Skip to content Skip to sidebar Skip to footer

«Ամերիկացին»՝ «Արմավիր» ՔԿՀ-ում

2023 թվականի հուլիսի 4-ին հայ թատրոնի և կինոյի մեծ դերասան Մհեր Մկրտչյանի ծննդյան 93-րդ տարեդարձն էր՝ բազմաթիվ մշակութային միջոցառումների ու նախաձեռնությունների հրաշալի առիթ հայ հասարակության համար։

Այդ օրը մեկ այլ միջոցառում էր նախատեսված հասարակությունից հեռացված, սակայն վերջին տարիների պետական քաղաքականության շնորհիվ հասարակությանն աստիճանաբար մոտեցող ազատազրկված անձանց մոտ՝ ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում, որը մշակութային միջոցառումնրի պակաս չի ունենում ինչպես տեղի դատապարտյալների ինքնագործ մշակութային միավորման նախաձեռնողականության, այնպես էլ տարատեսակ հասարակական կազմակերպությունների, միությունների, նախաձեռնող խմբերի, վերջապես` քրեակատարողական ծառայության և հիմնարկի ջանքերով։

Նախատեսված էր հրաշալի մի ֆիլմի՝ ամերիկաբնակ հայազգի նշանավոր կինոգործիչ, գրող Մայքլ (Միքայել) Գուրջյանի «Ամերիկացին» կինոնկարի  ցուցադրությունը, որը կրկնակի նշանակալի էր նրանով, որ դատապարտյալներին էին հյուրընկալվել պատվիրակներ Ազգային կինոկենտրոնից, որոնց միացել էին ինքը՝ Գուրջյանը և հայ թատրոնի ու կինոյի դիմագիծն ամբողջացնող արվեստագետներից մեկը՝ «Ամերիկացին» ֆիլմի երկրորդ պլանի դերակատար Ժան Նշանյանը։

Հանդիսասրահը, հետաքրքրությամբ համակված, կենտրոնացած դեպի էկրանը, երբեմն նայելով անկյունում համեստորեն նստած հյուրերին, հուզվում էր հերոսի ապրումներից, ժպտում նրա միամտության վրա՝ մեկ ժամ և քառասունհինգ րոպե ապրում ֆիլմի հերոսի՝ Չարլիի (Մայքլ Գուրջյան) դժվարին կյանքով, ինչպես ինքը՝ Չարլին էր մաշում իր տարիները՝ հարևանությամբ ապրող մարդկանց կյանքին հետևելով։ Եվ դա ապրեցնում էր նրան, թույլ տալիս չխելագարվել պատուհասած անարդարությունից և հնարավոր վերահաս վտանգի տագնապներից։

Եվ, որովհետև, որքանով ինձ է հայտնի, ֆիլմը դեռևս հանրայնացված չէ, զերծ կմնամ սյուժետային գծերի փակագծերը բացելուց և որոշակի վերլուծական մտքեր արտահայտելուց` եզրափակվելով մի պարզ ու անկեղծ շնորհակալությամբ` հավաքական հանդիսականի կողմից, ասելով․

«Շնորհակալություն Չարլի-Մայքլ Գուրջյան, որ առիթ ստեղծեցիր ճանաչելու քեզ, այդպիով մեր ոչ այնքան հեռավոր անցյալից ևս մեկ պատառիկ․․․»։

Առանձին ուզում եմ շեշտել, որ Մայքլ Գուրջյանը, որպես գրող (իսկ այս դեպքում սցենարիստ), ռեժիսոր և դերասան՝ հավասարապես իր բարձրունքի վրա էր։ Նրա աչքերում կուտակված արցունքները ֆիլմի որոշ տեսարաններում իրական ապրում էին, և, անխոս, այստեղ տաղանդին զուգահեռ մեծապես ազդեցիկ է այն հանգամանքը, որ Գուրջյանը վերապրում էր իր մեծ հոր կյանքը։

Ռեժիսորական կարևորագույն ունակությունը, իմ խորին համոզմամբ, ո՛չ միայն պատկերները տեսնելու և վերարտադրելու կարողությունն է, այլև դերասանների ճշմարիտ ընտրությունը, որը նախաձեռնող խումբը, հանձին ռեժիսոր Գուրջյանի, կարողացել էր հիանալիորեն կատարել։

Ֆիլմում պատահական ոչ-ոք չկար, դերասանական փորձառությամբ ստեղծագործողներ էին ներգրավված անգամ մասսայական տեսարաններում։ Ստեղծագործական խմբում էին Ժան Նշանյանը, Նարինե Գրիգորյանը, Մայրանուշ Գրիգորյանը, Տրդատ Մակարյանը, Դավիթ Հակոբյանը, Լեռնիկ Հարությունյանը, այլ շնորհաշատ արվեստագետներ Հայաստանի տարբեր թատրոններից, Ռուսասատանից և Ամերիկայի Միացյալ Նահանգներից, այս թվում աշխարհահռչակ մեր հայրենակիցները։

Հիանալի էր տեսնել ու համոզվել, որ հայկական կինոմատոգրաֆը առաջ է շարժվում, չէ՞ որ հայ կինոն ու հայ ստեղծագործ միտքը շատ ասելիքներ ունեն աշխարհին, դարին ու իր ժամանակի քաղաքացուն։ Հրաշալի կլիներ տեսնել «Ամերիկացին» ամբողջապես ռուսերեն և անգլերեն հնչունավորումներով, որովհետև թեման վերաբերելի էր բոլորին, ովքեր զրկանք են տեսել ու անարդարություն․․․ իսկ պատմությանը դեռ հայտնի չեն այնպիսի ազգեր, որոնք չեն ճաշակել կյանքի դառնահամը։

Հենց նման ֆիլմերն են, որ գալիս են ասելու օրվա քաղաքացուն (այս դեպքում՝ «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալներին)՝ «Հե՛յ, դու մենակ չես քո դժբախտության մեջ, քո պես մարդիկ էլի՛ կան, ու․․․ ամեն մայրամուտ ազդարարում է մոտալուտ այգաբացը․․․ մի՛ երկնչիր, ամեն ինչ լա՛վ է լինելու»։

Կինոդիտմանը մասնակից բոլոր դատապարտյալների անունից երախտագիտությամբ՝

Մ. Մ. Մխիթարյան

ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ

Դատապարտյալների ինքնագործ մշակութային միավորման նախագահ

2023 թվականի հուլիսի 6

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2025 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.