2023 թվականի հունիսի 26-ին ՀՀ ԱՆ «Սևան» ՔԿՀ-ում տեղի ունեցավ «Գեղեցկությունը կփրկի աշխարհը» խորագիրը կրող ցուցահանդես, որով ամփոփվեց «Խեցեգործություն» առարկայի ուսումնական երկրորդ կիսամյակը։
Միջոցառումը կազմակերպել էր «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը «Իրավախախտում կատարած անձանց գեղագիտական դաստիարակության և կրթական ծրագրերի իրականացում՝ առանց տարիքային սահմանափակման» հանրակրթական ծրագրի շրջանակներում՝ «Սևան» ՔԿՀ-ի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աջակցությամբ և հիմնարկում գործող դատապարտյալների ինքնագործ մշակութային միավորման մասնակցությամբ:
«Խեցեգործություն» առարկայի ուսուցչուհի Վիկտորյա Գասպարյանը ներկայացրեց դասի շրջանակներում պատրաստված գործերը, նպատակը և նշեց, որ խորագիրը վերցված է ռուս մեծանուն գրող և փիլիսոփա Ֆյոդոր Միխայլովիչ Դոստոևսկու խոսքերից։
«Գեղեցկությունը, որի մասին գրողը խոսում է, դրական, հիասքանչ մարդու բոլոր բարոյական հատկանիշների միասնությունն է: Յուրաքնաչյուրը, առաջնորդվելով այն լավով, որ կա իր հոգում, հիշողության մեջ և ձգտումներում, կլինի գեղեցիկ, և աշխարհը կփրկվի գեղեցկությամբ, այսինքն՝ այն բարով, որ կա մարդկանց մեջ»,- ասաց միջոցառման հեղինակը: Նա նաև նշեց, որ ցուցադրված գործերում մասնակիցներն ինքնաարտահայտվել են՝ առարկաները կամ երևույթները ներկայացնելով սեփական գույներով:
Միջոցառմանը ներկա էին «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի վերականգնողական ծրագրերի և հանրակրթության բաժնի մասնագետներ Նունե Մնացականյանը, Սիլվա Արիստակեսյանը, ուսուցիչներ Սուսաննա Դանելյանը,Կամո Առաքելյանը, հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աշխատակիցները, ինքնագործ մշակութային միավորման անդամ դատապարտյալները, Իրավական նախաձեռնությունների կենտրոնի նախագահ Նարե Հովհաննիսյանը։
Ավարտին հյուրերին հանձնվեցին ցուցադրվող աշխատանքներից նվերներ: