Ողջ 2023 թվականի ընթացքում Ավստրալիայի ռուսական գրականության միջազգային ակադեմիան իրականացնում էր «Մենք ոգեշնչվում ենք մեր մեծ նախնիներով» միջազգային մշակութային մրցույթը, որին տողերիս հեղինակի՝ նույն Ակադեմիայի ակադեմիկոս Մուշեղ Մխիթարյանիս խնդրանքով, Ակադեմիայի նախագահության կողմից հնարավորություն տրվեց մասնակցել նաև Հայաստանի քրեակատարողականներում պահվող ստեղծագործողներին։
Այս հարցում ևս, ինչպես ցանկացած հանրօգուտ նախաձեռնության, Քրեակատարողական ծառայությունը մոտեցավ բարձր պատասխանատվությամբ և դատապարտյալներին օնլայն եղանակով մասնակցելու համար պայմաններ ստեղծեց։ Որպես Ակադեմիայի Հայաստանյայց մրցութային կազմկոմիտեի ղեկավարի, ակադեմիայի իմ գործընկերներից տեղեկացել եմ որ, ի թիվս «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալների ինքնագործ մշակութային միավորման անդամ ստեղծագործողների, մրցույթին մասնակցության հայտեր են տվել դատապարտյալներ «Սևան» և «Աբովյան» ՔԿՀ-ներից։ Սա ինձ համար, որպես անմիջականորեն հետաքրքրված անձի՝ շատ հուսադրող էր և ոգևորիչ։ Լիահույս եմ, որ նմանօրինակ այլ նախաձեռնություններ էլի կլինեն և դատապարտյալները ևս անմասն չեն մնա։
Օրեր առաջ ակադեմիայի նախագահությունը Հայաստանում իր միակ պաշտոնական գործընկերոջ՝ Հայաստանի մշակույթի գործիչների միության միջոցով ուղարկեց «Արմավիր» ՔԿՀ-ի միավորման անդամների հատուկ դիպլոմները՝ «Ներդաշնակության զգացման և գեղեցիկի հանդեպ սիրո համար» անվանակարգում։
Քանի որ ես Հայաստանում Ակադեմիայի ներկայացուցիչն եմ, Ակադեմիայի նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Սիդորովի գրության համաձայն և «Արմավիր» ՔԿՀ-ի վարչակազմի հոգատար վերաբերմունքի արդյունքում անձամբ հանձնեցի դիպլոմները նոմինանտներին։
«Արմավիր» ՔԿՀ-ից հատուկ դիպլոմների արժանացան 18 դատապարտյալ՝ Բագրատ Թումանյանը, Սիմոն Մկրտչյանը, Սերոբ Բուդաղյանը, Դավիթ Խաչատրյանը, Վալերի Թումասյանը, Կարեն Դալլաքյանը, Օնիկ Կարապետյանը, Մելսիկ Պողոսյանը, Վաղարշակ Աբաջյանը, Արթուր Քոչարյանը, Ցոլակ Մելքոնյանը, Խոսրով Մելքոնյանը, Վիտալիոս Խիոնիդիսը, Աշոտ Կիրակոսյանը, Մարատ Սարգսյանը և ուրիշներ․․․ Երկու նոմինանտներից մեկը՝ Գրիշա Ահարոնյանը, ամիսներ առաջ դրական վարքի համար պայմանական վաղակետ ազատ է արձակվել, իսկ Միքայել Մարտիրոսյանը տեղափոխվել է «Սևան» ՔԿՀ։
Ահա և երկրորդ հաջողությունը մեկ ամսվա ընթացքում։ Հիշեցնենք, որ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին նշյալ անձանց մեծամասնությունը մասնակցել էր իմ կողմից իրականացված «Ազգային թատրոնը և բեմարվեստի հիմունքները» դասընթաց-սեմինարին, իսկ դեկտեմբերի 15-ին մասնակցելով «Թատրոնը և ժամանակը» թատերականացված հանդիսությունը՝ արժանացել էին հավաստագրերի Հայաստանի մշակույթի գործիչների միության կողմից։
Ուրախությամբ շնորհավորում եմ բոլոր ընկերներիս և մաղթում նորանոր հաջողություններ իրենց տատասկոտ ճանապարհին։
Օգտվելով առիթից՝ ուզում եմ շնորհավորել բոլոր դատապարտյալների, նրանց հարազատների ու բարեկամների, նրանց սպասող բոլոր անձանց և, իհարկե՝ իրենց գործին նվիրված և դատապարտյալների հանդեպ հոգատար բոլոր ծառայողների Ամանորը և Սուրբ Ծնունդը։
Մուշեղ Մխիթարյան
«Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալների
ինքնագործ մշակութային միավորման նախագահ