Skip to content Skip to sidebar Skip to footer

«Մենք հասկացանք, որ կարող ենք ու պարտավոր ենք անել ավելին»․ Դեպի նոր հորիզոններ

Ներկայացնում ենք «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի հարցազրույցը «Արմավիր» ՔԿՀ-ի Ինքնագործ մշակութային միավորման նախագահ, դրամատուրգ, բեմադրիչ Մուշեղ Մխիթարյանի հետ։

– Ինչպե՞ս հղացավ թատերական արվեստին անդրադառնալու միտքը։

– Ինչպես բոլոր մշակութային կազմակերպությունները, միությունները, անգամ թատրոններն ու պատկերասրահները, որոնք ունեն իրենց գործունեության պլանը, այսպես ասած` քաղաքականությունը։ Մտածեցի՝ պետք է մենք էլ ունենանք։ Մանավանդ որ որքան էլ դատապարտյալների և որքան էլ ինքնագործ, մեր միավորումն ունի նույն առաքելությունը, ինչ ունեն ոլորտային այս կամ այն միությունները։ Ինչու՞ թատերարվեստ։ Այստեղ երեք շարժառիթ կար։ Առաջինը մի քիչ անձնական է։ Չէ՞ որ ես առաջին հերթին մշակույթի` բեմարվեստի ոլորտի ներկայացուցիչ եմ և շատ երկար տարիներ համարում էի ինձ «թոշակի անցած» բեմադրիչ։ Այսպիսով, սա ինքս ինձ վերագտնելու միջոց և հնարավորություն էր։ Երկրորդ՝ ամենակարևոր շարժառիթն արվեստի հնագույն 2100-ամյա ժանրին ծանոթացնելն էր դատապարտյալներին, նրանց մեջ այն սերն ու նվիրումն արթնացնելը, որ ինքս ունեմ նորին գերազանցություն թատրոնի հանդեպ։ Վերջապես՝ երրորդ և ոչ պակաս կարևոր հանգամանք է այն, որ թատրոնը աշխարհում այդքան հայտնի արտթերապիայի մի մասն է։ Ես կասեի՝ կարևորագույն մասը։ Այն օգնում է բացահայտել մարդուն, նրա հոգեբանությունը։ Թատրոնում դու կարող ես բացահայտել մարդուն` ինչպես դիմացինին, այնպես էլ ինքդ քեզ։ Ահա այս միտումով էլ 2023 թվականին ձեռնամուխ եղանք և Հայաստանի մշակույթի գործիչների միության ու Քրեակատարողական ծառայության օժանդակությամբ մեկնարկեցինք «Ազգային թատրոնն ու բեմարվեստի հիմունքները» դասընթաց-սեմինարը, որին հաջորդեց «Թատրոնն ու ժամանակը» թատերականացված միջոցառումը։ Միջոցառումը հաշվետու մի բան էր, դրա իրականացմամբ թե՛ ես, թե՛ մասնակից տղաները հաշիվ տվեցինք մեզ` որտեղ էինք ու ուր հասանք։ Ինչպես նշեցի, դա թատերականացված միջոցառում էր, բայց՝ ոչ ներկայացում։

– Ինչպե՞ս ստացվեց դատապարտյալներին  համախմբել այդ մտքի շուրջ։

– Կարծում եմ՝ տղաների մեծամասնությունը միացավ որպես հերթական կրթական ծրագրի։ Ի սկզբանե ոչ-ոք, անգամ ես չգիտեինք, որ այսքան առաջ կգնանք այս ուղղությամբ։ Իհարկե, ես հեռահար ծրագրերում ունեի այս տեսլականը, բայց…. այդ մտքով դեռ չէի կիսվել։ Հասկանալի է, որ անծանոթ նյութի շուրջ ունեցած իմ հեռահար նպատակները կարող էին վանել ու ինչ-որ չափով նաև վախեցնել։ Հետո, երբ դասընթացներն ավարտին էին մոտենում, ես խոսեցի տղաների հետ, ասացի, որ մեզ պետք է այդ «հաշվետվությունը», որովհետև, դրա բացակայության պարագայում կարող էր սխալ տպավորություն ստեղծվել, և չտալ այն պատկերացումը պատկան մարմիններին, որ մենք իսկապես պիտանի գործ ենք արել։

– Մասնակից դատապարտյալները չէի՞ն ամաչում, որ պետք է դեր խաղան։ Չէ՞ դա դա բանտային միջավայրում է տեղի ունենում։

