Skip to content Skip to sidebar Skip to footer

Խնդիրները քննարկելով է հնարավոր հասնել դրանց լուծմանը և վերասոցիալականացման քաղաքականության կյանքի կոչմանը․ Նարե Հովհաննիսյան

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Պրոբացիայի մասին» նոր օրենքի նախագիծը, «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը։ Նպատակն է վերացնել օրենսդրական կարգավորումներում առկա բացերն ու անհամապատասխանությունները և կատարելագործել կիրառվող պրակտիկան:

2024 թվականի օգոստոսի 22-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Պրոբացիայի դերը վերասոցիալականացման և հանցագործությունների կանխարգելման գործում․ նոր նախագիծ» թեմայով քննարկում։ Բանախոսներն էին «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանը, Արդարադատության նախարարության Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման և ներման հարցերով բաժնի գլխավոր մասնագետ Տաթևիկ Հայրապետյանը և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավաբան, հետազոտող Անահիտ Մկրտչյանը։

Իր խոսքի սկզբում Նարե Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց քննարկումը նախաձեռնելու համար։ Բանախոսի կարծիքով նման քննարկումներն օգնում են, որպեսզի իրավական ակտերը հնարավորինս արձագանքեն պրակտիկայում արձանագրված խնդիրներին։ Նշեց, որ «Պրոբացիայի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ էական տարակարծություն չունի։ Շահառուների հետ վերասոցիալականացման և հոգեբանական աշխատանքներ իրականացնելու համար բավականին ընդունելի կարգավորումներ են նախատեսված նախագծում։ Ավելացրեց, որ խնդիրները պրակտիկայում են արձանագրվում։ Բանախոսը խնդիրների թվարկումը սկսեց շահառուների հետ հոգեբանական աշխատանքների իրականացումից։

Քրեակատարողական հիմնարկներում գործում են սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժիններ, որոնց վերապահված է ազատազրկված անձանց հետ համապատասխան մասնագիտական աշխատանքների իրականացումը։ Նման բաժին Պրոբացիայի ծառայությունը չունի։ Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնում վերջերս ստեղծվել է Վերասոցիալականացման և վերականգնողական բաժին, որը, ինչպես անվանումն է հուշում, շահառուների հետ վերասոցիալականացման և վերականգնողական աշխատանքներ է կատարում։ Ճիշտ է, որպես այդպիսին, սոցիալական կամ հոգեբանական աշխատանքներ կատարելն ամրագրված չէ բաժնի գործառույթների մեջ, սակայն աշխատանքի ընդունելիս նախապատվությունը տալիս են հոգեբաններին և սոցիալական աշխատողներին, որպեսզի շահառուների հետ համապատասխան մասնագիտական աշխատանք կատարվի։

Բանախոսի դիտարկմամբ՝ բաժնի գործունեությունից էականորեն շահում են Երևանում հաշվառված շահառուները, քանի որ բաժինը գործում է Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնում։ Մարզային մարմիններում նման բաժին ներդրված չէ։ Դա նշանակում է, որ մարզերում մասնագետների ներգրավման, շենքային պայմանների, տեխնիկական հագեցվածության հետ կապված խնդիրներին ավելանում է նաև շահառուների հետ մասնագիտական աշխատանք կատարելու բացը։ Հետևաբար Պրոբացիայի ծառայությունը լրջագույնս թերանում է հոգեբանական աշխատանքի լիարժեք կատարման տեսանկյունից։ Խնդրի արժանահավատությունը փաստելու համար օրինակ բերեց․

«Մարզերից մեկում անձի նկատմամբ կիրառել են կալանավորում տեսակի խափանման միջոցը։ Անձը հոգեբանական ծանր վիճակի մեջ է հայտնվել քրեակատարողական հիմնարկում՝ պատկերացնելով, որ իրեն դատավճռից հետո երկար տարիների ազատազրկում է սպասվում։ Խափանման միջոցը փոխվել է։ Ներկայումս տնային կալանք է կիրառվել անձի նկատմամբ։ Սակայն սթրեսային ծանր վիճակը, որում հայտնվել է քրեակատարողական հիմնարկում, տանը չի կարողանում հաղթահարել։ Ողջունելի է, որ ազատության պայմաններում է անձի նկատմամբ խափանման միջոց կիրառվում, բայց ընտանիքի անդամները մասնագետներ չեն և չեն կարող անձին հանել հոգեբանական ծանր վիճակից»։

Փաստորեն, խնդիրները շղթայական կապի մեջ են։ Քրեակատարողական հիմնարկներում մասնագետների պակասի պատճառով անձի հետ պատշաճ աշխատանք չի տարվում ազատազրկման հետևանքները հաղթահարելու համար։ Հետևանքների վերացման ուղղությամբ աշխատանք չի կատարվում նաև Պրոբացիայի ծառայությունում։

Անդրադառնալով վերասոցիալականացման գործընթացին՝ նշեց, որ ներկայումս այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են, ինչը երևում է նաև Պրոբացիայի ծառայության պաշտոնական հրապարակումներում։ Սակայն դրանք պետք է լինեն ոչ թե մեկանգամյա բնույթ կրող, այլ որոշակի արդյունք հետապնդող և որոշակի պարբերականությամբ իրականացվող ծրագրեր։ Այդ առումով Պրոբացիայի ծառայությանն օգնում է Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնը, որը մեկ մոդուլային կրթական ծրագիր իրականացնում է նաև պրոբացիայի շահառուների համար։ Սակայն վերջինիս առաջնային նպատակն ազատազրկված անձանց հետ համապատասխան աշխատանքների իրականացումն է։ Բացի այդ, երբ վեցամսյա ծրագիրն ավարտվում է, հնարավոր չի լինում ապահովել կրթական ծրագրի շարունակականությունը։

