2023 թվականի հուլիսի 12-ին, ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ի ինքնագործ մշակութային միավորման հրավերով հիմնարկ էր այցելել ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, գրականագետ, Ե. Չարենցի անվան գրականության թանգարանի երկարամյա ղեկավար Կարո Վարդանյանը։ Կազմակերպված հանդիպման շրջանակում հանդես գալով որպես բանախոս՝ Կարո Վարդանյանը ներկայացրեց 20-րդ դարասկզբի հայկական առօրյան, քաղաքական ու ռազմական միտքը, ֆիդայական շարժումները, զորավար Անդրանիկի անձնվեր պայքարն ու փառապանծ ուղին։
Միջոցառմանը ներկա ինքնագործ միավորման անդամ դատապարտյալների մեծ մասը, լինելով վերջին տարիներին «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կազմակերպվող դասընթացների մասնակիցներ, ծանոթ էին տվյալ ժամանակաշրջանի շնչին և այս տեսանկյունից պատրաստ էին հարցեր ուղղելու բանախոսին, ինչը ստեղծում էր անմիջական և ջերմ մթնոլորտ։
Փաստեր բերելով ականատեսների վկայություններից՝ Կարո Վարդանյանը ստեղծել էր հետաքրքիր մի միջավայր, երբ թեմայով հետաքրքրված լսարանը լարել էր ուշադրությունը` ավելին իմանալու ցանկությունը բավարարելու քաղցով։
Էրզրումից մինչ Սարիղամիշ, Առաքելոց վանքի կռվից մինչ Լոռվա լեռներ… և այս պատմական իրադարձությունները հառնում էին ներկաների մտքերում` դարձնելով նրանց մեր փառավոր հերոսների անցած ուղու ականատեսն ու վկան։
Հանդիպման ընթացքում Կարո Վարդանյանը լսարանին ներկայացրեց իր հեղինակած և կազմած վերջին հրատարակության` «Ռումբերով բացված ճանապարհ», «Պայթյուններ Թուրքիայում և… ոչ միայն», Գուրգեն Յանիկյանի «Բանտարկյալի օրագիրը» և այլ գրքեր, իսկ հանդիպման ավարտին գրքեր նվիրաբերեց հիմնարկի գրադարանին։
Դատապարտյալներն իրենց հերթին նվերներ էին պատրաստել հարգարժան մտավորականի համար` ձեռագործ աշխատանքներ կավից և ոչ միայն։
Ներկաները հրաժեշտ տվեցին Կարո Վարդանյանի հետ կրկին հանդիպելու ակնկալիքով, չէ՞ որ, ինչպես ինքը բանախոսն էր նշում, «այս թեման անսպառ է…»։
Յուրաքանչյուր հայ պետք է իմանա` որտեղի՞ց է գալիս և ուր է գնում, ու այս ճշմարտությունը գիտեն և դրանով են առաջնորդվում նաև «Արմավիր» ՔԿՀ-ի Ինքնագործ միավորման անդամները, ուստի նման հանդիպումները կլինեն շարունակական։
Մ. Մխիթարյան
ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ի
դատապարտյալների ինքնագործ մշակութային միավորման նախագահ