Skip to content Skip to sidebar Skip to footer

Հայաստանի ազգային գրադարանի ներկայացուցիչներն այցելեցին «Սևան» քրեակատարողական հիմնարկ

Արձագանքելով «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության հրավերին՝ 2024 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի ազգային գրադարանի ներկայացուցիչները՝ տնօրենի խորհրդական Ներսես Հայրապետյանը և Գրքափոխանակության բաժնի վարիչ Մայա Հայրապետյանը հյուրընկալվեցին «Սևան» քրեակատարողական հիմնարկում։

Այցը գլխավորեցին Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Սահակ Գրիգորյանը, Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Ծովինար Թադևոսյանը, Հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը, «Սևան» քրեակատարողական հիմնարկի պետ Արտակ Ղազարյանը, սոցիալ-հոգեբանական և անվտանգության գծով տեղակալներ Թոռնիկ Գալստյանը և Հայկ Մովսիսյանը։

Ազգային գրադարանի անունից հիմնարկի գրադարանին նվիրաբերվեց 70 միավոր գիրք։ Եվս 50 միավոր գիրք նվիրեց Իրավական նախաձեռնությունների կենտրոնը Պարույր Սևակի տուն-թանգարանի տնօրեն Սևակ Ղազարյանի անունից։ Նվիրաբերված գրքերի շարքում տեղ էին գտել գեղարվեստական, պատմագիտական, ազգային-ազատագրական բովանդակությամբ գրքեր։

Հիմնարկում կատարած շրջայցի ժամանակ հյուրերը ծանոթացան այնտեղ գործող երկու գրադարաններին, գրքերի ցանկին, շփվեցին դատապարտյալների հետ։ Հյուրերին տպավորել էին հիմնարկի բարեկարգ և խնամված վիճակը, դատապարտյալների ֆուտբոլային թիմի մարզումը։

Այնուհետև տեղի ունեցավ հանդիպում հիմնարկում գործող ինքնագործ մշակութային միավորման անդամ դատապարտյալների հետ։ Ներսես Հայրապետյանը նրանց ներկայացրեց Ազգային գրադարանի կայքը, ռեսուրսները, շտեմարանները և, առհասարակ, Ազգային գրադարանի դերն ու նշանակությունը հայ ընթերցողի կյանքում:

Հանդիպումը ևս մեկ անգամ վկայեց, թե գիրքը և ընթերցանությունը որքան մեծ դեր ունեն դատապարտյալների համար։ Նրանք ցանկություն հայտնեցին հիմնարկի գրադարանները համալրված տեսնել նաև ժամանակակից հեղինակների ստեղծագործություններով, ուսումնական և մասնագիտական գրականությամբ, ինչի անհրաժեշտությունը միայն առօրյա ընթերցանության կազմակերպմամբ չէ պայմանավորված։ Կան դատապարտյալներ, ովքեր հեռավար կրթություն են ստանում կամ նոր մասնագիտություններ են յուրացնում տեղում։

Այցը նշանակալից և բազմաբովանդակ էր։ Աշխատանքային պայմանավորվածություն ձեռք բերվեց Ազգային գրադարանի օժանդակությամբ հիմնարկին նվիրել հայ և արտասահմանյան նոր ու բազմաժանր գրքեր։ Նաև քննարկվեց Ազգային գրադարանի կայքի ռեսուրսները դատապարտյալներին հասանելի դարձնելու, այդպիսով՝ նրանց շրջանում ընթերցանությունը խթանելու հարցը։

Միջոցառման մասին պաշտոնական հրապարակումներ են տեղադրվել Արդարադատության նախարարության, Քրեակատարողական ծառայության կայքերում, Հայաստանի ազգային գրադարանի ֆեյսբուքյան էջում։ Միջոցառումը լուսաբանել են armfemida.am կայքը, 1lurer.am-ը, shantnews.am-ը, aravot.am-ը և hraparak.am-ը։ 

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2024 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.