Ընթացիկ տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեղի Ինքնագործ մշակութային միավորման նախաձեռնությամբ և Հայաստանի մշակույթի գործիչների միության օժանդակությամբ տեղի ունեցավ «Ազգային թատրոնը և բեմարվեստի հիմունքները» խորագրով դասընթաց-սեմինար։
Դասընթացին մասնակցում էին միավորման անդամ ութ դատապարտյալներ․ այն վարում էր մտահղացման հեղինակ, Հայաստանի մշակույթի գործիչների միության վարչության անդամ, Ռուսաստանի գրողների միության անդամ, ՔԿՀ ինքնագործ մշակութային միավորման նախագահ Մուշեղ Մխիթարյանը։
Դասընթացին հաջորդեց «հաշվետու» թատերականացված միջոցառումը, որը տեղի ունեցավ դեկտեմբերի 15-ին՝ «Արմավիր» ՔԿՀ-ում։ Ըստ էության, միջոցառումը յուրօրինակ մի ներկայացում էր, որտեղ գործող անձերի մեծամասնությունը թատրոնի հետ ինչ-որ չափով կապ ունեցող պատմական կերպարներ էին։ Հենց այս կերպարների` հույն պատմիչ Պլուտարքոսի, հայոց արքա Արտավազդ Երկրորդի, Խորեն եպիսկոպոս Ստեփանեի, Պետրոս Ադամյանի, Կոնստանտին Ստանիսլավսկու, Անտոն Չեխովի, Ռուբեն Զարյանի, շեքսպիրյան հերոս Համլետի, «Կատակերգության» և «Ողբերգության» շուրթերով հանդիսականին ներկայացրին հայոց 2000 ամյա թատրոնի անցած ողջ ուղին։
«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նշեց.
– Ինձ համար կարևոր գործոնն այն էր, որ դատապարտյալներն ունեն ինքնադրսևորվելու հնարավորություն, այսինքն` քրեակատարողական հիմնարկի աջակցությամբ ստեղծվել է այնպիսի՛ հնարավորությունների դաշտ, որ դատապարտյալները կարողանան իրենց ունակությունները ցույց տալ և փոխանցել մյուսներին։ Նշյալ միջոցառման կազմակերպիչը՝ Մուշեղ Մխիթարյանը, մշակութային գործիչ է․ մարդ, ով տիրապետում է բեմարվեստին ու ընդհանրապես՝ արվեստի պատմությանը, և կարևոր է, որ գիտելիքների փոխանցման ինստիտուտ է ձևավորվում` ի դեմս Ինքնագործ միավորման։ Նման նախաձեռնությունները դատապարտյալների համար արդյունավետ զբաղվածություն են ապահովում, նրանք զերծ են մնում բացասական ազդեցություններից, իսկ միտքը զբաղված է լինում արդյունավետ գործունեությամբ։ Սա, իհարկե, դրական է անդրադառնում հետագայում նրանց գործերի վրա՝ պայմանական վաղաժամկետի ժամանակ, նաև անվտանգության գոտիները կամ գոտիների պայմանները փոխելու հարցում, այսինքն` դրական բնութագրի, խրախուսանքի հիմք է։ Այս միջոցառմանը մասնակցում էին համակարգի մի շարք ներկայացուցիչներ` քրեակատարողական ծառայությունից, պրոբացիայի ծառայությունից, իսկ դա դրական է այն առումով, որ դատապարտյալները կարող են աչքի ընկնել և, իհարկե, օրինակ ծառայել այլ դատապարտյալների համար։ Առհասարակ, դրական է, որ քրեակատարողական հիմնարկը կապեր է ստեղծում մշակութային կազմակերպությունների ու անհատ գործիչների հետ։ Սա նպաստում է, որ դատապարտյալները հնարավորինս մոտ լինեն հասարակությանը, իսկ հասարակության կարծրատիպերը քրեակատարողական հիմնարկներր և դրանցում պահվող անձանց մասին` կոտրվեն։
Աղբյուրը՝ «Ավանգարդ» թերթ