Հասարակական կազմակերպությունները նույնպես ծրագրեր իրականացնում են, սակայն այդ ծրագրերը դրամաշնորհների շրջանակներում են իրականացվում, հետևաբար դրանց շարունակականության ապահովման տեսանկյունից նույնպես խնդիրներ են առաջանում։ Երբ դրամաշնորհն ավարտվում է, հասարակական կազմակերպությունն այլևս ի զորու չէ այն շարունակել։

Շահառուները, ճիշտ է, ազատազրկվածի կարգավիճակ չունեն, սակայն «հանցագործի» պիտակը խոչընդոտում է նրանց սոցիալիզացիային։ Դրան ավելանում են ցածր իրազեկվածության և իրավագիտակցության հետ կապված, ինչպես նաև սոցիալական խնդիրները, որոնք խոցելի են դարձնում նրանց։ Հետևաբար Պրոբացիայի ծառայությունը դառնում է այն առաջնային օղակը, որը պետք է նրանց հետ բազմապրոֆիլ աշխատանքներ կատարի։ Ուստի ողջունելի կլիներ, եթե վերասոցիալականացման ծրագրերի իրականացման համար Պրոբացիայի ծառայությանը համապատասխան ֆինանսական միջոցներ հատկացվեին։    

Բանախոսը ներկայացրեց մեկ այլ խնդիր ևս։ Վերասոցիալականացման և վերականգնողական աշխատանքներ կատարվում են միայն համապատասխան բաժնում հաշվառված շահառուների հետ։ Բաժնում հաշվառված են այն անձինք, ովքեր պայմանական վաղաժամկետ ազատվել են, և այն անձինք, որոնց պատիժը պայմանականորեն չի կիրառվել։ Բայց պրոբացիայի շահառուների շրջանակը շատ ավելի լայն է և ներառում է այն անձանց, ովքեր հանրային աշխատանք են կատարում, քրեական տուգանք են վճարում, և այն անձանց, որոնց նկատմամբ ազատությունից չզրկելու հետ կապված խափանման միջոց է կիրառվել։ Նրանք տոկոսային հարաբերակցությամբ ավելի մեծ թիվ են կազմում, սակայն դուրս են մնում այդ ծրագրերից։ Եթե ավելացնենք նաև այն, որ բաժինը շահառուների վերասոցիալականացմանն ուղղված աշխատանքները միայն Երևանում հաշվառված անձանց հետ է կատարում, կստացվի, որ դրանք ներառական և ընդհանրական բնույթ չեն կրում։

Խոսելով կրթության մասին՝ բանախոսն առանձնացրեց մի քանի խնդիրներ, որոնք արձանագրվել են պրակտիկայում։ Դա վերաբերում է 19 տարեկանից բարձր այն անձանց, ովքեր քրեակատարողական հիմնարկներում ընդգրկվում են հանրակրթական ծրագրում։ Օրենսդրական փոփոխությունների արդյունքում նման հնարավորություն է ստեղծվել այն անձանց համար, ովքեր պատիժ են կրում քրեակատարողական հիմնարկներում, ինչը դրական միտում է։ Այն չափահաս անձը, ով չունի հանրակրթությունը հավաստող փաստաթուղթ, ներկայումս կարող է պատժի կրման ընթացքում լրացնել այդ բացը։ Դա անձանց համար ավելի շատ երաշխիքներ է ստեղծում՝ նրանց մրցունակ դարձնելով։ Սակայն պրակտիկայում արձանագրվել է դեպք, երբ այդ ծրագրում ընդգրկված անձը պայմանական վաղաժամկետ ազատվել է, մինչդեռ չի կարողացել կրթությունը շարունակել, քանի որ Պրոբացիայի ծառայությանն օրենսդրությամբ նման լիազորություն վերապահված չէ։

Մյուս խնդիրն արձանագրվել է մինչև 19 տարեկան այն անձանց շրջանում, որոնց նկատմամբ ազատությունից չզրկելու հետ կապված խափանման միջոցներ են կիրառվել, և վերաբերում է հանրակրթությունից դուրս մնալուն։ Հետևաբար կարևոր է, որպեսզի դիտարկվի հեռահաղորդակցության միջոցներ կիրառելու և հանրակրթությանը հեռավար եղանակով նրանց մասնակցությունն ապահովելու հարցը։ 

Ամփոփելով իր խոսքը՝ Նարե Հովհաննիսյանը նշեց, որ համակարգի հետ իր առնչությունը պրակտիկ մակարդակում է տեղի ունենում, հետևաբար մշտապես արձանագրվում են խնդիրներ, որոնք պատշաճ հասցեագրման կարիք ունեն։ Ն․ Հովհաննիսյանի համոզմամբ՝ այդ խնդիրները համատեղ քննարկելով է հնարավոր հասնել դրանց լուծմանը, այդպիսով՝ ոլորտի բարելավմանը և վերասոցիալականացման քաղաքականության կյանքի կոչմանը։

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2024 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.