2023 թվականի հունիսի 22-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Սերգեյ Ատոմյանն ընդունել է «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Նարե Հովհաննիսյանին:
Հանդիպմանը քննարկվել են Ծառայության և ՀԿ-ի միջև երկարատև համագործակցության արդյունքներն ու քրեակատարողական ծառայողների մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացմանը, ինչպես նաև ազատազրկված անձանց վերասոցիալականացմանն ուղղված համատեղ աշխատանքները:
Նարե Հովհաննիսյանը Սերգեյ Ատոմյանին է հանձնել Ծառայության կենտրոնական մարմնի և քրեակատարողական հիմնարկների սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինների համար նախատեսված ձեռնարկը:
Ձեռնարկը մշակվել է ՀԿ-ի կողմից վերապատրաստման դասընթացների նյութերի հիման վրա, որոնց մասնակցել էին վերոնշյալ բաժինների աշխատակիցները նախորդ տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին:
Ձեռնարկը հանդիսանում է տեղեկատվական աղբյուր, ներառում է տեղեկություն իրավախախտում կատարած անձանց հետ տարվող սոցիալական աշխատանքի առանձնահատկությունների մասին: Ձեռնարկում ներկայացվում են նաև քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների էթիկական սկզբունքները և ոլորտին վերաբերող այլ թեմաներ:
Աղբյուրը՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայություն