Skip to content Skip to sidebar Skip to footer

Ազատազրկված կանանց բուժսպասարկումն իրականացնող բուժանձնակազմն ապահովված չէ աշխատանքային բնականոն և արդյունավետ ընթացք ապահովող պայմաններով

Վերջին ամիսներին «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ կատարած այցելությունների ժամանակ արձանագրել ենք, որ հիմնարկի վարչական շենքում կատարվող վերանորոգման պատճառով «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում տեղակայված ստորաբաժանմանը ժամանակավորապես որպես աշխատանքային սենյակ է հատկացվել կացարանային տեսակի մասնաշենքերից մեկի առաջին հարկի սենյակներից մեկը։ Կացարանային մասնաշենքը նախատեսված է ցածր անվտանգության գոտու մեղմ պայմաններում պատիժ կրող կանանց համար և գտնվում է ոչ բարվոք վիճակում։

Մասնավորապես արձանագրել ենք, որ սենյակում տիրող բարձր խոնավությունը և ոչ բավարար սանիտարահիգիենիկ պայմանները մտահոգիչ են ինչպես ստորաբաժանման աշխատակիցների առողջության, այնպես էլ դեղորայքի և բժշկական կամ այլ բնույթի աշխատանքային փաստաթղթերի պահպանման համար։

Արձանագրել ենք նաև, կացարանային շենքի տվյալ հատվածն ապահովված չէ համացանցային հասանելիությամբ։ Ավելին, ստորաբաժանումը տվյալ պահին ապահովված չէր համակարգչով և տպիչ սարքավորմամբ։ Գրագրությունը կատարվում էր ձեռագիր տարբերակով, ինչը դժվարություններ է առաջացնում աշխատանքային բնականոն գործունեությունը և փաստաթղթաշրջանառությունն արդյունավետ ձևով կատարելու հարցում։  

Ելնելով վերագրյալից՝ գրությամբ դիմել ենք Առողջապահության և Արդարադատության նախարարություններին՝ առաջարկելով իրենց լիազորությունների շրջանակներում անհրաժեշտ գործողություններ ձեռնարկել։ Մասնավորապես, առաջարկել ենք․

  • Նախքան հիմնարկի վարչական շենքի վերանորոգման ավարտը ստորաբաժանմանն այնպիսի աշխատանքային սենյակ հատկացնել, որը կունենա բավարար պայմաններ և վտանգ չի ներկայացնի ստորաբաժանման աշխատակիցների առողջության, ինչպես նաև դեղորայքի և բժշկական կամ այլ բնույթի աշխատանքային փաստաթղթերի պահպանման տեսանկյունից։
  • Ստորաբաժանմանը հատկացված աշխատանքայի սենյակն ապահովել համացանցային հասանելիությամբ։
  • Քայլեր ձեռնարկել՝ ստորաբաժանմանը համակարգիչ և տպիչ սարքավորում հատկացնելու ուղղությամբ՝ աշխատանքային բնականոն գործունեությունը և փաստաթղթաշրջանառությունն արդյունավետ ձևով կատարելու համար։

Արդարադատության նախարարությունից պատասխանել են, որ Կառավարության 2023 թվականի ապրիլի 27-ի թիվ 614-Ն որոշմամբ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմին է ճանաչվել Առողջապահության նախարարությունը: Հետևաբար գրությամբ բարձրացված հարցերը, ինչպես նաև դրանց վերաբերյալ առաջարկվող լուծումները դուրս են Արդարադատության նախարարության իրավասությունների շրջանակներից:

Առողջապահության նախարարությունից տեղեկացրել են, որ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բոլոր բժշկական ստորաբաժանումները, այդ թվում` «Աբովյան» ստորաբաժանումը, ապահովված են համակարգիչներով և տպիչ սարքավորումներով:

Տեղեկացրել են նաև, որ համաձայն Կառավարության 2023 թվականի ապրիլի 27-ի թիվ 614-Ն որոշման՝ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ բժշկական ստորաբաժանումների համար նախատեսված տարածքները պետք է տրամադրվեն «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ին: Շրջանառվել է Կառավարության որոշման նախագիծ՝ Առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ին անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տարածք հանձնելու մասին: Հանձնելու պարագայում նշված տարածքներում շինարարական, վերանորոգման աշխատանքները, համացանցի հասանելիությունը, ինչպես նաև անհրաժեշտ գույքով ապահովումը կիրականացվի «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։

Մեր կարծիքով «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի կառավարումն իրականացնող գերատեսչությունների փոփոխությունը չպետք է հանգեցնի այնպիսի իրավիճակի, որ ազատազրկված կանանց և անչափահասների բժշկական սպասարկումն իրականացնող բուժանձնակազմի կարիքներն անտեսվեն, ինչի հետևանքով նրանք զրկվում են աշխատանքային բնականոն և արդյունավետ ընթացք ապահովող պայմաններից։

Հետևաբար վերահաստատում ենք մեր այն մոտեցումը, որ մինչև «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի վարչական շենքի վերանորոգման ավարտն անհրաժեշտ է համատեղ ջանքեր գործադրել և հիմնարկում գործող բժշկական ստորաբաժանմանն այնպիսի աշխատանքային սենյակ հատկացնել, որը վտանգ չի ներկայացնի բուժաշխատողների առողջության, դեղորայքի և բժշկական կամ այլ բնույթի աշխատանքային փաստաթղթերի պահպանման տեսանկյունից։

Այդ սենյակի պայմանները պետք է այնպիսին լինեն, որ հնարավոր լինի ապահովել համացանցային հասանելիությունը, գործարկել համակարգիչը և տպիչ սարքավորումը՝ աշխատանքային բնականոն գործունեությունը և փաստաթղթաշրջանառությունն արդյունավետ ձևով կատարելու համար։

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2024 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.