Այսօր՝ 2024 թվականի հոկտեմբերի 17-ին, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկը կրկին մարդաշատ էր։ Հիմնարկի ինքնագործ մշակութային միավորման նախագահ Մուշեղ Մխիթարյանի նախաձեռնությամբ, Հայաստանի մշակույթի գործիչների միության և հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աջակցությամբ ներկայացվեց «Մահացե՞լ եմ, չե՛մ մահացել» պիեսը։ Պիեսը հեղինակել և բեմադրել է Մուշեղ Մխիթարյանը։ Դատապարտյալները բեմ դուրս եկան Արտաշատի Ամո Խարազյանի անվան թատրոնի դերասանուհի Մարիաննա Գրիգորյանի հետ։
Դահլիճը մարդաշատ էր։ Դատապարտյալների թատերական խաղը դիտելու էին եկել արվեստի և մշակույթի ոլորտի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, մասնակից դատապարտյալների հարազատները, հիմնարկում պատիժ կրող այլ դատապարտյալներ, հիմնարկի ծառայողներ և աշխատողներ, այդ թվում՝ ներկայացուցիչներ Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնի ուսուցչական կազմից և Քրեակատարողական բժշկության կենտրոնի բուժանձնակազմից։
Ներկայացման դերակատարները Հայաստանի թատերական գործիչների միության կողմից արժանացան խրախուսական դիպլոմների։ Միջոցառման ավարտին Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ, պրոֆեսոր Հակոբ Ղազանչյանը մասնակցության վկայականներ հանձնեց այն դատապարտյալներին, ովքեր վերջերս մասնակցել էին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ինքնագործ մշակութային միավորման հետ համագործակցությամբ իրականացված «Թատրոնը և մենք» դասախոսությանը։
Ներկայացնում ենք «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի հարցազրույցը բեմադրության մասնակից, դատապարտյալ Կարեն Դալլաքյանի հետ։
– Ինչպե՞ս համաձայնեցիր մասնակցել թատերական ներկայացման։ Չկա՞ր կաշկանդվածություն, որ պետք է դեր խաղաս։ Չէ՞ որ դա բանտային միջավայրում է տեղի ունենում։
– Պետք է ասեմ, որ բանտը ինձ համար խոչընդոտ չէր, որպեսզի կաշկանդվեի, քանի որ ինձ միշտ է հետաքրքրել այն, ինչ կապված է արվեստի հետ, իսկ արվեստը, ինչպես գիտենք, սահմաններ չի ճանաչում։ Դեռ 16 տարեկանից՝ մինչև անազատության մեջ հայտնվելս, մասնակցել եմ տարբեր քասթինգ-ստուդիաների կողմից կազմակերպված նկարահանումների՝ տեսահոլովակներ, գովազդային հոլովակներ, սերիալներ, ֆիլմերի էպիզոդներ։ Մշտապես հաճախել եմ թատրոն և այդ ընթացքում ինքս ինձ միշտ հարց եմ տվել, թե արդյոք կարո՞ղ եմ բեմում հայտնվել թեկուզ ինչ-որ էպիզոդիկ դերով։
Այս ներկայացումն ինձ համար թե փորձություն էր, թե հնարավորություն, որը, ըստ իս, պատվով հաղթահարեցի։ Կաշկանդվածությունը հաղթարարեցի այն բանից հետո, երբ այս ներկայացումից առաջ նույն բեմահարթակին մի քանի անգամ ասմունքեցի ասմունքի ցերեկոների շրջանակներում, որը կազմակերպել էինք ինքնագործ մշակութային միավորման տղաներով և ներկայացել բարձրաստիճան հյուրերի առջև։
Բեմն ինձ համար ինքնաճանաչման, ինքս ինձ մարտահրավեր նետելու և հաղթահարելու մի յուրօրինակ ձև է, ինչպես նաև պատասխանատվություն։
– Ի՞նչ կերպար ես մարմնավորում։ Կերպարի հետ երկխոսության մեջ մտնո՞ւմ ես, իր հետ համաձայնություն կամ անհամաձայնություն ունե՞ս։
– «Մահացե՞լ եմ, չե’մ մահացել» ներկայացման մեջ կերպարս, որին մարմնավորում եմ, հրաշագործն է, ում կերտել է ներկայացման գլխավոր հերոսն իր գրքերից մեկում և որին էլ հանդիպում է կոմայի մեջ։ Կերպարս ինձ համար ընդունելի է, քանի որ ամեն ոք ինքն է իր մտքերում կերտած կերպարին տալիս այս կամ այն շնորհն ու հնարավորությունները։ Ներկայացումը դիտողը կամ պիեսը ընթերցողը կհասկանա, թե ինչ նկատի ունեմ։ Կարծում եմ, որ կերպարի մեջ ոչինչ չէի փոխի։ Նա ճիշտ իր տեղում է և ճիշտ ժամանակին։ Կյանքի կարևոր դաս է տալիս յուրաքանչյուր տարիքի և սեռի մարդու՝ ինչպես որ այս պիեսում գլխավոր հերոսին, թեև վերջինս 88 տարեկան գրող է։
– Ինչպե՞ս են անցել փորձերը։
– Փորձերն անցել են ջերմ մթնոլորտում, քանի որ բոլորս իրար լավ ենք ճանաչում և օրվա մեծ մասը միասին ենք, աշխատում ենք նույն գաղափարի և նպատակի շուրջ։ Քրեակատարողական հիմնարկը մի կարևոր առանձնահատկություն ունի։ Մինչև դատապարտյալների միջև դրական հարաբերություններ ձևավորված չլինեն, ոչ մի գաղափար չի ստացվի իրագործել։ Այդ հարաբերությունները տվյալ գաղափարի իրագործման ընթացքում չեն ձևավորվում։ Պարզապես ընթացքում իրար հնարավորությունները կամ ունակություններն ավելի լավ ենք իմանում։ Կերպարների միջև հարաբերությունները կամ փորձերի ընթացքում առաջացած տարաձայնությունները կոնֆլիկտի չեն վերածվում։ Մեկս մյուսիս օգնում ենք, որ հնարավորինս փայլուն հանդես գանք։ Այսինքն՝ աշխատում ենք միասնական օրգանիզմի նման։
– Հեշտությա՞մբ ես ինտեգրվել աշխատանքին։
– Ես առհասարակ շատ արագ եմ ադապտացվում յուրաքանչյուր միջավայրի և աշխատանքներին, քանի որ շփվող և կենսուրախ մարդ եմ, սիրում եմ նոր բաներ սովորել և փոխգործակցել։
– Ի՞նչ սովորեցիր այդ փորձառությունից։ Դա քեզ ի՞նչ տվեց։ Ի՞նչ է քեզ օգնում հաղթահարել նման նախաձեռնության մեջ ընդգրկված լինելը։
– Առաջին հերթին նման նախաձեռնություններն ինձ տալիս են ինքնարտահայտվելու, ինքս ինձ նորովի բացահայտելու հնարավորություն։ Բացի այդ, զբաղվածություն են ապահովում։ Նաև արվեստին մոտ են պահում, ինչու ոչ, հետագայում ավելի անկաշկանդ հանդես գալու հնարավորություն են տալիս։ Չէ՞ որ կյանքը բանտով չի սահմանափակվում։ Եվ ո՞վ գիտի, գուցե մի գեղեցիկ օր հենց բեմը դառնա իմ կյանքի ամենակարևոր հարթակը։ Ամեն դեպքում՝ առաջ Աստված։