– Ինչպես ասացի, մենք անցել ենք թատերական դասընթաց, որի մասնակից յուրաքանչյուր դատապարտյալ նախ և առաջ ուսանողի կարգավիճակում էր։ Առաջին բանը, որ սովորեցնում են թատերականի ուսանողին, չորրորդ պատի հասկացողությունն է՝ հանդիսականին չտեսնելը։ Սա ոչ այնքան ամոթը հաղթահարելու, որքան կերպարը ճշմարիտ զգալու, հավաստի մատուցելու և միջավայրին ադապտացվելու համար է։ Բայցև մեծապես օգնում է ամոթի այդ զգացումը հաղթահարել։ Սակայն ումից ամաչել, երբ չես տեսնում քեզ ուշադիր զննող այդ հայացքները։ Բացի այս, որքան էլ միջավայրն իր գործն անում է, մենք գործ ունենք հասուն մարդկանց հետ, ովքեր փորձերը սկսելու պահից գիտեին, որ պետք է հանդես գան հանդիսատեսի առաջ։

– Ինչպե՞ս  համաձայնեց քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունն աջակցել գաղափարին։

– Ի պատիվ Քրեակատարողական ծառայության և քրեակատարողական հիմնարկի ադմինիստրացիայի՝ պետք է ասեմ, որ մեծ պատրաստակամությամբ և բարյացկամությամբ մոտեցան այս հարցին, ինչպես նաև մեր մնացյալ բոլոր նախաձեռնություններին։ Կարծում եմ՝ թե՛ Քրեակատարողական ծառայությանը, թե՛ քրեակատարողական հիմնարկին հետաքրքիր էր, թե ինչ արդյունք կունենանք։ Ի վերջո, պետական քաղաքականությունը վերասոցիալականացումն է։ Իսկ դատապարտյալը հանրությունից դուրս եկած և մի օր նույն հանրություն վերադարձող քաղաքացին է, ով վերադարձի պարագայում այլևս չի հսկվելու։ Ինքն է լինելու իր գլխի տերը։ Ուստի այս և այլևայլ նմանօրինակ նախաձեռնությունները գալիս են վկայելու, որ հասարակություն վերադառնալու պայմաններում նրանք կարող են ադապտացվել, որովհետև ինքնակազմակերպման բարձր պատասխանատվություն են ցուցաբերել անգամ խիստ հսկողության և կանոնակարգային «Չիկարելիների» միջավայրում։

– Ո՞րն էր հաջորդ քայլը։

– Անմիջապես ձևավորվեց դասընթացի նոր խումբ։ Այս անգամ հեռահար նպատակը ներկայացման բեմադրումն էր։ Դասընթացի ավարտին նախորդ և ներկա խմբերի շրջանում դերաբաշխում արեցի, և սկսեցինք փորձերը՝ հույսով, որ մարտի 27-ին` թատրոնի միջազգային օրը կխաղանք իմ հեղինակած «Մահացե՞լ եմ, չե’մ մահացել» բարոյախրատական պիեսը։

– Ինչպե՞ս անցան փորձերը։

– Փորձերը անցնում էին բնականոն հունով և պրոֆեսիոնալ մակարդակի վրա։ Նախ ընթերցման (չիտկայի) փուլն էր։ Հետո, իհարկե տեսարաններ «բեմում», ասել է թե` միզանսցենն էր։ Մեծ խնդիր ունեինք։ Պիեսում գործող անձերից մեկը կին էր, ու կար դերասանուհի գտնելու անհրաժեշտություն։ Սա ավելի բարդ տրվեց, քան ես կարող էի պատկերացնել։ Դիմեցի բոլոր ընկերներիս ու գործընկերներիս։ Երջանկահիշատակ դրամատուրգ Սամվել Խալաթյանը ծանոթացրեց Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան թատրոնի շնորհալի դերասանուհիներից մեկի հետ, ով սիրով համաձայնեց միանալ աշխատանքին, սակայն Վանաձոր-Արմավիր ճանապարհը այնքան էլ հեշտ չէր անցնելը` փորձերին մասնակցելու համար։ Այսպես, չհասցրեցինք մինչև մարտ։ Հույսը, իհարկե, չէր լքել մեզ։ Եվ մի օր մեր հայրենակից, ֆրանս֊ամերիկյան նշանավոր դերասանուհի Նորա Արմանիի միջոցով ստեղծվեցին նոր ծանոթություններ, ինչի արդյունքում էլ ունեցանք այնքան սպասված դերասանուհուն` Ստեփանակերտի թատրոնի երկարամյա աշխատակից, ներկայում՝ Արտաշատի թատրոնի դերասանուհի Մարիաննա Գրիգորյանին։ Ներկայացման առաջնախաղը եղավ օգոստոսի 9-ին և նվիրվեց նշանավոր դրամատուրգ Գևորգ Սարգսյանի ծննդյան 90 և Երվանդ Մանարյանի ծննդյան 100-ամյա հոբելյաններին։ Ցավով պիտի տեղեկանայինք, որ Գևորգ Սարգսյանը նույն օրը երեկոյան կնքել է իր մահկանացուն։ Սա եղավ մեր վերջին նվերը մեծ գրողին։

– Դատապարտյալները հեշտությա՞մբ ինտեգրվեցին աշխատանքին։

– Հիմա մի զարմանալի բան պիտի ասեմ։ Սկզբում, երբ նոր էի դերաբաշխում անում, կային տղաներ, որ խնդրում էին շրջանցել իրենց, գոնե այս անգամ։ Արդեն մի քանի փորձից հետո նույն տղաները մեծ ոգևորությամբ հարցնում էին՝ երբ է նշանակված հաջորդ փորձը։

– Ի՞նչ սովորեցիք ընթացքից։

– Ինքնաճանաչում։ Մենք բոլորս հասկացանք ու հիմնավորեցինք, որ կարող ենք ու պարտավոր ենք անել ավելին։

– Ներկայացումն ինչպե՞ս անցավ։

– Հիանալի։ Բոլորն էլ գոհ էին` ինձնից սկսած, մինչև դերակատարներ և հյուրեր։ Մասնագիտական հանրույթից հյուրեր եղան, ինչպես օրինակ Մշակույթի վաստակավոր գործիչ, Ազգային Տիկնիկային թատրոնի երկարամյա ղեկավար, պրոֆեսոր Ռուբեն Բաբայանը, ումից դրվատանքի խոսքեր լսեցինք։ Կարող ենք ասել, որ մենք հասանք բաղձալի նպատակին։

– Ի՞նչ դժվարությունների կամ խոչընդոտների բախվեցիք, ինչպե՞ս հաղթահարեցիք։

– Խոչընդոտներն առավելապես տեխնիկական էին, ինչպես պատահում է բոլոր թատրոններում՝ հագուստ, դեկորացիա․․․ Դերասանուհու մասին արդեն ասացի։ Հա, նաև բեմ չունեինք։ Բայց կարողացանք փոքրիկ հարթակ կառուցել միայն ներկայացման նախորդող օրը։ Այս հարցում ևս մեծապես օժանդակեցին մեր բարեկամները։

– Նման նախաձեռնություններն ի՞նչ են տալիս ձեզ։

– Առաջին հերթին` արդյունավետ զբաղվածություն, որը շատ կարևոր է։ Երկրորդը` գաղափարակիցներով միևնույն խնդրի լուծման ուղղությամբ կոլեկտիվ աշխատանք։ Ինչպես կասեր մեծն Սևակը` «….եսը խառնել մեծ մենքի հետ….»։

– Ի՞նչ է սպասվում առաջիկայում։

– Առաջիկայում` հոկտեմբերի 11-ին և 15-ին նախատեսվում է ներկայացման նոր ցուցադրություններ։ Ամսի 11-ին ցուցադրությունը նվիրված կլինի քրեակատարողական ծառայողի օրվան, և առաջին անգամ հնարավորություն կտրվի, որպեսզի դատապարտյալների հարազատները ևս ներկա գտնվեն։ Սա կարևոր մի բան է, որի մասին մի անգամ չէ, որ խոսել եմ Քրեակատարողական ծառայության ներկայացուցիչների հետ և խնդրել ստեղծել համապատասխան հնարավորություն։ Բանն այն է, որ դատապարտյալի հարազատներն ամենաշատ տուժած անձինք են, որոնք հեռու են իրենց զավակից, ամուսնուց, հորից, եղբորից….. Եվ ի՞նչ են տեսել բացի ծանրաքաշ իրեր ու հանձնուքներ բերելուց, որ իրենց հարազատի համար հանգիստ լինեն։ Սա եզակի հնարավորություն է հպարտանալու նույն այդ հարազատով։ Ամսի 15-ի ներկայացումը հյուրերի և մասնավորապես թատերական հանրույթի ներկայացուցիչների համար է։ Իհարկե, հրավիրել ենք նաև տարբեր պետական կառույցների ներկայացուցիչների, որովհետև ինչպես մենք ենք տեսնում մեր աշխատանքի արդյունքները, այնպես էլ ուզում ենք, որպեսզի դրանք տեսնեն մեզ համար հնարավորություն ստեղծած պատկան մարմինները։

– Ապագայի համար ի՞նչ ծրագրեր կան։

– Հիմա Հայաստանի թատերական գործիչների միության հետ համագործակցությամբ նոր դասընթաց ենք իրականացնում, որը կրում է «Թատրոնը և մենք» խորագիրը։ Դասընթացն իրականացնում եմ ես։ Բաղկացած է տեսական և գործնական մասերից։ Առաջիկայում տեղի կունենա Հայաստանի թատերական գործիչների միության կողմից հավաստագրերի հանձնման արարողություն։ Հաջորդիվ կունենանք նոր ներկայացում, որի փորձերն արդեն սկսել ենք։

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2025 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.