Skip to content Skip to sidebar Skip to footer

Նոր նախաձեռնություն՝ ուղղված ազատազրկված անձանց աշխատանքով ապահովելու հնարավորությունների ընդլայնմանը

Ուրախ ենք հայտնել, որ Իրավական նախաձեռնությունների կենտրոնի ներկայացրած ծրագիրն Իմփաքթ Հաբ Երևանի Զարթիր 2023 թվականի ֆելոուշիփի հաղթող նախագծերից մեկն է և պարգևատրվել է 1000 ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական աջակցությամբ։

Ծրագրի նպատակն է դատապարտյալներին ապահովել աշխատանքով և կայուն եկամուտով ազատազրկման ընթացքում, այնպես էլ հասարակության մեջ ՝ նրանց ստեղագործական հմտությունների զարգացման միջոցով։

Ֆինանսական աջակցությանը զուգահեռ, կազմակերպության նախագահ Նարե Հովհաննիսյանը ֆելոուշիփի շրջանակում մասնակցել է մի շարք սեմինարների, որոնց ընթացքում հմուտ փորձագետների օգնությամբ ուսումնասիրել է ձեռներեցության կարևոր ասպեկտները։

Նշենք, որ կազմակերպությունը կարևորում է այնպիսի ծրագրերի իրականացումը, որոնք ուղղված են ազատազրկված անձանց և պրոբացիայի շահառուների մասնագիտական հմտությունների զարգացմանը, նյութական բարեկեցության ապահովմանը և աշխատանքի հնարավորությունների ընդլայնմանը։

  • 2019 և 2020 թվականներին ուսումնասիրել է ազատազրկված անձանց վերասոցիալականացման հիմնախնդիրները, աշխատանքի իրավունքի իրացման խոչընդոտները՝ շեշտադրելով խոցելի խմբերի ազատազրկված անձանց ներհատուկ կարիքները և առանձնահատկությունները։ Ուսումնասիրության արդյունքները հանրայնացրել է տեսաֆիլմերի և հանրային քննարկումների միջոցով, ինչպես նաև մշակել է նշված հիմնախնդիրների լուծմանն ուղղված առաջարկություններ, որոնք տեղ են գտել ոլորտը կարգավորող օրենսդրության մեջ և քաղաքականության փաստաթղթերում։
  • 2021 թվականին Հայաստանում կանանց հիմնադրամի աջակցությամբ իրականացրել է «Պրոբացիայի կին շահառուների հզորացում՝ հանուն կայուն ապագայի» ծրագիրը, որի շրջանակում պրոբացիայի կին շահառուների համար կազմակերպել է վարսահարդարման և մատնահարդարման դասընթացներ, որոնց մասնակցել են համապատասխանաբար 3 և 7 կանայք, որոնց տրամադրել է մատնահարդարման և վարսահարդարման պարագաներ: Դասընթացների մասնակից բոլոր կանայք ծրագրի ավարտից հետո զբաղվում են մատնահարդարմամբ և վարսահարդարմամբ: Մատնահարդարման խմբի բոլոր կանայք վճարովի ծառայություններ են մատուցում: Նրանցից երկուսը պատրաստվում են գեղեցկության սրահ բացել: Վարսահարդարման խմբի մասնակիցներից մեկը տանն է աշխատում, նպատակ ունի գեղեցկության սրահ բացել: Կանանցից մեկը ևս սկսել է աշխատել: Մտերիմ մարդկանց և հարևանների մազերն է կտրում և հարդարում: Մյուս կինը տրված գործիքներն օգտագործում է իր և իր ընտանիքի անդամների մազերի խնամքի և հարդարման համար:
  • 2022 թվականին Պրահայի քաղաքացիական հասարակության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Մարդիկ ճաղերից այն կողմ. ամրապնդելով ազատազրկված անձանց և հասարակության միջև կապը» ծրագրի ամփոփիչ միջոցառմանը կազմակերպել է ազատազրկված անձանց ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք, որին ներկայացվել են «Աբովյան», «Արմավիր», «Նուբարաշեն» և «Սևան» ՔԿՀ-ներից 27 դատապարտյալի (3 կին և 24 տղամարդ, որից 13-ը՝ ցմահ դատապարտյալ) և 3 կալանավորված անձի (2 կին և 1 անչափահաս տղա) գեղանկարչական, փայտից, կավից և այլ նյութերից պատրաստված աշխատանքները՝ զարդատուփեր, գրչամաններ, գրքեր, թաշկինակներ, գուլպաներ, անկողնային պարագաներ, թզբեխներ և այլ հուշանվերներ: Ցուցահանդես-վաճառքին ներկայացված աշխատանքների գները սահմանել են հեղինակները, որոնց և փոխանցվել է ողջ հասույթը: Կազմակերպությունը շահույթ չի հետապնդել: Ազատազրկված անձանց համար դա մեծ ձեռքբերում էր, քանի որ նրանք հնարավորություն են ունեցել ստացված գումարով իրենց կարիքներն ինքնուրույն հոգալ և վայելել իրենց աշխատանքի պտուղները։ Կազմակերպության ունեցած տեղեկություններով՝ կալանավորված անչափահաս տղան իր աշխատած գումարը փոխանցել է ընտանիքին։ Ոմանք այդ գումարով անձնական գնումներ են կատարել: Ճիշտ է, ընտանիքներն ու հարազատներն աջակցում են, գումար և հանձնուք են փոխանցում, սակայն իրենց աշխատած գումարով ինչ-որ բան գնելն այլ զգացողություն է պատճառում: Ոմանք իրենց վաստակած գումարը փոխանցել են հաշմանդամություն ունեցող զինվորներին, մյուսներն էլ հումք են գնել։
  • 2023 թվականին ազատազրկված անձանց ձեռքի աշխատանքները ներկայացրել է Իմփաքթ Հաբ Երևանի կողմից կազմակերպված ամանորյա տոնավաճառին։ Ներկայացվել են 1 նախկին ցմահ դատապարտյալի,
    «Աբովյան», «Արմավիր», «Սևան» և «Վարդաշեն» ՔԿՀ-ների 9 դատապարտյալի (նրանցից 2-ը կին են, 7-ը՝ տղամարդ, որոնցից 6-ը՝ ցմահ դատապարտյալ) և 1 կալանավորված անչափահաս տղայի փայտից, կավից և այլ նյութերից պատրաստված ստեղծագործական աշխատանքները՝ զարդատուփեր, մոմակալներ, կենցաղային իրեր, ժամացույցներ և այլ հուշանվերներ, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկում պատրաստված հայկական գաթա։ Տոնավաճառին ներկայացված աշխատանքների գները սահմանվել են հեղինակների կողմից, և ստացված հասույթը փոխանցվել է նրանց։ Նրանք այդ գումարները փոխանցել են երեխաների խնամքի հաստատություններին և զինվորական հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող տարբեր կազմակերպությունների՝ փորձելով այդկերպ օգտակար լինել հասարակությանը։ Կան անձինք, ովքեր գումարը փոխանցել են իրենց՝ սոցիալապես անապահով ընտանիքներին։ Շատ դատապարտյալներ ունեն քաղաքացիական հայցեր, բայց գումար չունենալու պատճառով չեն կարողանում դրանք վճարել։ Հետևաբար ոմանք իրենց աշխատանքների վաճառքից ստացված գումարն ուղղում են քաղաքացիական հայցի վճարմանը: Կան նաև անձինք, ովքեր ստեղծագործական նոր աշխատանքներ կատարելու նպատակով հումք են ձեռք բերել այդ գումարով:

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2024 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.