Skip to content Skip to sidebar Skip to footer

«Արմավիր» ՔԿՀ-ում դատապարտյալներն ապրում են մշակութային շնչով

Հայաստանի մշակույթի գործիչների միության հետ համագործակցությամբ «Արմավիր» ՔԿՀ-ի ինքնագործ մշակութային միավորումը (նախագահ` Մուշեղ Մխիթարյան) ձեռնարկել է սեմինար դասընթաց, որը կրում է «Ազգային թատրոնը և բեմարվեստի հիմունքները» խորագիրը։ Նախաձեռնողը և սեմինարը վարողը միության պատվավոր անդամ, ինքնագործ միավորման նախագահ, դրամատուրգ Մուշեղ Մխիթարյանն է։

Քրեակատարողական ծառայության և «Արմավիր» ՔԿՀ-ի վարչակազմի և մասնավորապես սոցիալական, հոգեբանական և իրավական բաժնի աջակցությամբ, 2023 թվականի նոյեմբերի 1-ին մեկնարկեց դասընթացը, որն ըստ էության պիլոտային է։ Մասնակցության ցանկություն հայտնեցին միավորման անդամ 8 դատապարտյալ՝ Մարատ Սարգսյանը, Վալերի Թումասյանը, Անտոն Վարդանյանը, Մելսիկ Պողոսյանը, Օնիկ Կարապետյանը, Կարեն Դալլաքյանը, Վանիկ Կիրակոսյանը և տողերիս հեղինակը։ Դասընթացներն անցնում են շատ հետաքրքիր կերպով, ու, ասես մի պահ կտրվելով կաղապարող կարգավիճակից, սեմինարն անցկացնող մեր ընկերը դառնում է ուսուցիչ, իսկ մենք՝ մասնակիցներս` ուսանող։

Սա տեսակի մեջ եզակի բան է, որ քրեակատարողական հիմնարկում թատերական արվեստով զբաղվեն կամ առհասարակ ուսումնասիրեն այն։ Մինչ այս, անշուշտ, շատ անգամներ առիթ ենք ունեցել հանդիպումներ կազմակերպելու ինքնագործ միավորման շրջանակներում և հանդիպելու թատերական գործիչների հետ, սակայն սա մի այլ հարթություն է, որտեղ ինքներս ինչ-որ չափով դառնում ենք թատերական գործիչ։ Բայց սա ամենը չէ։ Սրան հաջորդելու են ավարտական միջոցառումը և ամենաիսկական ներկայացման բեմականացումը, որի թույլտվությունը վաղուց ստացել է ինքնագործ միավորումը և որին պատրաստվում է տևական ժամանակ։ Այստեղ տեղին է շեշտել, որ շնորհակալ գործ են անում մեր գործընկերներ հասարակական կազմակերպությունները, Հայաստանի մշակույթի գործիչների միությունը, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը, «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն և մյուս բոլորը, ովքեր աջակցում են այս նախաձեռնությանը։ Իսկ նախաձեռնությանն աջակցում են ո՛չ միայն կազմակերպություններ, այլև արվեստի նշանավոր գործիչներ՝ ինչպես խորհրդատվությամբ, այնպես էլ դեկորացիաների հայթհայթման հարցերով․․․

Թատերականացված միջոցառումը, որն ըստ նախնական տվյալների իրականացվելու է դեկտեմբերի 10-ից 15-ը ընկած ժամանակամիջոցում, կներկայացնի հայոց՝ շուրջ 2100 ամյա թատրոնի կյանքը՝ ծագումից՝ անկում, վերածննդից՝ մեր օրեր․․․ իսկ թե ինչպիսին է բուն սցենարը, հայտնի կդառնա միջոցառման ժամանակ, որին հրավիրվելու են պետական և հասարակական սեկտորի ներկայացուցիչներ՝ դատախազություն, պրոբացիայի ծառայություն, մշակույթի և արդարադատության նախարարություններ․․․

Հայաստանի մշակույթի գործիչների միությունը, որպես համագործակցող կառույց, դասընթացների ավարտին բոլոր մասնակիցներին կտրամադրի դասընթացի մասնակցության վկայականներ․․․

Սրան էլ եթե հավելենք այն հանգամանքը, որ մի շարք դատապարտյալներ, ովքեր ինքնագործ միավորման նախագահ Մուշեղ Մխիթարյանի միջամտությամբ, իրենց խեցեգործական ստեղծագործություններով մասնակցել են Ավստրալիայի ռուսական գրականության միջազգային ակադեմիայի «Մեզ ոգեշնչում են մեր մեծ նախնիների անունները» մրցույթին, սպասում են մրցույթի արդյունքների ամփոփմանը, կարող ենք համոզված ասել, որ «Արմավիր» ՔԿՀ-ում դատապարտյալներն ապրում են մշակութային շնչով։

Միանշանակ, ոգևորիչ են նաև քրեակատարողական հիմնարկի, քրեակատարողական ծառայության և արդարադատության նախարարության դրական վերաբերմունքը և աջակցությունն իրապես ազնիվ գործերի իրականացման հարցում։ Լիահույս ենք, որ ապագայում դեռ նոր նախաձեռնություններ կլինեն, իսկ արդեն եղածները կդառնան բարի ավանդույթ, մանավանդ, որ արդեն իսկ իրականացվող դասընթացի հանդեպ եղած հետաքրքրությունն օրավուր մեծանում է, և նորանոր դատապարտյալներ դիմում են՝ ծրագրին մասնակցելու խնդրանքով։

Վիտալիոս Խիոնիդիս

ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ի ինքնագործ միավորման անդամ, դաատապարտյալ

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2024 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.