2023 թվականի հուլիսի 27-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալների ինքնագործ մշակութային միավորման հրավերով դատապարտյալներին էին հյուրընկալվել «Ֆիդայիներ» ռազմահայրենասիրական բարեգործական կազմակերպության նախագահ Սեյրան Չիլինգարյանը, կազմակերպության հոգեբան Քրիստինե Պետրոսյանը, իրավաբան Կորյուն Քիշմիրյանը և լրագրող, գրող, իրավապաշտպան Լուսինե (Լուսին) Ղազարյանը։
Ներկաները հանդես եկան մասնագիտական թեմատիկ բանախոսությամբ, որը վերածվեց մտերմիկ երկխոսության, ինչի արդյունքում դատապարտյալները ստացան իրավաբանական և հոգեբանական խորհրդատվություն, իսկ նման միջոցառման առաջին անգամ ներկաների մոտ փոխվեց դատապարտյալի մասին պատկերացումը՝ ամրագրվելով այն ճշմարտությունը, որ դատապարտյալները մեր ամենահասարակ քաղաքացիներն են, որոնք կյանքի ինչ֊որ փուլում հայտնվել են անազատության մեջ, մի բան, որից ապահովագրված չէ ոչ-ոք։ Նրանք էլ մարդիկ են, որոնց աչքերում որքան զրկանքի թախիծ կա, նույնքան էլ` ապագայի հանդեպ հավատի փայլ, ինչպես մեր օրերում ապրող ցանկացած գիտակից մարդու մոտ։
Ինչ վերաբերում է Սեյրան Չիլինգարյանին, ապա սա «Ֆիդայիներ» կազմակերպության նախագահի առաջին այցը չէր։ Ամիսներ առաջ էլ` մայիսի 12֊ին, Մշակույթի գործիչների միության երջանկահիշատակ նախագահ, հիմնարկի ինքնագործ միավորման ջերմ բարեկամ, գրող և ծաղրանկարիչ Գուրգեն Բալայանի ու գրող, երգիչ, երգահան Արսեն Համբարյանի հետ այցելել էր հիմնարկ, որի ընթացքում մեդալների ու պատվոգրերի էր արժանացրել մի շարք դատապարտյալների՝ հերթական անգամ ապացուցելով, որ գործը, անկախ նրանից, թե ով ինչ կարգավիճակում և որտեղ է անում, գնահատվում է։
Այս անգամ ևս Ս. Չիլինգարյանը դատարկաձեռն չէր եկել։ Մի շարք դատապարտյալներ կազմակերպության կողմից արժանացան խրախուսական պատվոգրերի, իսկ դատապարտյալ-նկարիչ, բազմաթիվ գրքերի նկարազարդող Դավիթ Խաչատրյանն արժանացավ «Հովհաննես Այվազովսկի» մեդալի։
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան հիմնարկի սոցիալական, իրավական և հոգեբանական բաժնի աշխատակիցներ Նորայր Գրիգորյանը, Հովհաննես Համբարձումյանը, ինչպես նաև ինքնագործ միավորման նախագահ Մուշեղ Մխիթարյանը։
Ն. Գրիգորյանը և Հ. Համբարձումյանը կարևորեցին նմանօրինակ հանդիպումները։ Միավորման նախագահը շնորհակալություն հայտնեց ներկաներին այցելության համար, քանի որ մարդկային ամենամեծ ռեսուրսը ժամանակն է, որը ներկաները չէին խնայել դատապարտյալների համար՝ հստակ գիտակցելով հասարակության դերն ու նշանակությունը դատապարտյալների կյանքում։
Ինչպես միշտ, այս անգամ ևս հյուրերն արժանացան հուշանվերների` դատապարտյալների ինքնագործ միավորման անդամների կողմից պատրաստված ձեռագործ աշխատանքների, որոնք դատապարտյալների անունից հյուրերին հանձնեց միավորման նախագահը։
Բովանդակային առումով հանդիպումը կառուցողական էր, որովհետև թե հյուրերը, թե ներկաները գիտեին` որտեղ են և ինչու։
Միջոցառման մասնակից հյուրերն ու բանախոսները հրաժեշտ տվեցին միմյանց` կրկին հանդիպելու ակնկալիքով և ինչու՞ միայն հիմնարկում․․․ Ի վերջո միշտ էլ կարելի է հանդիպել ու ջերմ զրույցի բռնվել լավ մարդկանց հետ ու սուրճ խմել Երևանի բանուկ փողոցների բացօթյա սրճարաններում։
Մ. Մխիթարյան
ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ի
դատապարտյալների ինքնագործ մշակութային միավորման նախագահ