Սեպտեմբերի 10-ին «Սևան» քրեակատարողական հիմնարկում տեղի է ունեցել «Թող մի օրորոց էլ գնա ու գա» խորագրով միջոցառում։ Ներկայացվել են ցմահ ազատազրկման դատապարտված Արամ Առաքելյանի, Իգոր Օհանյանի և Միքայել Մարտիրոսյանի ստեղծագործական աշխատանքները։ Ի թիվս այլ հյուրերի՝ ցուցահանդեսին մասնակցել է նաև «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանը։
Ներկայացնում ենք Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնի հանրակրթական ծրագրերի շրջանակներում դատապարտյալներին հայոց լեզու և գրականություն ուսուցանող, բազմավաստակ ուսուցչուհի Սուսաննա Դանիելյանի խոսքը՝ նվիրված միջոցառմանը։
Միջոցառման խորագրին կանդրադառնամ մի փոքր ուշ։ Իսկ հիմա օրվա այս շենշող միջոցառման մասին։ Երեք հոգի են նրանք՝ ցուցահանդեսի հեղինակ ցմահ դատապարտյալներ Արամը, Իգորը և Միքայելը, ովքեր դատարկ ու փուչ պարկերի պես իրենց շալակին առած կրում են 30 տարվա կորուսյալ ժամանակը։ Նրանք ձեզ են բերել իրենց հոգու լույսն ու բողբոջները։
Դժոխք-քավարան սահմանի մեջ բանտած կյանքի վայելքները՝ անդադրում պայքարեցին վատը լավ տեսնելու կռվում, գլխիվայր կախված ուրախության շատրվանը տառապանքի գնով ուղղեցին դեպ վեր և այդ ցոլանքի մեջ տեսան ու ճանաչեցին Աստծուն և նրա օրենքները, հարգեցին դրանք ու ենթարկվեցին, և ապաշխարանքի տքնության միջով անցնելով՝ այսօր իրենց նորացած հոգիների լույսն ու ջերմությունն են ձեզ նվեր բերել իրենց անհատական գործերի տեսքով։
Անցան մի այնպիսի ճանապարհ ինքնամաքրման, որ շատ ցանկանալու դեպքում անգամ ցեխոտված ոչ մի ոտնահետք չեք գտնի։ Թեպետ նրանց այս աշխարհը մտնելու համար մեզանից պարտադիր անցաթուղթ կպահանջեն, բայց նրանց հոգևոր աշխարհը բաց է ձեր առջև։ Թեպետ փակված է նրանց ազատության լեզուն, սակայն բաց է նրանց սրտի լեզուն և հիմա անուշ զրույց են անում ձեզ հետ կտավի, քանդակի միջոցով, որոնք մի բան են ապացուցում՝ նրանց սերն առ կյանք ամենակուլ դժբախտությունը խլել չկարողացավ, նրանց հինավուրց ու նորոգվող պարտքի դիմաց արևից ստացածը վերադարձվեց դարձյալ արևին։
Ահա նրանց միջնորդավորված կապն Աստծո հետ։
Հիմա հատուկ Արամ Առաքելյանի մասին։
Մի օր դժբախտությունն անազատության բռնի ձեռքերով թակեց 20 տարին չբոլորած Արամի կյանքի դուռը։ Ու նա դարձավ դարդի հետ ապրող մարդ։ Սկզբում մահն էր անխուսափ, իսկ հետո կյանքին սև գույներով դաջեցին ցմահի պիտակով վճիռը։ Եվ Արամը սկսեց ապրել այս մեծ աշխարհի իրեն այլևս բաժին հանած այս նեղ աշխարհում՝ տառապանքը, ջանքը խառնած իր բախտակիցների կյանքին։ Փորձությունների միջով անցնելով՝ զտվեց, հասակ առավ՝ զրկված մնալով կյանքի վայելքներից։ Ուրախացավ ուրիշների ուրախությամբ։ Ինքը՝ կյանքի մեջ, կյանքը՝ ճաղավանդակներից ու փշալարերից անդին։
Չհասցրեց ծխացնել իր տոհմի ծուխը և մնաց անժառանգ։ Սակայն իր ունեցած հնարավորությունների շրջանակում նա 2020 թվականին ձեռնարկեց աստվածահաճո մի առաքելություն։ Նա համագործակցեց «Հայ մանուկ» ասոցիացիային՝ դառնալով բարերար անզավակ ընտանիքների համար։
Եվ թեպետ ինքն ապրում է երջանկության ձգտող զույգերից հեռու ու անտես, բայց իր երկար ձեռքը հասնում է նրանց։ Արամի ներկայությունը զգում են մանկիկի սպասող զույգերը, հին աշխարհը նորոգող միակ միջոցը՝ նոր սերունդ, օրորոց ու մանկան ճիչ երազող, բայց նաև անհուսության մեջ խարխափող ապագա մայրն ու հայրը։
Հայի օջախը հայ պահող երեխայի աշխարհ գալը դարձավ Արամի ապրելու հավատամքը։ Մարդ, որ ապրում է անազատության մեջ և ունի հազար ու մի բանի կարիք, իր կուտակած միջոցների հաշվին ուրախության գործակատար է դարձել շատ անզավակ ընտանիքների համար։
Եվ իր այսօրվա միջոցառման խորագիրը հենց դրա վառ ապացույցն է։
Ովքեր չգիտեն, թող իմանան, որ Արամն արդեն ունի իր բարեգործության ցանկալի պտուղը՝ Մարիամ անունով։ Ինքը հավատազրկված ու այլևս հույը կորցրած մի զույգի տվեց ապաքինում, օջախի ամրություն։ Ինքն անհատույց է ձեռնարկել այս անգին գործը։
Մնում է հուսալ, որ մի օր էլ արդարադատության կշեռք կոչվածի նժարները կհամաչափվեն ու կհամակշռվեն այն հավատի ավետիքով, որ կոչվում է վերասոցիալականացման ավարտ՝ առանց նոր հաղթահարելի ծրագրերի միջոցով անցնելու պարտադրանքի և այլևս խորտակված կյանքի դիմաց։