2023 թվականի օգոստոսի 15-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Դատապարտյալների վերասոցիալականացման հնարավորություններ թղթի վրա, բայց ոչ կյանքում» թեմայով քննարկում։
Բանախոսներն էին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Ծովինար Թադևոսյանը, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի Վերականգնողական ծրագրերի և հանրակրթության բաժնի պետ Հասմիկ Հովակիմյանը և «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանը։
Ծովինար Թադևոսյանը նախ խոսեց վերասոցիալականացման մասին՝ նշելով, որ այն հասարակության մեջ ընդունված արժեքների, նորմերի յուրացումն է դատապարտյալների կողմից։ Քանի որ այս հասկացությունը շատ լայն է, քրեակատարողական օրենսգիրքն առանձնացրել է վերասոցիալականացման որոշ մեթոդներ։ Այդ մեթոդներից են աշխատանքը, ուսումնական գործընթացի մեջ ներառվելը, հոգեբանական, սոցիալական, իրավական բնույթի աշխատանքները, պատժի պայմաններն ու կարգը, արտաքին աշխարհի հետ կապը և այլն։
Նա մանրամասնեց, որ վերասոցիալականացումը դիտարկվում է 2 ինստիտուտների կիրառման դեպքում՝ պայմանական վաղաժամկետ ազատում և անվտանգության գոտու փոփոխություն։
Պատժից պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի գնահատման հիմքը բալային համակարգն է՝ սահմանված արդարադատության նախարարի հրամանով։ Յուրաքանչյուր ցուցիչի համար նախատեսված միավորների համագումարի արդյունքում դատապարտյալի վեաբերյալ կազմվում է դրական կամ բացասական զեկույց։ Նվազագույն շեմը 28 միավորն է։ 28 և ավել միավոր հավաքելու դեպքում դատապարտյալի վերաբերյալ կազմվում է դրական զեկույց, մինչև 28-ի դեպքում՝ բացասական։ Պրոբացիայի ծառայությունը ևս կազմում է զեկույց, որն ուղղված է դատապարտյալի՝ արտաքին աշխարհի և հետագայում հասարակության վերադառնալու հնարավորություններին։ Անձի՝ պայմանական վաղաժամկետ ազատման վերջնական որոշումը կայացնում են դատարանները։ Զեկույցներն ունեն խորհրդատվական նշանակություն։ Լինում է, երբ 2 դրական զեկույցի դեպքում անձը վաղաժամկետ չի ազատվում կամ 2 բացասական զեկույցի դեպքում վաղաժամկետ ազատվում են։
«Կրթության վերաբերյալ ևս համապատասխան միավոր է տրվում դատապարտյալին։ Եթե անձը կրթական գործընթացի մեջ է, դեռևս չի ավարտել, 2 միավոր է ստանում, եթե որակավորում ունի, ստանում է 3 միավոր։ Առաջիկայում նախատեսում ենք նախարարի հրամանում փոփոխություն կատարել։ Նպատակն է կրթական գործընթացի համար ավելի շատ միավորներ տրամադրել, և դրանք տարանջատել, որպեսզի կարճաժամկետ և երկարաժամկետ կրթական ծրագրերի համար տարբեր միավորներ ստանան։ Բալային համակարգը 2019 թվականից է գործում։ Այդ ժամանակ կրթական քիչ ծրագրեր կային։ 2019 թվականից հետո այս ուղղությամբ դրական փոփոխություններ են կատարվել։ Հետևաբար փոխձում ենք զեկույցի նախագծում տարբերակիչ չափորոշիչներ ներառել»,-մանրամասնեց Ծ․ Թադևոսյանը։
Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետի դիտարկմամբ՝ երբ անձը ջանք է գործադրում և մասնակցում է բոլոր հնարավոր ծրագրերին, ակնկալիքը մեկն է՝ կամ պայմանական վաղաժամկետ ազատվել, կամ առավել ցածր անվտանգային գոտի տեղափոխվել։ Այդ ծրագրերին մասնակցելով՝ դատապարտյալները կարծում են, որ արդեն վերասոցիալականացվել են և պատրաստ են առավել ցածր անվտանգային գոտի տեղափոխվել կամ հասարակություն դուրս գալ։ Դա կարող է սուբյեկտիվ գնահատական լինել։
