Սննդի ապահովման գործընթացը 2019թ. հոկտեմբերից «Արմավիր» և «Նուբարաշեն»
ՔԿՀ-ներում մեկնարկած փորձնական ծրագրի արդյունքում պատվիրակվել է բաց մրցույթում հաղթող ճանաչված մասնավոր ընկերությանը՝ «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ին: 2020թ. մարտից այն ներդրվել է «Աբովյան», «Գորիս», ապրիլից՝ «Դատապարտյալների հիվանդանոց», «Երևան-Կենտրոն» և «Վարդաշեն» ՔԿՀ-ներում: 2020թ. մայիսի 1-ից «Հրազդան» և «Սևան» ՔԿՀ-ները ևս միացել են «Արտ Լանչ» ապրանքանիշը ներկայացնող «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ի կողմից ազատազրկված անձանց համար նախատեսված սննդի ապահովման գործընթացին: Մինչև 2020թ. հունիսն այս համակարգը ներդրված կլինի Հայաստանի բոլոր 12 քրեակատարողական հիմնարկներում:
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ազատազրկված անձանց համար «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ի կողմից պատրաստված սնունդն իր մեջ ներառում է նախաճաշ, ճաշ և ընթրիք, պատրաստվում է քրեակատարողական հիմնարկների տարածքում ամեն օր և մասնագիտացված խոհարարների կողմից: Սննդի բազմազանությունը ապահովելու նպատակով ընկերությունը յուրաքանչյուր շաբաթ առաջարկում է նոր ճաշացանկ, որը հաստատվում է քրեակատարողական հիմնարկի պետի կողմից:
«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը
ողջունում է քրեակատարողական հիմնարկներում սննդի որակը բարելավելու ուղղությամբ Արդարադատության նախարարության ձեռնարկած քայլերը: Մինչդեռ կազմակերպությանը մտահոգության տեղիք է տալիս ազատազրկված անձանց զբաղվածության ապահովման հարցը:
«Արտ Լանչ» ապրանքանիշը ներկայացնող «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ն սննդի պատրաստման աշխատանքները կատարում է իր աշխատակազմով, որում ներգրավված չեն ազատազրկված անձինք: Այսինքն՝ այն ազատազրկված անձինք, ովքեր մինչ այդ ընդգրկված են եղել սննդի պատրաստման աշխատանքներում, զրկվել են զբաղվածության այդ հնարավորությունից: Ըստ կազմակերպության ունեցած տվյալների՝ այն քրեակատարողական հիմնարկներում, որտեղ սնունդը պատրաստվում է նշված ընկերության կողմից, ազատազրկված անձինք (յուրաքանչյուր քրեակատարողական հիմնարկում՝ 1 կամ 2 հոգի) պատրաստված սնունդը բաժանում են ազատազրկված անձանց:
Ազատազրկված անձանց զբաղվածության ապահովման հարցին կազմակերպությունն անդրադարձել է «Ազատազրկված անձանց վերասոցիալականացման հիմնախնդիրները ՀՀ-ում» հետազոտության մեջ՝ արձանագրելով, որ ազատազրկված անձանց զբաղվածության ցուցանիշը բավականին ցածր է: Վարձատրվող և չվարձատրվող աշխատանքներում ընդգրկվում է ազատազրկված անձանց ընդհանուր թվի մոտ 10%-ը, ինչը բավականին ցածր ցուցանիշ է: Պատճառն այն է, որ քրեակատարողական հիմնարկներում քիչ են աշխատատեղերը, հետևաբար վարձատրվող աշխատանքները մեծամասամբ կատարում են դատապարտյալները, թեև վարձատրվող կամ չվարձատրվող աշխատանքներում ներգրավվելու օրենսդրական երաշխիքներ սահմանված են ինչպես դատապարտյալների, այնպես էլ կալանավորված անձանց համար:
Մյուս կողմից էլ քրեակատարողական հիմնարկներում աշխատանքի հնարավորություններ ստեղծելու հարցում հավասար մոտեցում չի ցուցաբերվում: Օրինակ, ինչպես 2018թ.-ին, այնպես էլ 2019թ.-ի 1-ին կիսամյակում աշխատանքային զբաղվածությունը ապահովող ծրագրերը հիմնականում իրականացվել են «Աբովյան» ՔԿՀ-ում, իսկ, օրինակ, «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի ազատազրկված անձանց աշխատանքային զբաղվածությունն ապահովելու ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվել։
Իհարկե, «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ն ազատազրկված անձանց աշխատանքով ապահովելու
պարտավորություն չունի: Մինչդեռ կազմակերպությանը մտահոգում է այն փաստը, որ սննդի պատրաստումը մասնավոր ընկերության կողմից կատարելու արդյունքում ազատազրկված անձանց զբաղվածության միջոցների նվազեցումը հակասում է պետության՝ վերասոցիալականացման քաղաքականությանն անցնելու տրամաբանությանը: Ուստի կազմակերպությունը դիմել է ՀՀ արդարադատության նախարարությանը՝ առաջարկելով.
- «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն»
ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող մասնագիտական ուսուցման դասընթացների մեջ ներառել նաև «Խոհարարական արվեստ» դասընթացը: - Քննարկել այդ դասընթացը բարեհաջող ավարտած ազատազրկված անձանց «Ռեդի-
Սթեդի» ՍՊԸ-ում սննդի պատրաստման աշխատանքներում ներգրավվեու հնարավորությունը:
Կազմակերպության ներկայացրած առաջարկությանն ի պատասխան՝ Արդարադատության նախարարությունից հայտնել են, որ ազատությունից զրկված անձանց քրեակատարողական հիմնարկներում մասնավոր ընկերության կողմից սննդի պատրաստման գործընթացում ներգրավման, և որպես արդյունք հետագա զբաղվածության ապահովման հարցը բազմիցս քննարկման առարկա է դարձել նախարարությունում:
Քննարկման արդյունքում ներկայացված առաջարկներից որոշներն ուղղակիորեն կապված են եղել ազատությունից զրկված անձանց մասնագիտական հմտություններ փոխանցելու հետ, որոնք պետք է ի կատար ածվեին քրեակատարողական հիմնարկներում կազմակերպվող դասընթացների միջոցով:
Մասնավորապես՝ Արդարադատության նախարարության և հասարակական կազմակերպությունների համագործակցության արդյունքում ստեղծվել էին անհրաժեշտ նախադրյալներ քրեակատարողական հիմնարկներում ազատությունից զրկված անձանց մասնագիտական ուսուցումը (օրինակ՝ խոհարար, հացթուխ) կազմակերպելու համար: Այդուհանդերձ, հաշվի առնելով երկրում արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրությունը՝ օբյեկտիվորեն հնարավոր չի եղել կազմակերպել ազատությունից զրկված անձանց մասնագիտական ուսուցումը, քանի որ արգելվել է այլ անձանց մուտքը քրեակատարողական հիմնարկներ՝ նոր կորոնավիրուսային վարակի ներթափանցումը կանխարգելելու նպատակով: Ազատությունից զրկված անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպումը հնարավոր կլինի ապահովել իրավիճակի փոփոխման արդյունքում:
Կարծում ենք, որ ազատազրկված անձանց ուսուցումը խոհարար և հացթուխ մասնագիտությունների գծով կազմակերպելը և սննդի պատրաստման աշխատանքներում ներգրավելը արդյունավետ քայլ կլինեն մի քանի առումներով:
Նախ՝ կապահովվի մասնագիտական ուսուցման դասընթացի միջոցով ձեռք բերած գիտելիքի գործնական կիրառումը, այնուհետև՝ հիմք կդնի քրեակատարողական հիմնարկ-գործատու (մասնավոր ընկերություն) կապի ստեղծմանը և ամրապնդմանը, ինչի արդյունքում կբարձրանա ազատազրկված անձանց զբաղվածության մակարդակը և պատժից ազատվելուց հետո օրինապահ վարքագիծ դրսևորելու հավանականությունը՝ որպես վերջնարդյունք հանգեցնելով կրկնահանցագործության ռիսկի նվազեցմանը: