Skip to content Skip to sidebar Skip to footer

Նոր ծրագիր՝ ուղղված ազատազրկված կանանց և պրոբացիայի կին շահառուների բարեկեցությանը

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն Հայաստանում կանանց հիմնադրամի հետ հերթական համագործակցության շրջանակում 2024 թվականի ապրիլից մեկնարկել է նոր ծրագիր՝ «Առողջ հոգի՝ առողջ մարմնում․ հանուն ազատազրկված կանանց և պրոբացիայի կին շահառուների բարեկեցության ապահովման»։

Ծրագրի նպատակն է նպաստել ազատազրկված կանանց և պրոբացիայի կին շահառուների բարեկեցության ապահովմանը և առողջության ամրապնդմանը։

Նախատեսվում է դասընթացների շարք անցկացնել ազատազրկված կանանց և պրոբացիայի կին շահառուների համար, ինչպես նաև նրանց անձնական փորձառությունների կամ առավել շատ հուզող խնդիրների մասին փոդքաստեր պատրաստել։ Դա կօգնի բարձրացնել դիմակայությունը և նրանց ձայնը լսելի դարձնել քրեական արդարադատության համակարգում։ 

Նշենք, որ կազմակերպությունը հետամուտ է ազատազրկված կանանց և պրոբացիայի կին շահառուների իրավունքների պաշտպանությանը և նրանց վերասոցիալականացմանը։ Այդ համատեքստում ծավալուն աշխատանք է կատարել։

Տարբեր տարիների ընդգրկվել է քրեակատարողական հիմնարկների և հոգեբուժական հաստատությունների դիտորդական խմբերում, որոնց կազմում կատարել է ազատազրկված և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց, այդ թվում՝ կանանց իրավունքների հանրային վերահսկողություն, մշտադիտարկել է նրանց աշխատանքային և կենցաղային պայմանները, առողջապահական, սոցիալ-հոգեբանական ծառայությունների և սննդի որակն ու հասանելիությունը և այլն։

Իրականացրել է մի շարք ծրագրեր, որոնց շրջանակներում ուսումնասիրել է ազատազրկված կանանց և պրոբացիայի կին շահառուների սեռական և վերարտադրողական առողջության, ինչպես նաև վերասոցիալականացման հիմնախնդիրները, նրանց աշխատանքի և կրթության իրավունքի իրացման խոչընդոտները, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներում գենդերային զգայուն քաղաքականության ներդրման կարևորությունը:

Ծրագրերն ուղղված են եղել նաև ազատազրկված կանանց և պրոբացիայի կին շահառուների հզորացմանը, նրանց մասնագիտական ու աշխատանքային հմտությունների զարգացմանը և բարելավմանը, նրանց նկատմամբ հանրության վերաբերմունքի փոփոխությանը:

2024 թվականից «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանը միացել է Վերարտադրողական իրավունքի շահերի պաշտպանության ցանցին՝ այդ շրջանակում բարձրացնելու ազատազրկված կանանց և պրոբացիայի կին շահառուների վերարտադրողական իրավունքի հիմնախնդիրները:

  • Ազատազրկված անձանց վերասոցիալականացման հիմնախնդիրների ուսումնասիրության համատեքստում անդրադարձել է ազատազրկված կանանց վերասոցիալականացման առանձնահատկություններին և այդ գործընթացում առկա բացերին։
  • Ազատազրկված ԼԳԲՏ անձանց հիմնախնդիրների ուսումնասիրության համատեքստում անդրադարձել է լեսբի և տրանս կանանց։
  • Կատարել է Հայաստանում առաջին հետազոտությունը, որը վերաբերում է կալանավորված և դատապարտված կանանց շրջանում COVID-19 համավարակի ազդեցությանը։
  • Ուսումնասիրել է ազատազրկված կանանց և պրոբացիայի կին շահառուների սեռական և վերարտադրողական առողջության հիմնախնդիրները։
  • Ազատազրկման դատապարտված 3 և կալանավորված 3 կանանց հնարավորություն է ընձեռել «Նամակներ բանտից» խորագրի ներքո բարձրաձայնել իրենց մտահոգությունները, ներկայացնել անձնական պատմությունները, ազատությունից զրկվելու հետևանքները, բանտային կյանքի դժվարությունները և այնտեղ անցկացրած տարիների փորձառությունը։ 
  • Պատրաստել է 6 տեսաֆիլմ, որոնք վերաբերել են ազատազրկված կանանց վերասոցիալականացմանը, ազատազրկվելուց և ազատվելուց հետո նրանց կողմից առերեսված հիմնական դժվարություններին, կալանավորված և դատապարտյալ կանանց անձնական պատմություններին, ազատազրկված կանանց և պրոբացիայի կին շահառուների շրջանում համավարակի հետևանքներին։  
  • Պրոբացիայի կին շահառուների համար կազմակերպել է վարսահարդարման և մատնահարդարման դասընթացներ, որոնց մասնակցել են համապատասխանաբար 3 և 7 կանայք։ Դասընթացների ավարտից հետո նրանց տրամադրվել են մատնահարդարման և վարսահարդարման պարագաներ:

  • Ազատազրկված կանանց ու պրոբացիայի կին շահառուների և նրանց ընտանիքների շրջանում համավարակի հետևանքների նվազեցման համատեքստում «Աբովյան» ՔԿՀ-ին տրամադրել է անհատական պաշտպանության միջոցներ և աշխատահանող նյութեր: Ազատազրկված կանանց և անփաչահասներին տրամադրել է հեռախոսաքարտեր: Պրոբացիայի կին և անչափահաս շահառուներին տրամադրել են սննդի փաթեթներ:
  • Առողջապահության ազգային ինստիտուտի հետ համագործակցությամբ իրականացվել է «Կորոնավիրուսի կանխարգելումը և վերահսկողությունը քրեակատարողական հիմնարկներում» թեմայով դասընթաց, որին մասնակցել են «Աբովյան» ՔԿՀ-ի աշխատակիցները, «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Աբովյան» ՔԿՀ-ի ներկայացուցիչները և ներկայացուցիչներ Պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային և Արմավիրի, Լոռու և Կոտայքի մարզային մարմիններից:
  • Նոր կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման վերաբերյալ առցանց դասընթաց է իրականացրել ազատազրկված կանանց համար:
  • 2022 թվականի մարտի 11-ին տեղի ունեցած «Ձեռքդ տո՛ւր, հասարակություն» խորագիրը կրող ցուցահանդես-վաճառքում ներկայացրել է նաև 3 դատապարտյալ և 2 կալանավորված կանանց ձեռքի աշխատանքները։ 2023 թվականի դեկտեմբերի 16-ին Իմփաքթ Հաբ Երևանի կազմակերպած ամանորյա տոնավաճառին ներկայացրել է նաև 2 կին դատապարտյալի ձեռքի աշխատանքները։

  • Նախաձեռնել է տարաբնույթ մեդիա քննակումներ, որոնց շրջանակում անդրադարձ է կատարվել պրոբացիայի կին շահառուների համար իրականացվող կրթական ծրագրերին, պրոբացիայի կին շահառուների հիմնախնդիրներին, ազատազրկված կանանց և պրոբացիայի կին շահառուների վրա համավարակի ազդեցությանը՝ շեշտադրելով առողջության պահպանման,  մասնավորապես սեռական և վերարտադրողական առողջության հիմնախնդիրները։ 

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2024 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.