասխան կադրերի պատրաստումը։ Դա նշանակում է, որ մարդկային ռեսուրսների տեսանկյունից մեծ անելիքներ կան, որպեսզի կարողանանք եղած կադրերից ընտրել մարդկանց, ովքեր իրապես ռազմավարության սկզբունքներին հարիր են և կարող են աշխատել»,-ավելացրեց Ա․ Գասպարյանը։ 

Փորձագետի դիտարկմամբ՝ այս ռազմավարությունն ունի այն խնդիրները, որոնք բնորոշ են Հայաստանում ընդունված գրեթե բոլոր ռազմավարություններին և կապված են ֆինանսավորման և բազմավեկտոր համագործակցության հետ։ Այն մեթոդաբանությունը, թե ինչպես է գումարը հաշվարկվում, պրոբլեմատիկ է։ Խնդրահարույց է նաև այն, որ պատիժների կատարման համակարգում վերականգնողական արդարադատության սկզբունքների ամրագրումը հավասարապես ընկալելի չէ բոլոր գերատեսչությունների կողմից։ Բացի այդ, քրեական արդարադատության և հատկապես պատիժների կատարման ոլորտն անարդյունավետ է, եթե սոցիալական ծառայությունը ներառված չէ։

Ոլորտի փորձագետին մտահոգում է նաև այն, որ չնայած ռազմավարությունը նախատեսված է 2023-2026 թվականների համար, սակայն 2023 թվականի հունիս ամիսն է, բայց այն դեռ նախագծի տեսքով է։

«Մինչև հաստատվի՝ կլինի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսը։ Ստացվում է, որ մենք կորցրինք մոտ 9 ամիս։ Պիտի կարևորել նաև շահագրգիռ կառույցների պատասխանատվությունը նմանատիպ փաստաթղթերի նկատմամբ»,-ասաց Արշակ Գասպարյանը։

Փորձագետն ավելացրեց, որ բիզնեսը չի ցանկանում գործունեություն ծավալել բանտում, որովհետև նախ չի ցանկանում որևէ ձևով առնչվել քրեական ենթամշակույթի հետ։ Բացի այդ, չի հետաքրքրում էժան աշխատուժ ունենալու գաղափարը։ Հետևապես բանտերում ներդրվող արտադրությունը պիտի կրի բացառապես սոցիալական բնույթ, ոչ թե շահույթ ակնկալի։ Դրա համար անհրաժեշտ է կոնկրետ բիզնեսների, խոշոր հարկատուների բերել քրեակատարողական հիմնարկներ՝ ապահովելու համար նրանց սոցիալական պատասխանատվության կոմպոնենտը։ 

Իրավական նախաձեռնությունների կենտրոնի նախագահ Նարե Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց քննարկումը նախաձեռնելու համար՝ կարևորելով համակարգին առնչվող հարցերը մշտապես հանրային քննարկման օրակարգում պահելու հանգամանքը։

Բանախոսը կարևորեց հանրակրթությունը 19 և ավել տարիք ունեցող դատապարտյալներին հասանելի դարձնելը, նաև վերասոցիալականացման միջոցառումների ընդլայնումը։ Սակայն նշեց, որ շարունակում է մտահոգիչ է մնալ կրթության բովանդակության հարցը։ Օրինակ, եթե կրթական միջոցառման ժամանակ ներկայացվող նյութը, այդ նյութի ներկայացման լեզուն դատապարտյալին հասկանալի չեն, ապա վերջինս այդ նյութը չի ընկալում, հետևաբար բուն միջոցառման անցկացումը չի կարող նպաստել անձի վերասոցիալականացմանը։ 

Նշեց, որ շարունակում է մտահոգիչ մնալ աշխատանքային զբաղվածության ընդլայնումը։ Դրան ուղղված միջոցառումներ այս ռազմավարությամբ նախատեսված են, սակայն նախորդ ռազմավարությամբ ևս նախատեսված էին։ Օրինակ, նախատեսվում էր «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի առողջացում, բայց փոխարենը կա սնանկ ճանաչված հիմնադրամ, պատճառը վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործն է։ Նախատեսվում էր մասնավոր հատվածի ներգրավում, ինչը ևս չի իրագործվել։ 

«Ազատության պայմաններում աշխատողն ինքն է գնում գործատուի մոտ, քրեակատարողական հիմնարկի դեպքում գործատուն պետք է գնա իր աշխատողի մոտ, ինչը բիզնեսի համաի ռիսկեր և հավելյալ ծախսեր է ենթադրում»,-մանրամասնեց Ն․ Հովհաննիսյանը։ 

Քրեակատարողական հիմնարկների օպտիմալացման կոնտեքստում կարևորվում է քրեական ենթամշակույթի դեմ պայքարը, ինչը, Հովհաննիսյանի կարծիքով, պետք է առավել առարկայական և իրատեսական լինի։ Օրինակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ քրեական ենթամշակույթին մոտ կանգնած ազատազրկված անձինք կլան, այդ անձանց համար մինչև 50 լրակազմ ունեցող մասնաշենք է նախատեսվում ունենալ նոր կառուցվող քրեակատարողական հիմնարկում։ Ենթամշակույթին հարող կամ այն ընդունող անձինք չեն աշխատում, քանի որ դա ընդունելի չէ։ Բանախոսին մտահոգում է, թե այդ մասնաշենքի մաքրության կամ սննդի բաժանման աշխատանքներն ովքեր են կատարելու։ Եթե այլ անձ է կատարելու, ապա ենթամշակույթը չի կարող հաղթահարվել։ 

«Սրանք ենթամշակույթի կոնկրետ դրսևորումներն են, որոնք կան բանտային իրականության մեջ։ Եվ հարց է, թե նոր կառուցվող քրեակատարողական հիմնարկում ինչպես է նախատեսվում հաղթահարել դրանք»,-ավելացրեց Ն․ Հովհաննիսյանը։ 

Նա ողջունեց, որ նոր ռազմավարության մեջ անդրադարձ է կատարվում առողջապահական ծառայությունների որակի բարձրացմանը։ Անկախ այն հանգամանքից, որ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ն արդեն գործում է առողջապահության նախարարության ենթակայության ներքո, արդարադատության նախարարությունը՝ որպես քրեակատարողական ոլորտի պատասխանատու, պետք է իր հավակնություններն ունենա, թե կալանավորված անձին և դատապարտյալին ինչպիսի առողջապահական ծառայություն պետք է մատուցվի։ Սակայն նշեց, որ քրեակատարողական հիմնարկներ կատարված ընթացիկ այցերը ցույց են տալիս, որ ռեսուրսների բախշման հետ կապված խնդիրներ մշտապես առաջանում են։ Անձանց տեղափոխումը քաղաքացիական հիվանդանոցներ հիմնարկն է ապահովում՝ տրամադրելով տրանսպորտային միջոցներ և ուղեկցողներ, որոնք երբեմն չեն բավարարում։ Հետևաբար եթե նոր ռազմավարությամբ դիտարկվում է առողջապահական ծառայությունների բարելավում, սակայն այս խնդիրը չի կարգավորվում, նշանակում է, որ ազատազրկված անձանց շրջանում շարունակելու են լինել դժգոհություններ և դրանցով պայմանավորված ինքնավնասումների կամ հացադուլի դեպքեր։

Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ հարց է, թե որքանով են պետական մյուս կառույցներն իրենց չափաբաժինը տեսնում վերասոցիալականացման քաղաքականության անցնելու գործընթացում։ Արդարադատության նախարարությունը միայն իր հնարավորություններով կամ լիազորություններով այդ գործընթացն իրականացնել չի կարող։

«Այդ ծրագրերն իրականացվում են այն դեպքում, երբ անձը քրեակատարողական հիմնարկում է։ Երբ նա դուրս է գալիս քրեակատարողական հիմնարկից, չկա որևէ կառույց, որը կաշխատի նրա հետ, կօգնի, որպեսզի վերաինտեգրվի և դրժարին իրավիճակում հայտնվելիս չընտրի հանցագործություն կատարելու և քրեակատարողական հիմնարկ վերադառնալու տարբերակը։ Թեև որոշ օրենսդրական լծակներ կան, սակայն դրանք չեն գործում»,-ասաց բանախոսը։ 

Խոսելով կրկնահանցագործությունների կանխարգելման մասին՝ Ն․ Հովհաննիսյանը դարձյալ կարևորեց պետական տարբեր մարմինների միջև համագործակցությունը։ Օրինակ, կան անձինք, որոնք առաջին անգամ բժշկի խորհրդատվություն, հետազոտություն կամ որևէ միջամտության ենթարկվելու հնարավորություն ունենում են հիմնարկում հայտնվելուց հետո։ Հետևաբար ազատության պայմաններում այդ հնարավորությունը չունենալը կարող է «գայթակղիչ» լինել և անձը կարող է երկրորդ կամ երրորդ անգամ հիմնարկում հայտնվելու ցանկություն ունենալ։ Կամ, օրինակ, անչափահասը համայնքում դպրոց չի հաճախում, այդ մասին որևէ կառույց չի իմանում, այդ փաստն առաջին անգամ արձանագրվում է, երբ նա հայտնվում է քրեակատարողական հիմնարկում։ Այսինքն՝ անձը պետության հոգածությունը ստանում է հիմնարկում հայտնվելուց հետո, ինչը շատ ռիսկային է կրկնահանցագործություն կատարելու տեսանկյունից։

Բանախոսի դիտարկմամբ՝ մտահոգիչ է նաև այն, որ առկա չէ պատճառահետևանքային կապը որևէ նախաձեռնության իրագործման համար ֆինանսական ռեսուրսների տրամադրման և դրա ունեցած համակարգային ազդեցության միջև։ Օրինակ, սնունդն արդեն մի քանի տարի է, ինչ պատվիրակվում է մասնավոր ընկերության կողմից։ Սակայն ընթացիկ այցերը քրեակատարողական հիմնարկներ փաստում են, որ հանձնուքների թիվը չի նվազել, իսկ հանձնուքներով փոխանցվող ապրանքների գերակշիռ մասը սնունդն է։ Հիմնավորումն այն է, որ դատապարտյալը նախընտրում է իր ընտանիքի կողմից տրամադրված սնունդը, սակայն հարցը, թե ինչու դատապարտյալը չի օգտվում է պետության կողմից տրամադրված սննդից, չի ուսումնասիրվում։         

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2024 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.