Skip to content Skip to sidebar Skip to footer

«Դատապարտյալների մտահոգությունները ևս օբյեկտիվ են». Նարե Հովհաննիսյան

2023 թվականի դեկտեմբերի 13-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Պատժել պետք չէ ներել. որտե՞ղ է պետությունը դնում ստորակետը» թեմայով քննարկում։ Բանախոսներն էին ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Ծովինար Թադևոսյանը, «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանը և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի Իրավական բաժնի համակարգող Անի Չատինյանը։

Նարե Հովհաննիսյանը չհերքեց, որ համակարգում կան դրական փոփոխություններ: Անդրադառնալով հացադուլ հայտարարած ցմահ դատապարտյալներին՝ նշեց, որ նրանք կիսափակ ռեժիմներից տեղափոխվել են կիսաբաց ռեժիմ, ինչը մեծ տեղաշարժ էր նրանց պատժի կրման պատմության մեջ։ Վերասոցիալականացման քաղաքականության սկզբունքները կյանքի կոչելու համատեքստում կարևոր ձեռքբերում էր այն, որ նրանք տեղափոխվել են «Սևան» ՔԿՀ: Բանախոսը չժխտեց, որ միգուցե դատապարտյալների ակնկալիքներն են ավելացել, քանի որ իրենց պատժի կրման վրա տեսնում են այն դրական ազդեցությունները, որոնց հնարավորությունն իրենք տարիներ շարունակ չեն ունեցել։

Ինչ վերաբերում է հարցի մյուս կողմին, ապա Ն․ Հովհաննիսյանը նշեց, որ ոչ պակաս օբյեկտիվ են նաև դատապարտյալների մտահոգությունները: Քրեակատարողական նախկին օրենսգրքով նախատեսված էր պատժի կրման 4 ռեժիմ՝ փակ, կիսափակ, կիսաբաց և բաց: Հացադուլ հայտարարած դատապարտյալները հայտնվել էին կիսաբաց ռեժիմում և իրենց պատժի մեղմացման վերջին փուլին անցնելուն մնացել էր մեկ քայլ: Վարքագծում դրական դինամիկայի դեպքում հաջորդ փուլը լինելու էր բաց ռեժիմը: Ըստ Քրեակատարողական նոր օրենսգրքի՝ նախատեսված են անվտանգության 3 գոտիներ կան՝ ցածր, միջին, բարձր: Յուրաքանչյուրն իր հերթին ունի 2 պայման՝ խիստ և մեղմ:

«Հացադուլ հայտարարած դատապարտյալներից երկուսն են, որ ցածր անվտանգային գոտու խիստ պայմաններում են։ Մյուսները միջին անվտանգային գոտու մեղմ պայմաններում են: Նախկին Քրեակատարողական օրենսգրքի տրամաբանությամբ՝ երկու դեպքում էլ նրանք կիսաբաց ռեժիմին են համապատասխանում, բայց փաստացի անցումները կրկնապատկվել են, քանի որ կիսաբացին համապատասխանում են միջինի մեղմը և ցածրի խիստը: Այդ երկուսից հետո պետք է անցնեն ցածրի մեղմին, որը համպատասխանում է բաց ռեժիմին։ Հացադուլ հայտարարած դատապարտյալների մտահոգություն այն էր, որ դա ինչ-որ առումով դա վատթարացրել է իրենց վիճակը, քանի որ եթե նախկինում մնում էր մեկ քայլ այդ անցումը կատարելու համար, հիմա պետք է կատարեն 2-3 անցում՝ մինչև հայտնվեն ավելի մեղմ պայմաններում»,-մանրամասնեց բանախոսը։

Հովհաննիսյանը հավելեց, որ բաց ռեժիմ կամ ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում պատիժ կրելն ավելի նախընտրելի է, քանի որ այնտեղ արձակուրդ գնալու ու հիմնարկից դուրս աշխատելու հնարավորություններն ավելի շատ են: Սակայն դատապարտյալներին նաև մտահոգում է այն, որ միջին անվտանգային գոտու մեղմ և ցածր անվտանգային գոտու խիստ պայմաններն օրենսգրքով տարբերակված են, բայց դրանց տարբերությունները շատ չեն, կա 2 տեսակցության տարբերություն: Այսինքն, էական տարբերություններ կարծես թե չկան, բայց գործընթացը կրկնապատկվում ու եռապատկվում է, ինչն իրենցից հավելյալ ջանքեր է պահանջում։

Նա ավելացրեց, որ մտահոգությունների մյուս մասը կապված է վերասոցիալականացման գործընթացի հետ: Ըստ բանախոսի՝ ավելի շատ ուշադրություն է դարձվում «Արմավիր» ՔԿՀ-ին, ռեսուրսներն այնտեղ են կենտրոնացվում, հիմնարկի աշխատակազմը պատրաստված և փորձառու են։ Դա ոչ համաչափ պայմաններ է ստեղծում «Արմավիր»-ի և մյուս քրեակատարողական հիմնարկների միջև, որոնք տուժում են այն առումով, որ գործընթացն այնտեղ նույն ինտենսիվությամբ առաջ չի գնում։ Դատապարտյալները նշում են, որ իրենց հետ «Արմավիր» ՔԿՀ-ում բավականին աշխատանք է կատարվել, իրենց համար առաջընթաց պետք է լինի «Սևան» ՔԿՀ-ը տեղափոխվելը, սակայն այնտեղ գործընթացը պետք է նորից սկսեն, մինչև պատժի մեղմացման փուլերը հերթականությամբ հաղթահարեն։ Նշում են, որ նույն վարքագծի դեպքում «Արմավիր» ՔԿՀ-ում վերասոցիալականացման և տեղաբաշխման հանձնաժողովների եզրակացությունները դրական են եղել, իսկ «Սևան» ՔԿՀ-ում՝ ոչ։

Այդ համատեքստում բանախոսը խոսեց այն մասին, թե պատժի պայմաններն ինչպես են անդրադառնում դատապարտյալների հոգեբանության վրա։ Հացադուլ հայտարարած անձինք մյուս հիմնարկներում 20-ից ավել տարիներ պատիժ են կրել խցային պայմաններում։ Նրանք 40-ն անց տղամարդիկ են, որոնք տարիքային հասունացման վաղ փուլում են հայտնվել քրեակատարողական հիմնարկներում։ Մարդիկ սովորել են մենակ մնալուն։ «Արմավիր» ՔԿՀ-ում մասնաշենքերից մեկը հարմարեցված էր կիսաբաց ռեժիմին, բայց պայմանները դարձյալ խցային էին։ Կային դատապարտյալներ, ովքեր իրենց իսկ ցանկությամբ մենակ էին մնում խցում։ Դա անձի մեջ կենսապայման է ձևավորել։ «Սևան» ՔԿՀ-ն կացարանային պայմաններ է առաջարկում, ինչը դրական է համակեցության և սոցիալական շփումներն ամրապնդելու տեսանկյունից։ Անձը ստիպված չէ անորոշ ժամկետով 24-ժամյա գրաֆիկով մենակ մնալ խցում, այլ շփվելու հնարավորություն ունի։ Սակայն նրանք դժվարությամբ են համակերպվում կացարանային պայմաններին, իրենց հարմարավետության գոտում չեն։ Հոգեբանական անցման խնդիրները ևս «Սևան» ՔԿՀ-ում են արտահայտվում, որն արտաքին աշխարհի հետ կապի և պատժի մեղմացման տեսանկյունից ավելի լավ պայմաններ է առաջարկում։

Բանախոսի դիտարկմամբ՝ մտահոգիչ է այն, որ դատապարտյալների վերասոցիալականացման դինամիկան գնահատելու գործիքակազմ առկա չէ։ Հետևաբար դժվար է գնահատել՝ որևէ միջացառման մասնակցելը որքանով է նպաստում անձի վերասոցիալականացմանը։

«Քրեակատարողական հիմնարկներում մասնակցելով տարբեր միջոցառումների՝ նկատում եմ, որ երբեմն դատապարտյալը պայման է դնում աշխատակցի առջև, որ եթե ինքն այդ միջոցառմանը մասնակցի, դա կօնգի, որ իրեն դրական եզրակացություն տան։ Հակառակ դեպքում հրաժարվում է մասնակցել»,-նշեց բնախոսը։

Առկա իրավիճակն անկանխատեսելի է դարձնում, թե դեռևս որքան ժամանակ անձինք պետք է ցմահ ազատազրկման մեջ մնան։ Դժվար է պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք անձանց շարունակելով պահել ցմահ ազատազրկման մեջ՝ պետությունը հասել է նրանց պատժի նպատակների իրականացմանը։

Բանախոսի դիտարկմամբ՝ մինչ օրս պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդության հիմքով ազատ է արձակվել 2, պայմանական վաղաժամկետ՝ 4 ցմահ դատապարտյալ, գերակշիռ մեծամասնությունը՝ 2018 թվականից հետո։ Իրենց բողոքներում դատապարտյալները խոսել են նաև պայմանական վաղաժամկետ ազատման հետ կապված խնդիրների մասին։ Նրանք իրենց ակնկալիքները կապում են պատժի կրման պայմանների մեղմացման հետ, քանի որ վերջին տարիներին համոզվել են, որ դա իրենց համար ավելի կանխատեսելի է, քան պայմանական վաղաժամկետ ազատվելը։

Հաջորդ մտահոգությունը կապված է տուժողի կամ նրա իրավահաջորդի հետ հաշտեցման գործընթացին։ Ն․ Հովհաննիսյանը նշեց, որ վերջին տարիներին քայլեր ձեռնարկվում են հաշտարարության ինստիտուտի ներդրման և զարգացման ուղղությամբ, բայց՝ Պրոբացիայի ծառայությունում։ Քրեակատարողական ծառայությունն այդ գործընթացն իրականացնելու օրենսդրական և գործնական գործիքակազմեր չունի։ Տարիներ շարունակ այդ ուղղությամբ չեն աշխատում դատապարտյալի հետ, և երբ քննարկվում է նրա պայմանական վաղաժամկետ ազատման հարցը, տուժողի կամ նրա իրավահաջորդի հետ հաշտված չլինելու գործոնը բացասաբար է անդրադառնում գործընթացին։   

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2024 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.