Skip to content Skip to sidebar Skip to footer

Քրեակատարողական ծառայության համագործակցային քաղաքականությունը վստահություն է ներշնչում, որ համակարգային բնույթ կրող մյուս խնդիրները նույնպես լուծում կստանան

Ուրախ ենք Քրեակատարողական ծառայության պաշտոնական հրապարակումից տեղեկանալ, որ քրեակատարողական հիմնարկների համար ձեռք է բերվել բոլորովին նոր, հակավանդալային, անհատական քարտային համակարգով աշխատող 170 հեռախոս։ Նոր ներդրված համակարգի շնորհիվ դեպի հատուկ կարևորության հեռախոսահամարներին (ՄԻՊ, Արդարադատության, Առողջապահության նախարարությունների, Քրեակատարողական ծառայության, տարբեր այլ կառույցների թեժ գծեր և այլն) կատարվող անվճար զանգերից բացի ազատազրկված անձինք հնարավորություն կունենան Հայաստանում ֆիքսված և բջջային բոլոր ցանցերին ամսական 20 րոպե տևողությամբ զանգեր իրականացնել անվճար՝ պետական միջոցների հաշվին։ Տրամադրվող անվճար րոպեների սպառումից հետո ազատազրկված անձը կարող է կանխավճարային եղանակով ստանալ խոսելաժամանակ՝ 1 րոպեն 8,91 դրամ սակագնով՝ նախկին 18-35 դրամ սակագնի փոխարեն:

Նշենք, որ դեռևս 2020 թվականին իրականացված «Ազատազրկված անձանց վերասոցիալականացման հիմնախնդիրները ՀՀ-ում» հետազոտական զեկույցում (էջեր 64-66) բացահայտել ենք բացահայտել ենք այն հիմնախնդիրը, որ ազատազրկված անձինք դժվարություններ են ունենում հեռախոսակապից օգտվելու համար հեռախոսաքարտերը սեփական միջոցների հաշվին ձեռք բերելու հարցում։ Բանն այն է, որ դրանց սակագները թանկ են, իսկ ազատազրկված անձանց զբաղվածության տոկոսը բավականին ցածր է, ավելին՝ վարձատրվող աշխատանքներում ընդգրկված չեն կալանավորված անձինք և անչափահասները։ Այսինքն՝ հիմնարկի ստեղծած զբաղվածության միջոցները բավարար չեն հեռախոսաքարտի համար անհրաժեշտ ծախսը ինքնուրույն հոգալու համար: Մյուս կողմից էլ հեռախոսաքարտը հանձնուքի (ծանրոցի) միջոցով ստանալը հավելյալ ծախս է ենթադրում ազատազրկված անձանց ընտանիքների և հարազատների համար։

Հետազոտական մյուս զեկույցներում արձանագրել ենք, որ խնդիրն առավել սուր է արտահայտվում ազատազրկված կանանց և անչափահասների շրջանում։ Կան մայրեր, ովքեր անգամ քրեակատարողական հիմնարկից շատ հոգատար են վերաբերվում իրենց երեխաների դաստիարակությանը, դպրոց հաճախելիությանը և դասապատրաստմանը։ Սակայն հեռախոսաքարտերի բարձր սակագների պատճառով կանայք չեն կարողանում բավարար չափով օգտվել կապի այդ տեսակից։

Խնդիրը սուր է արտահայտվել նաև համավարակի կանխարգելման նպատակով քրեակատարողական հիմնարկներում կիրառված սահմանափակումների ժամանակ։ Ազատազրկված կանայք և անչափահասները մեզ հետ զրույցում (էջեր 45-50) հիմնականում դժգոհել են հեռախոսաքարտերի սակագներից։ Նրանք նշել են, որ 1 քարտն արժե 1200-1500 դրամ, ինչն իրենց համար թանկ է: Անհրաժեշտության դեպքում դրանք ձեռք են բերել հիմնարկին կից գործող կրպակից, սակայն երբեմն ֆինանսական միջոցները չեն բավարարել, քանի որ հանձնուքների արգելքի և սահմանափակման ժամանակ նրանք կրպակից գնել են նաև անձնական հիգիենայի պարագաներ և առաջին անհրաժեշտության սնունդ։ Շատերի հարազատները համավարակի կանխարգելման նպատակով կիրառված սահմանափակումների պատճառով զրկվել են աշխատանքից և չեն կարողացել օգնել հեռախոսաքարտերի ձեռքբերման հարցում, իսկ պետության կողմից այդ ժամանակահատվածում անվճար հեռախոսաքարտեր չեն տրամադրվել:

Հետևաբար Արդարադատության նախարարությանը պարբերաբար առաջարկել ենք մշակել առանձին դեպքերում, հատկապես համավարակի ժամանակ, հեռախոսակապից օգտվելու համար նախատեսված քարտերը անվճար հիմունքներով ազատազրկված անձանց տրամադրելու ընթացակարգ՝ շեշտադրելով կանանց խոցելիությունը։ Խնդրի մասին պարբերաբար բարձրաձայնել ենք մեդիա քննարկումների և Արդարադատության կողմից նախաձեռնված աշխատանքային քննարկումների ժամանակ։

Միևնույն ժամանակ հաշվի առնելով ազատազրկված կանանց և անչափահասների խոցելիությունը, ինչպես նաև համավարակի ժամանակ ընտանիքի անդամների հետ նրանց կապի կարևորությունը՝ 2020 թվականին 150 անվճար հեռախոսաքարտ ենք տրամադրել ազատազրկված կանանց և անչափահասներին։

Մեր կարծիքով դրական առաջընթաց էր այն, որ ազատազրկված անձանց համար հեռախոսակապից և տեսազանգից անվճար օգտվելու հնարավորություն է նախատեսվել 2022 թվականին կատարված օրենսդրական փոփոխությունների արդյունքում: Ըստ այդմ՝ նրանց ամսական 1-ական հեռախոսակապ և տեսազանգ էր տրամադրվում պետական միջոցների հաշվին։ Հեռախոսակապից և տեսազանգից լրացուցիչ օգտվելու դեպքում ազատազրկված անձինք պետք է վճարեն իրենց միջոցների հաշվին։ Սակայն քրեակատարողական հիմնարկներ կատարած այցերի ժամանակ արձանագրել ենք, որ անվճար զանգերը վերաբերում են միայն քաղաքային հեռախոսահամարներին, իսկ բջջային հեռախոսահամարներին զանգահարելու համար անձինք պետք է իրենց միջոցների հաշվին հեռախոսաքարտեր ձեռք բերեին։

Հեռախոսակապն ընտանիքի և արտաքին աշխարհի հետ ազատազրկված անձանց կապը պահպանելու կարևոր միջոցներից է, և կարևոր է, որպեսզի արտաքին աշխարհի հետ կապի այդ միջոցից օգտվելու համար քրեակատարողական հիմնարկներում ստեղծված պայմանները լինեն մատչելի ազատազրկված բոլոր անձանց համար։ Ուստի ողջունում ենք Քրեակատարողական ծառայության նախաձեռնությունը՝ ուրախ լինելով, որ տարիներ շարունակ մեր կողմից բարձրացված խնդիրը լուծում է ստացել։

Մեր մոտեցումն այն է, որ անհրաժեշտ է կատարված փոփոխության մասին պատաճ իրազեկում իրականացնել ազատազրկված անձանց և քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների շրջանում։ Նաև անհրաժեշտ է դիտարկել խիստ անհրաժեշտության դեպքում ոչ աշխատանքային օրերին և ժամերին հեռախոսակապից և տեսակապից օգտվելու հնարավորություն նախատեսելու հարցը, ինչպես նաև տեսազանգից և հեռախոսակապից օգտվելու առավել ճկուն մեխանիզմ ներդնել ազատազրկված օտարերկրացի անձանց համար։ Բանն այն է, որ Հայաստանի և նրանց քաղաքացիության երկրի՝ տարբեր ժամային գոտիները տարբեր, մինչդեռ հեռախոսազանգից և տեսազանգից թույլատրվում է օգտվել միայն աշխատանքային օրերին և ժամերին: 

Քրեակատարողական ծառայության համագործակցային քաղաքականությունը վստահություն է ներշնչում, որ համակարգային բնույթ կրող մյուս խնդիրները նույնպես պատշաճ արձագանք և լուծում կստանան։   

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2025 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.