Կառավարության 2024 թվականի մայիսի 2-ի թիվ 649-N որոշմամբ սահմանվել է քրեակատարողական ծառայողների ատեստավորման նոր կարգը։
Ըստ կարգի՝ ատեստավորումն իրականացվում է 4 փուլերով՝ ֆիզիկական պատրաստականության ստուգարք, ընդհանուր զարգացվածության բաժնի թեստավորում, մասնագիտական բաժնի թեստավորում և հարցազրույց, որն իրականացվում է միայն գլխավոր խմբի ծառայողների համար։ Ատեստավորման հաջորդ փուլին կարող են մասնակցել նախորդ փուլում անցողիկ միավորներ ապահոված ծառայողները։
Քրեակատարողական համակարգում ատեստավորման գործընթացը մեկնարկվել է 2024 թվականի սեպտեմբերին։
Չորս փուլերի արդյունքում 36 ծառայողից ատեստավորումը հաջողությամբ հաղթահարել է 31 հոգի: Ըստ ատեստավորման արդյունքում հավաքած միավորների կհաշվարկվի նրանց տրվելիք ամսական հավելավճարի չափը։ Ատեստավորմանը մասնակցելու համար դիմել էին գլխավոր, առաջատար, միջին և կրտսեր խմբերի ծառայողները։
Հանձնաժողովի կազմում են եղել նաև Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Սահակ Գրիգորյանը, Վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության գլխավոր իրավաբան Արման Թադևոսյանը, «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» հկ նախագահ Նարե Հովհաննիսյանը: