Հայաստանում դատարանի կողմից սահմանված պատիժները և հարկադրանքի այլ միջոցները կատարվում են Քրեակատարողական օրենսգրքի համաձայն, որը սահմանում է քրեակատարողական օրենսդրության նպատակները և խնդիրները։ Նույն օրենսգիրքը սահմանում է, որ պատիժների կատարումը, դատապարտյալի նկատմամբ քրեաիրավական ներգործության այլ միջոցների կիրառումը, ինչպես նաև իրավաբանական անձի նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցների կիրառումը կարգավորվում են դրանց կատարման կամ կիրառման պահին գործող քրեակատարողական օրենսդրությամբ։
Այսինքն՝ այսօր իմ՝ դատապարտյալիս նկատմամբ կիրառվում են այսօր, այս պահին ընդունված, վավերացված և գործող քրեակատարողական օրենսգրքի դրույթները։ Եթե Հայաստանի կառավարությունը որոշի վաղն ընդունել, վավերացնել և գործածության մեջ դնել մեկ այլ քրեակատարողական օրենսգիրք, ապա իմ նկատմամբ պետք է շարունակի գործել այսօրվա քրեակատարողական օրենսգիրքը՝ իր հոդվածներով, դրույթներով, պայմաններով ու նպատակներով։ Այսօրվա և վաղվա՝ նոր և հին քրեակատարողական օրենսգրքերի համապատասխանեցումը պետք է իրականացվի նոր և հին քրեակատարողական օրենսգրքերի հավասարազոր, նույն պայմանները, իրավունքները, պարտականությունները և հնարավորությունները նախատեսող դրույթներով։
Նույն քրեակատարողական օրենսգիրքը սահմանում է, որ պատիժների կատարման և քրեաիրավական ներգործության այլ միջոցների կիրառման կարգն ու պայմանները խստացնելուն ուղղված կամ դատապարտյալի վիճակն այլ կերպ վատթարացնող դրույթները հետադարձ ուժ չունեն։ Նույնն ամրագրված է նաև Սահմանադրությամբ։ Օրենքների օրենք, Հայաստանի բոլոր հնարավոր օրենքների մայր՝ Սահմանադրությունն ամրագրում է, որ անձի իրավաբանական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն։ Այսինքն, թե՛ քրեակատարողական օրենսգիրքը, թե՛ Սահմանադրությունը պահանջում են, որ վաղը ուժի մեջ մտնող քրեակատարողական օրենսգրքի ցանկացած դրույթ, որը կարող է վատթարացնել իմ վիճակը, չպետք է կիրառվի իմ նկատմամբ։ Սա այն է, ինչ գրված է և այն է, ինչ պետք է գործի, սակայն գործնականում մեզ մոտ կատարվում է հակառակը։
Գործնականում մենք ունենք հետևյալ պատկերը։ Մենք՝ դատապարտյալներս, հետևելով հին քրեակատարողական օրենսգրքին, անցնելով այն վերասոցիալականացման ծրագրերը, որոնք թույլատրվում էին, նախատեսված էին և հնարավոր էր իրականացնել, ստանալով կրթություն, ձևավորեցինք դրական վարքագիծ, ինչի շնորհիվ արժանացանք կիսաբաց ռեժիմի պայմաններում պատիժ կրելու հնարավորությանը։ Այդ ամենը կատարվեց հին քրեակատարողական օրենսգրքի օրոք։ Ըստ այդ հին քրեակատարողական օրենսգրքի՝ կիսաբաց ռեժիմում համապատասխան ժամանակահատվածում մեր պատիժը կրելուց հետո, անցնելով կիսաբաց ռեժիմին համապատասխանող վերասոցիալականացման ծրագիրը, մեր հաջորդ քայլը պետք է լիներ բաց ռեժիմում պատիժ կրելու հնարավորությունը։ Բայց կատարվեց այն, ինչ խաթարեց մեր ամբողջ ընթացքը։ 2022 թվական հուլիսի 1-ին ուժի մեջ մտավ նոր քրեակատարողական օրենսգիրքը, որն արդեն նախատեսում էր ռեժիմային այլ գոտիներ և այլ պայմաններ։ Եթե հին քրեակատարողական օրենսգրքի համաձայն մենք, մեր պատիժը կրելով փակ, կիսափակ ապա կիսաբաց ռեժիմում, ձգտում էինք բաց ռեժիմի, ապա նոր քրեակատարողական օրենսգիրքը սահմանեց նոր «խաղի պայմաններ»։
