Skip to content Skip to sidebar Skip to footer

Ծրագիրն ուղղված էր ազատազրկված կանանց և պրոբացիայի կին շահառուների բարեկեցության ապահովմանը

Հաջողությամբ ավարտեցինք «Առողջ հոգի՝ առողջ մարմնում. հանուն ազատազրկված կանանց և պրոբացիայի կին շահառուների բարեկեցության ապահովման» ենթադրամաշնորհային ծրագիրը, որն իրականացվել է Հայաստանում կանանց հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։ Ծրագրին մասնակցել են ազատազրկման դատապարտված 12 կին, պրոբացիայի 13 կին շահառու և շահառուի կին, ով ընտանեկան բռնության զոհ է եղել և քրեական գործով հանդես է եկել որպես տուժող։ Ծրագրի շրջանակում պատրաստված փոդքաստերին մասնակցել է ազատազրկման դատապարտված 5 կին։

Ծրագրով նախատեսված դասընթացները մեկնարկվել են 2024 թվականի մայիսին և ներառել են թեմաներ ծնողավարման հմտությունների, առողջության պահպանման, կոնֆլիկտների կառավարման, հույզերի կառավարման և առողջ ապրելակերպի մասին։ Դասընթացների ավարտից հետո մասնակիցներին վկայականներ են հանձնվել, որոնք կցվել են վերջիններիս անձնական գործերին։ Պրոբացիայի ծառայությունում վկայականների հանձնմանը ներկա է եղել Պրոբացիայի ծառայության պետի տեղակալ Պավել Գրիգորյանը։

Ազատազրկման դատապարտված 5 կնոջ մասնակցությամբ պատրաստվել է 5 փոդքաստ։ Նշված նախաձեռնության մասնակից կանանց տրամադրվել են տեղեկանքներ, որոնք նույնպես կցվել են վերջիններիս անձնական գործերին։

Ծրագրի իրականացման ընթացքում բացահայտված խնդիրների հիման վրա կազմվել է քաղաքականության համառոտագիր, որն ուղարկվել է Արդարադատության նախարարությանը, Քրեակատարողական և Պրոբացիայի ծառայություններին, Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնին, Մարդու իրավունքների պաշտպանին, Դատախազությանը։

Ծրագրի մասնակից բոլոր կանայք միանշանակ փաստում են ծրագրի արդյունավետության մասին։ Պրոբացիայի ծառայության Վերասոցիալականացման և վերականգնողական բաժինը հարցում է կատարել կանանց շրջանում, և նրանք նշել են, որ մեծ ոգևորվածությամբ են մասնակցել բոլոր դասընթացներին, որոնք օգնել են իրենց անձնային աճին և իրազեկվածության բարձրացմանը։

Ինչ վերաբերում է ազատազրկման դատապարտված կանանց, ապա պետք է նշել, որ միջանձնային կոնֆլիկտներն առավել տարածված են փակ հաստատություններում, ինչի պատճառը հուսահատությունն է, անորոշությունը, անելանելիությունը, անզորության և անօգնականության զգացողությունը։ Հետևապես նմանատիպ դասընթացները կարևոր են, քանի որ օգնում են, որպեսզի կանայք անձնային աճ ունենան, կարևոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերեն։ Դա միանշանակ դրական է անդրադառնում կանանց բարօրության վրա։ Այդ մասին են փաստում մասնակից կանանցից ստացված արձագանքները։ Նրանք նշել են, որ դասընթացների ժամանակ սովորել են այնպիսի տեխնիկաներ, որոնք կիրառելով կարողանում են խուսափել միջանձնային կոնֆլիկտներից։

Կանանցից մեկը մեզ հետ զրույցում նշել է, որ «Ծնողավարման հմտություններ» թեմայով դասընթացն օգնել է, որպեսզի ինքը վերանայի իր երեխաների նկատմամբ ունեցած մոտեցումները։ Իր ասելով՝ նախկինում երեխաների կարծիքը չէր լսում, դրանց առաջնահերթություն չէր տալիս, սակայն հիմա փոխել է վերաբերմունքը։ Հասկացել է, որ ցանկացած անուշադրություն կարող է տրամվատիկ հետևանքներ ունենալ երեխաների կյանքում։

Մեկ այլ կին նշել է, որ նախկինում հիմնարկում տեղի ունեցած ամեն ինչն անձնավորում էր, իր վրա էր վերցնում, ինչի պատճառով անընդհատ կոնֆլիկտային վիճակների մեջ էր հայտնվում մյուս կանանց հետ։ Դասընթացից սովորել է, որ պետք չէ ամեն ինչն անձնավորել, մտածել, որ իրեն է վերաբերում կամ իրեն նկատի ունեն։ Մոտեցման մեջ այս փոփոխության շնորհիվ այդ կինը կարողանում է խուսափել կոնֆլիկտային իրավիճակներից, ինչը դրական է անդրադառնում իր առօրյայի և հոգեկան վիճակի վրա։

Մյուս կինը նշել է, որ դասընթացների ժամանակ սովորած տեխնիկաներն օգնել են, որպեսզի ինքը կարողանա տիրապետել և կառավարել իր հույզերը։ Երբ զգում է, որ ներքին լարված վիճակում է, կիրառում է այդ տեխնիկաները, օրինակ, ինքն իր հետ է խոսում, շնչառական վարժություններ է կատարում։ Դա օգնում է, որպեսզի այդ լարված վիճակը հաղթահարի և մյուսների հետ կոնլֆիկտների մեջ չմտնի։

Եվ որ ամենակարևորն է, դասընթացների ավարտից անմիջապես հետո վերանայվել են կանանցից մեկի պատժի կրման պայմանները, և նա մեկուսարանից տեղափոխվել է կանանց կանանց տեղամաս, այսինքն՝ պատժի կրման պայմանները մեղմացվել են, և կինը ներկայումս պատիժ է կրում ոչ թե խցային, այլ կացարանային պայմաններում։

Ծրագիրը հավանության է արժանացել Պրոբացիայի ծառայության, Քրեակատարողական ծառայության, այդ թվում նաև «Աբովյան» ՔԿՀ-ի կողմից։ Վերջիններս պատրաստակամություն են հայտնել նմանատիպ դասընթացները դարձնել շարունակական։ Պաշտոնական հրապարակումներից տեղեկացել ենք, որ արդեն իսկ քայլեր են ձեռնարկվում ծրագրի կայունության ապահովման ուղղությամբ։

«Աբովյան» ՔԿՀ-ի Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի և հիմնարկի գինեկոլոգի համատեղ ջանքերով առողջապահական գրագիտության բարձրացմանն ուղղված դասընթաց է կազմակերպվել ազատազրկված կանանց համար։ Վերջիններս ցանկություն են հայտնել, որպեսզի այդ դասընթացները շարունակական բնույթ կրեն։ Դա դրական միտում է նաև այն տեսանկյունից, որ կարող է նպաստել կանանց շրջանում գինեկոլոգի նկատմամբ վստահության բարձրացմանը։ 

«Աբովյան» ՔԿՀ-ում տեղի է ունեցել «Կոնֆլիկտների վերափոխումն արդյունավետ հաղորդակցման» թեմայով դասընթաց, որը վարել է «Ապագա» հոգեբանական ծառայության ղեկավար, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Բեջանյանը։ 

Ծրագիրն օգնել է նաև ամրապնդել կազմակերպության դիրքերը որպես կանանց հիմնահարցերով զբաղվող կառույցի և պետական կառույցների հետ գործընկերությունը՝ ավելացնելով վերջիններիս կողմից վստահությունը։

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2024 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.