«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն մասնակցել է Իմփաքթ Հաբ Երևանի կազմակերպած ամանորյա տոնավաճառին, որը տեղի ունեցավ 2023 թվականի դեկտեմբերի 16-ին։
«Ձեռք տո՛ւր, հասարակություն» խորագրի ներքո կազմակերպությունը տոնավաճառին ներկայացրել է 1 նախկին ցմահ դատապարտյալի, «Աբովյան», «Արմավիր», «Սևան» և «Վարդաշեն» ՔԿՀ-ների 9 դատապարտյալի (որից 2-ը՝ կին, 6-ը՝ ցմահ դատապարտյալ) և 1 կալանավորված անչափահասի փայտից, կավից և այլ նյութերից պատրաստված ստեղծագործական աշխատանքները՝ զարդատուփեր, մոմակալներ, կենցաղային իրեր, ժամացույցներ և այլ հուշանվերներ, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկում պատրաստված հայկական գաթա։
2022 թվականին կազմակերպվել էր դատապարտյալների ստեղծագործական աշխատանքների ցուցահանդես-վաճառք։ Կազմակերպիչների խոսքով՝ նախաձեռնությունը կայացել էր։ Ավելին, դա Հայաստանի պատմության մեջ նախադեպային միջոցառում էր, քանի որ առաջին անգամ այդ աշխատանքները դուրս էին բերվել քրեակատարողական հիմնարկներից և հանրությանը հասանելի դարձել։ Ընդլայնելով գործընկերությունը՝ այդ աշխատանքները 2023 թվականին կազմակերպությունը ներկայացրել է ամանորյա տոնավաճառի։
Կազմակերպության նախագահ Նարե Հովհաննիսյանի համոզմամբ՝ նմանատիպ նախաձեռնությունների իմաստը դատապարտյալների և հասարակության միջև կապը ստեղծագործական աշխատանքների միջոցով վերականգնելն է։ Այդ աշխատանքների մեջ ազատազրկված անձինք ամփոփում են իրենց հույզերը և ստեղծագործական երևակայությունը, ինչից հասարակությունը դրական ազդակներ է ստանում և այդ միջոցառումներին հաճախելով ու գնումներ կատարելով՝ ազատազրկված անձանց սոցիալական ներառման հնարավորություն է տալիս։
Տոնավաճառին մասնակցել են տարբեր սկսնակ բիզնեսներ և սոցիալական ձեռներեցներ։ Ազատազրկված անձանց աշխատանքներն այդ շարքում ներկայացնելը նրանց՝ հասարակության մեջ տեղի ունեցող կարևոր իրադարձությունների մասնակցելու հնարավորություն է տալիս, ինչը նպաստում է վերջիններիս վերասոցիալականացմանը։
Բացի այդ, ստեղծագործական աշխատանքի մեջ ներգրավվելն ապահովում է ազատազրկված անձանց արդյունավետ զբաղվածությունը, նպաստում միջանձնային հարաբերությունների առողջացմանը և ամրապնդում իրենց ունեցած հմտություններով գումար վաստակելու ձգտումը։
Աշխատանքների գները սահմանվել են հեղինակների կողմից, և ստացված հասույթը փոխանցվել է նրանց։
Ըստ կազմակերպության ունեցած տեղեկությունների՝ այդ աշխատանքների վաճառքից գոյացած գումարն ազատազրկված անձանցից շատերի կյանքում առաջին եկամուտն է։ Նրանք այդ գումարները փոխանցում են երեխաների խնամքի հաստատություններին և զինվորական հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող տարբեր կազմակերպությունների՝ փորձելով այդկերպ օգտակար լինել հասարակությանը։ Կան անձինք, ովքեր գումարը փոխանցում են իրենց՝ սոցիալապես անապահով ընտանիքներին։ Շատ դատապարտյալներ ունեն քաղաքացիական հայցեր, բայց գումար չունենալու պատճառով չեն կարողանում դրանք վճարել։ Հետևաբար ոմանք իրենց աշխատանքների վաճառքից ստացված գումարն ուղղում են քաղաքացիական հայցի վճարմանը։
Տոնավաճառին ներկա էր նաև ծանր հիվանդության հիմքով պատժից ազատված նախկին ցմահ դատապարտյալ Վահագ Մարուքյանը, ով ներկայացրել էր փայտից պատրաստված տարբեր կենցաղային իրեր: Վահագի խոսքով՝ տոնավաճառն իրեն հնարավորություն տվեց հասկանալ, թե ինչպիսի գործերի հանդեպ է մարդկանց հետաքրքրությունը։ Միջոցառումից ստացած իր տպավորությունների մեջ Վահագը մի քանի կարևոր գործոն է շեշտադրում․