«Իմ մոտեցումն այն է, որ չպետք է ընդհարնացված ձևով ասել, թե դատական համակարգը կամ դատախազությունը պատժողական քաղաքականության կրողն են։ Կարող են լինել մասնավոր դեպքեր։ Սակայն փաստ է, որ վերջին տարիներին ավելացել է պայմանական վաղաժամկետ ազատվող դատապարտյալների թիվը։ Դա փաստում է, որ դատավորները և դատախազները համակարծիք են և պետության որդեգրած քաղաքականությանը համընթաց են քայլում»,-նշեց բանախոսը։
Թադևոսյանի բնորոշմամբ՝ դատախազության կողմից թերահավատության կամ կրթական ծրագրերին դատապարտյալների մասնակցությունը ձևական որակելու պատճառներն էլ հասկանալի են, քանի որ տարիներ շարունակ շատ քրեակատարողական հիմնարկներում դասընթացներ չեն իրականացվել։ Հեռու մարզերի հիմնարկներում վերջին տարվա ընթացքում են սկսել ծրագրեր իրականացնել, ինչը շատ լուրջ և ժամանակատար գործընթաց է։ Դա ևս օրինաչափ է, քանի որ այդ դատապարտյալները մարդիկ են, ովքեր անգամ պատանեկության հասակում կրթությունը ստանալու հնարավորությունը բաց են թողել։
«Հասուն տարիքում ընկալելի դարձնելը, որ անհրաժեշտ է մասնակցել կրթական ծրագրերին ոչ թե զուտ միավոր ստանալու, այլ հասարակություն վերադառնալու, կրկնահանցագործություն չկատարելու համար, շատ դժվար է։ Կան մարդիկ, որ գործընթացից դուրս են գալիս կամ իրենց ցանկությամբ, կամ բացակաների պատճառով։ Մասնակցությունը ձևական է, թե ոչ, սկզբում հնարավոր չէ կանխատեսել։ Մոտեցումն այն է, որ ցանկություն ունեցող բոլոր դատապարտյալները ներգրավվեն։ Մասնակցության մոտիվացիան պարզվում է ընթացքում։ Ըստ անհրաժեշտության՝ քրեակատարողական ծառայությունը ևս միջամտում է՝ փորձելով կարգավորել առաջացած խնդիրները։ Սոցիալ-հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինն անմիջապես ներգրավված է գործընթացում, դիտարկում է դատապարտյալների հաճախելիությունը և ներգրավվածությունը կրթական գործընթացներին։ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը ծրագրերի ավարտից հետո յուրաքանչյուր դատապարտյալի վերաբերյալ բնութագիր է տալիս քրեակատարողական ծառայությանը, որպեսզի հնարավոր լինի դիտարկել ոչ միայն մասնակցությունը, այլև այն, թե ինչպես է մասնակցել։ Դա ներառում է ամփոփ տեղեկատվություն դատապարտյալի կրթական վիճակի բարելավման, վարքային փոփոխության վերաբերյալ»,-մանրամասնեց Ծովինար Թադևոսյանը։
Ինչ վերաբերում է առկա մարտահրավերներին, ապա, Թադևոսյանի գնահատմամբ, կրթական գործընթացը կազմակերպելն ինքնին մարտահրավեր է քրեակատարողական համակարգի համար։
«Նախ քրեակատարողական հիմնարկները չունեն համապատասխան տարածքներ։ Փորձում ենք այլ նշանակության համար ստեղծված տարածքները՝ ճաշարաններ, պահեստներ, վերանորոգել և դարձնել կրթական սենյակներ, մինչև նոր քրեակատարողական հիմնարկը կկառուցվի։ Մյուս մարտահրավերն այն է, որ թե դատապարտյալների, թե աշխատողների շրջանում ունենք գիտակցություն փոխելու խնդիր։ Մարզերի հիմնարկների համար կրթական ծրագրերը վերջերս ենք սկսել իրականացնել։ Շատ հաճախ արգելքների ենք հանդիպում։ Դատապարտյալների համար ընկալելի չէ, թե ինչու պետք է մասնակցեն այդ ծրագրերին, դրանք ինչ կտան իրենց։ Իսկ աշխատողների համար ընկալելի չէ, թե իրենք ինչու պետք է ջանք թափեն այդ ուղղությամբ։ Դատապարտյալների հետ բացատրական աշխատանքներ ենք կատարում, իսկ աշխատողների հետ խորհրդակցություններ ենք անցկացնում»,-եզրափակեց ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Ծովինար Թադևոսյանը։