Նոր քրեակատարողական օրենսգրքի համաձայն՝ առաջ քաշվեցին 3 ռեժիմային գոտիներ՝ բարձր անվտանգային, միջին անվտանգային և ցածր անվտանգային գոտիներ, որոնց մեջ ներդրվեցին երկուական պայմաններ՝ խիստ և մեղմ։ Այսպիսով, հին քրեակատարողական օրենսգրքով նախատեսված 4 (չորս) ռեժիմային գոտիները համապատասխանեցվեցին նոր քրեակատարողական օրենսգրքի 6 ռեժիմներին, կամ ինչպես ընդունված է ասել 3 անվտանգային գոտիներին՝ իրենց խիստ և մեղմ պայմաններով։
Մեր՝ կիսաբաց ռեժիմում գտնվող դատապարտյալների ռեժիմը համապատասխանեցվեց միջին անվտանգային գոտու մեղմ պայմաններին, որին, ըստ նոր քրեակատարողական օրենսգրքի, հետևում էին ցածր անվտանգային գոտու խիստ, ապա մեղմ պայմանները։ Ընդ որում, միջին անվտանգային գոտու մեղմ պայմանները և նրանց անմիջապես հետևող ցածր անվտանգային գոտու խիստ պայմանները իրարից էապես չեն տարբերվում։ Այդ երկու «ռեժիմների» միջև ընդամենը երկու տեսակցության տարբերություն է։ Հին քրեակատարողական օրենսգրքի բաց ռեժիմի պայմանը համապատասխանեցվեց նոր քրեակատարողական օրենսգրքի ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններին։ Այսպիսով, մենք հերթական անգամ խաբվեցինք և կիսաբաց (միջին անվտանգային գոտու մեղմ պայմաններ) ռեժիմից հետո, բաց (ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններ) ռեժիմ անցնելու համար առաջ քաշվեց գոտի՝ ցածր անվտանգային գոտու խիստ պայմաններ։ Փաստացի նոր քրեակատարողական օրենսգրքով առաջ քաշվեց մի գոտի, որը հին քրեակատարողական օրենսգրքի համեմատությամբ հեռացրեց մեզ բաց ռեժիմից և այդ գոտին ցածր անվտանգային գոտու խիստ պայմանն է։ Դա մեր վիճակը վատթարացնող դրույթ է, որը ըստ նոր քրեակատարողական օրենսգրքի և Մայր Օրենքի ոչ թե չպետք է, այլ արգելված է կիրառել մեր պարագայում։ Սակայն կիրառողներն անտեղյակ են, կա՛մ անտեսում են, կա՛մ արհամարհում են թե նոր քրեակատարողական օրենսգրքի, թե՛ Սահմանադրության համապատասխան դրույթները։
Դա խնդիր է, որը միգուցէ, երկրի համար աննշան և անկարևոր խնդիր է, բայց եթե նման աննշան և անկարևոր խնդրի պարագայում խախտվում է Մայր Օրենքը, ապա ի՞նչ սպասել լուրջ, կարևոր և նշանավոր խնդիրների պարագայում։
Այս ամենը դեռ մեդալի մի կողմն է։ Քրեակատարողական հիմնարկները և Դատարանները խախտում են Սահմանադրության համապատասխան հոդվածը։ Իսկ այն խախտելով՝ ինքնաբերաբար խախտվում կամ ոտնահարվում են Մայր Օրենքի մի շարք հոդվածներ, որոնք վերաբերում են իրավական նորմերի աստիճանակարգությանը, համաչափության և որոշակիության սկզբունքներին։ Ըստ այդմ․
- Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, իսկ օրենսդրական կամ ենթաօրենսդրական իրավական ակտերը պետք է համապատասխանեն սահմանադրական օրենքներին։ Դա նշանակում է՝ ցանկացած օրենք, ակտ, վճիռ, վարչապետի, նախարարի կամ այլ պաշտոնյայի՝ ընդհուպ մինչև գյուղապետի և կոլխոզի նախագահի, որոշումը պետք է հիմնվի միայն ու միայն Սահմանադրության վրա։
- Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրության սահմանված նպատակին հասնելու համար։ Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությունը։ Դա նշանակում է, որ մեր՝ դատապարտյալներիս նկատմամբ կիրառվող պատժի ձևերը, միջոցները, բնույթը, պայմանները և այլն, պետք է հետապնդեն միայն մեկ նպատակ՝ կատարել Սահմանադրության պահանջները, Սահմանադրությունից բխող օրենքները և օրենսդրական ակտերը։ Ինչպես նաև վերոնշված պատժի ձևերը, միջոցները, բնույթը, պայմանները և այլն, պետք է համաչափ լինեն մեր նկատմամբ կիրառվող սահմանափակման իրավունքին և ազատության նշանակությունը։
- Հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորել համապատասխան վարքագիծ։ Դա նշանակում է՝ մեր կատարած արարքի հետևանքով մեզ դատապարտելիս, մեր նկատմամբ պատժի ձևեր, միջոցներ, պայմաններ և այլ դրույթներ սահմանելիս, օրենքները, որոնց կիրառմամբ մեզ դատապարտել են, պետք է կոնկրետ նկարագրեն այդ սահմանափակման հիմքերը և ծավալը, լինեն կոնկրետ, հստակ, որպեսզի մենք՝ դատապարտյալներս, լինելով ոչ իրավաբան և ոչ էլ իրավագետ, կարողանանք ամբողջովին հասկանանք, թե ինչ է մեզանից պահանջվում, ինչ պետք է անենք, հստակ իմանանք մեր պարտականությունները, իրավունքները և պարզ իմանանք այն ճանապարհը, որով կարող ենք արժանանալ ազատության։
Իսկ այժմ մեդալի մյուս կողմը։ Մեզ՝ դատապարտյալներիս կիսաբաց ռեժիմի պայմաններում պատիժ կրելու ընթացքում, կիրառելով նոր քրեակատարողական օրենսգրքի անցումային դրույթները, նշանակեցին միջին անվտանգային գոտու մեղմ պայմաններում պատիժ կրելու հնարավորություն, ինչից հետո տեղափոխեցին համապատասխան քրեակատարողական հիմնարկ։ Այստեղ առաջացավ մեկ այլ խնդիրների շարան։ Նախ, ըստ նոր քրեակատարողական օրենսգրքի՝ դատապարտյալը կարող է տեղափոխվել ցածր անվտանգային գոտի, եթե դատապարտվել է ցմահ ազատազրկման և պատիժը կրում է միջին անվտանգային գոտում՝ նշանակված պատժի առնվազն 20 տարին կրելուց հետո։ Սա այն դրույթն է, որով մենք առաջնորդվելով կատարում ենք մեր առջև դրված բոլոր պայմանները, պահանջները, որպեսզի կարողանանք անցնել դեպի ազատություն տանող ճանապարհը։ Սակայն հասնելով այս կետին՝ մենք բախվում ենք մի պատի, որը կոչվում է ՀՀ արդարադատության նախարարի 2022 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 548 հրաման։
Այդ հրամանը, որը սահմանում է վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի ձևավորման, գործունեության կարգը, անհատական կազմը, վերասոցիալականացման աշխատանքների գնահատման մեթոդները և չափանիշների հաստատումը, պարունակում է մի բաժին, որով կատարում են վերասոցիալականացման աշխատանքների գնահատման մեթոդները և չափանիշները։ Այդ բաժնի որոշ կետեր իսպառ վերացնում են մեր առաջխաղացումը, քանի որ պարունակում են ի սկզբանե անփոփոխ պահանջներ։
Նախ և առաջ, հարգելի ընթերցող, մեր կատարած առանձնապես ծանր հանցագործությունը երբեք չի դառնա մեղմ կամ միջին ծանրության։ Երեք տասնյակ տարիներ պատիժ կրելու ընթացքում մենք ընդունել, գիտակցել և զղջացել ենք մեր արարքի համար։ Չնայած այն բանին, որ Ձեր աչքերում մենք մինչ օրս մնացել ենք այն նույն երիտասարդները, որոնք հանցանք ենք գործել, բայց դուք մոռանում եք մի կարևոր բան։ Մեր հանցանք կատարած օրվանից երկար տարիներ են անցել, մենք այլևս նույնը չենք։ Մենք ասելով՝ ես նկատի ունեմ Ձեզ և Մեզ։ Արարքի ծանրությունը անփոխարինելի է և կրկին անգամ, շարունակաբար պատժել մեզ այդ արարքի համար, պարզապես անարդար է։
Եվս մի կետ, որը նույնպես արգելում է մեզ շարժվել առաջ, պատժի կրման ընթացքում ստացած տույժերի առկայությունն է։ Որևէ մեկը երբևիցե չի կարող վերադառնալ անցյալ և ուղղել նախկինում ստացած տույժերը։ Չնայած այն բանին, որ այդ տույժերի համար մենք՝ ներքին կանոնակարգով սահմանված եղանակով, պատասխանատվության ենք ենթարկվել և օրենքով նախատեսված վերջին 5 տարվա ընթացքում չարամիտ խախտում չենք կատարել և տույժերի չենք ենթարկվել, բայց, այնուամենայնիվ, նախկինում ունեցած տույժերի համար մենք կրկին պատասխանատվության ենք ենթակվում:
Այդ իրավիճակը նման է ընկած մարդուն նորից հարվածելուն։ Կրկին և կրկին հարվածել մարդուն նրա համար, որ ընկել է և թույլ չտալ, որ ոտքի կանգնի։ Անվերջ մեղադրել նրան այն բանի համար, որ նա կյանքում մեկ անգամ սայթաքել է և վայր է ընկել։ Չներել նրան կյանքում գործած մեկ սխալը։ Նման պայմաններում արդեն անիմաստ է խոսել մարդասիրությունից, ներողամտությունից, իրար օգնելուց և սատարելուց, ցավակցելուց և մարդկային արժանապատվությունից։
Այդ նույն հրամանի հոդվածներից մեկը պահանջում է, որ վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի եզրակացությունը պետք է պատճառաբանված և հիմնավորված լինի։ Եվ այս պարագայում միակ պատճառաբանումը դառնում է մեր կողմից կատարած առանձնապես ծանր հանցագործությունը և տասնյակ տարիներ առաջ ունեցած տույժերը, որոնք հիմնավորվում են և պատճառ են դառնում, որ մենք, տեղում դոփելով, մնում ենք կիսաբաց ռեժիմում՝ նույն ինքը միջին անվտանգային գոտու մեղմ պայմաններում, և ոչ մի ձև չենք կարողանում անցնել դեպի ավելի մեղմ՝ ցածր անվտանգային գոտի։
Խնդիրների շարանը կցանկանայի ավարտել ևս մի գործընթացի նկարագրությամբ։ Հայաստանի օրենսդրությունը նախատեսում է, որ եթե դատապարտյալը հետևում է Կառավարության կողմից մշակված և ներդրված քաղաքականությանը և ռազմավարությանը՝ ուղղված դատապարտյալի վերասոցիալականացմանը և համապատասխանում է վերասոցիալականացման չափորոշիչներին, ապա հնարավորություն է ստանում պայմանական վաղաժամկետ ազատ արձակվել։ Տվյալ գործընթացի ժամանակ երկու կառույց՝ Քրեակատարողական ծառայությունը և Պրոբացիայի ծառայությունը կազմում են զեկույցներ, որոնցով դրական կամ բացասական դիրքորոշում են հայտնում պայմանական վաղաժամկետ ազատ արձակման վերաբերյալ։
Քրեակատարողական ծառայության հետ ամեն ինչ պարզ է։ Նա ունի հստակ չափորոշիչներ, որոնց հետևելով և բալային համակարգ կիրառելով, գնահատում է մեր վերասոցիալականացման մակարդակը և միավորների գումարման արդյունքում տալիս է մեր պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ դրական կամ բացասական եզրակացություն։ Մենք՝ ցմահ ազատազրկման դատապարտյալներս, այդ բալային սանդղակով հավաքում ենք միջինը 32-33 միավոր այն դեպքում, երբ դրական եզրակացություն ստանալու համար նվազագույն միավորը 28 է։ Սակայն, Պրոբացիայի ծառայության գործունեությունը մեզ համար գաղտնիք է և մութ անտառ։
Բացի նրանից, որ ծառայությունը չունի չափորոշիչների և գնահատման կոնկրետ եղանակ, այն նաև միշտ մեր վերաբերյալ տալիս է բացասական եզրակացություն։ Ներկայացնելով Քրեակատարողական ծառայության զեկույցի կրկնօրինակը և ավելացնելով նրա մեջ երկու-երեք դրույք՝ Պրոբացիայի ծառայությունը ավարտում է իր զեկույցը հետևյալ կերպ․ «․․․քանի որ դատապարտյալի մոտ առկա է կրկնահանցագործության բարձր ռիսկայնություն, ուստի եզրաակացությունը բացասական է»։ Նման եզրակացության հիմքում կրկին անգամ ընկած է այն նույն չարաբաստիկ պատճառաբանությունը՝ առանձնապես ծանր հանցանքը։
Այս բոլոր գործընթացների մեջ մեզ հետապնդում է մի անփոփոխելի պայման՝ մեր արարքի հետևանքով տուժողի իրավահաջորդի դիրքորոշումը։ Նույնիսկ եթե մենք ինչ-ինչ եղանակով կարողանում ենք հարթել դատարանի կողմից նշանակված, տուժողին հասցված նյութական կամ ֆինանսական վնասը, միևնույն է, Պրոբացիայի ծառայությունը տուժողի իրավահաջորդի կարծիքը պարզելու նպատակով զանգահարում է տուժող կողմին և հայտնում՝ «Ձեր բարեկամին սպանողը դիմել ա դատարան, որ պայմանական վաղաժամկետ ազատվի։ Ուզո՞ւմ եք, թե չէ՞»։ Չնայած մեր պատժի կրման ընթացքում հենց Պրոբացիայի ծառայությունն է, որ պարտավոր է տարիների ընթացքում մեր և տուժող կողմի միջև հաշտեցման որոշակի քայլեր գործադրել, բայց այս հարցում, ինչպես և պետությունը, մեզ մենակ թողեց։
Եվ այս ամբողջ իրավիճակում դատարանը, բնականաբար, կայացնում է որոշում՝ մերժելով մեր պայմանական վաղաժամկետ ազատումը՝ միաժամանակ հայտնելով, որ մեր պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելը հնարավոր է միայն այն դեպքում, եթե մենք գտնվենք ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում (բաց ռեժիմ), որպեսզի գործնական եղանակով կարողանանք ցույց տալ մեր վերասոցիալականացման բավարար մակարդակը և հասարակության համար անվտանգ և պիտանի մարդ լինելը։
Այսինքն, կրկին անգամ բարձրացվում են այս հոդվածի սկզբում բարձրաձայնած խնդիրները։