«Նման միջոցառումներն օգնում են դատապարտյալներին՝ իրենց հոգսը փոքրիշատե թեթևացնել, իսկ միջավայրն ընդհանուր առմամբ ոգևորող և պարտավորեցնող էր։ Ես հասկացա, որ փայտից պատրաստված իրերի հանդեպ հետաքրքրություն կա։ Նաև հասկացա, որ իրերը պետք է լինեն իսկապես որակով և գեղեցիկ, քանի որ մարդիկ ցանկանում են լավ իր գնել։ Իսկ գները պիտի խելամիտ լինեն։ Շնորհակալ եմ ինձ աջակցելու համար։ Եթե նման միջոցառում լինի, և ես մասնակցելու հնարավորություն ունենամ, ավելի շատ աշխատանքներ կներկայացնեմ։ Վստահ եմ՝ գնորդը գոհ կլինի»։
Տոնավաճառին կավից պատրաստած աշխատանքներ էր ներկայացրել Մհեր Ենոքյանը, ով ներկայումս պատիժ է կրում «Վարդաշեն» ՔԿՀ-ի ցածր անվտանգության գոտու մեղմ պայմաններում։ Միջոցառման իր տպավորությունների մեջ Մհերը հետևյալն է կարևորում․
«Ողջունում եմ «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի գործունեությունը՝ միտված դատապարտյալների վերասոցիալականացմանը։ Ի թիվս իրականություն դարձած այլ ծրագրերի՝ «Իմփաքթ Հաբ»-ում անցկացված ամանորյա տոնավաճառը ևս մեկ հնարավորություն էր ստեղծագործող դատապարտյալների ինքնադրսևորման, բաց հասարակության հետ յուրովի շփվելու համար։ Միջոցառման անվանումն ինքնին խոսուն է՝ «Ձեռքդ տո՛ւր, հասարակություն»․ այն հասարակության և դատապարտյալների միջև «կամրջի» մասին է․․․ Արվեստը գրեթե միակ միջոցն է, որ վերացնում է բոլոր պատնեշները։ Դատապարտյալը դառնում է ազատ անգամ բանտում, երբ արարում է։ Հասարակության դրական արձագանքը ստեղծում է հետադարձ կապ։ Հուսով եմ, որ ամեն մի նման միջոցառում դատապարտյալների համար ազդակ է և հույս, որ ճանապարհը ճիշտ է ընտրված․․․»։
Տոնավաճառին այցելել և գնումներ է կատարել Արման Սարգսյանը, ով վերջերս է պայմանական վաղաժամկետ ազատվել։
Արմանի խոսքով՝ նման միջոցառումներով աջակցություն ցուցաբերելով դատապարտյալներին և խրախուսելով նրանց կատարած աշխատանքը՝ օգնում ենք, որ դատապարտյալն իրեն հասարակության լիիրավ անդամ զգա, ինչը նրան զերծ է պահում հետագա հակաօրինական քայլերից։ Զգալով հասարակությանն ինտեգրվելու հնարավորությունը՝ դատապարտյալը փորձում է արդարացնել իրեն ձեռք մեկնողների հույսերը, իրեն հասարակությունից մեկուսացված և մերժված չի զգում, ինչը վերջինիս համար հնարավորություն է ստեղծում հաշվի նստել իրեն աջակցած հասարակության հետ։
Այս քայլով նաև աջակցում ենք դատապարտյալին, որպեսզի պատիժ կրելու ժամանակահատվածում հոգա իր տնտեսական կարիքները և ընտանիքի համար ավելորդ ծախսային բեռ չավելացնի: Այն դատապարտյալները, որոնք ունեն անչափահաս երեխաներ, նման միջոցառումներից հավաքագրվող գումարներն ուղղում են երեխաների կարիքներին և այդկերպ պայքարում են, որպեսզի իրենց երեխան հասարակությանը պիտանի անձ մեծանա և զերծ մնա հակաօրինական քայլերից:
Տոնավաճառի առաջին այցելուներից մեկը փաստաբան Դավիթ Թումասյանն էր, ով Aravot.am-ին տված հարցազրույցում նշել է․
«Գնեցի դատապարտյալների կողմից պատրաստված փայտե երկու սկուտեղ: Նպատակ ունեմ խրախուսել նրանց աշխատանքը, նրանց ավելի մոտիվացնել նման գործունեություն իրականացնելու համար: Ուզում եմ դատապարտյալները գիտակցեն, որ կարող են աշխատել, իրենց աշխատանքով գումար վաստակել և վերաինտեգրվել մեր հասարակության մեջ: Դա իրենց համար շատ կարևոր է: Եթե դատապարտյալը գիտակցում է, որ իրեն սպասում են դրսում, ինքը պիտանի է դրսում, ինքը կարող է վերադառնալ հասարակություն և անել դա իր աշխատանքի միջոցով, ինքն արդեն մոտիվացված դուրս կգա քրեակատարողական հիմնարկից»: