Առաջին անգամ չէ, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի մշակութային ինքնագործ միավորման նախագահ Մուշեղ Մխիթարյանը (Մխիթար Մոս֊Մուշեղյան), Հայաստանի Մշակույթի գործիչների միության հետ համագործակցությամբ ու հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի օժանդակությամբ նախաձեռնում է «Թատրոնը և մենք» դասախոսությունների շարքը։ Այս տարվա նախաձեռնությունը նշանավորվեց Հայաստանի թատերական գործիչների միության հետ համագործակցության մեկնարկով։
Ներկայացնում ենք նախաձեռնության հեղինակի մեկնաբանությունն այն մասին, թե ինչ թեմաներ են ներառված դասախոսությունների շարքում, ինչու է դա կարևոր դատապարտյալների համար, ինչ է տալիս նրանց և բանտային առօրյային առհասարակ։
Թատերական դասընթացի համար խումբ հավաքելիս առաջին հերթին պետք է ուսումնասիրել մասնակցելու ցանկություն արտահայտած անձանց, դիտարկել նրանց ներքին կարողությունները և հնարավոր արդյունքն այդ կարողություների զարգացման դեպքում՝ ի՞նչ ամպուլա ունեն, ի՞նչ կերպարներ կարող են մարմնավորել և այլն։ Որովհետև ցանկացած նմանօրինակ դասընթացի արդյունքում` լինի դա թարերական ինստիտուտում, թատերական ստուդիայում, թե՝ ոլորտն ուսումնասիրող այլ հաստատությունում, պետք է լինի վերջնական խմբային աշխատանք՝ որպես վերջնարդյունք։ Այս տեսանկյունից կարևոր է, որպեսզի խմբի գոնե կեսն ունակ լինի` ունենա նախատրամադրվածություն և որոշակի օժտվածություն։
Առաջին հերթին ուսումնասիրում ենք թատրոնի ակունքները՝ սկսած մ.թ.ա 5֊րդ դարից, ծանոթանում դրամատուրգիային, ծեսերին, ժանրերին, այս ամենի զարգացմանը ժամանակի հետ։ Գալով մ.թ.ա՝ ուսումնասիրում ենք հայկական թատրոնի ծագումը` Արտաշիսյան թագավորական դինաստիայի օրոք։ Զուգահեռներ ենք անցկացնում հունահռոմեական և հայկական թատրոնների միջև։ Արդյունքում ունենում ենք համապարփակ իմացություն տեսական մասով։ Սրան զուգահեռ անցնում ենք դարակազմիկ գործիչների կենսագրականները, խոսում նրանց մասին փաստական տվյալներով, ուսումնասիրում միֆերը։ Օրինակ` Էսքիլոսի մահվան միֆը, ըստ որի՝ մի մեծ արծիվ, հեռվից տեսնելով ծառի տակ նստած Էսքիլոսին, նրա ճաղատ գլուխը շփոթելով քարի հետ՝ մի մեծ կրիա է գցում, որ կոտրի, ուտի… և Էսքիլոսը մահանում է Կրիայով գլխին ստացված հարվածից….. և այլն։
Անցում ենք կատարում վաղ և ուշ միջնադար, ուսումնասիրում ժամանակի թատերական բարքերը, եկեղեցու և արվեստի բախումը և ապա դրանց միաձուլումը եկեղեցական ծիսակարգերում։ Ուսումնասիրում ենք Շեքսպիրի, Շիլլերի, Գյոթեի և այլ նշանավոր գործիչների ստեղծագործական ուղիները։ Ուսումնասիրում ենք հայկական գաղթօջախները և դրանցում թատերական կյանքը, քանի որ 14-20 դարերում հայկական պետականության բացակայության պայմաններում դե յուրե չկար նաև հայկական թատրոն։ Գալիս ենք 18-19 դարեր երբ կրկին հայկական թատրոնը սկսեց թափ առնել։ Ծանոթանում ենք գործիչներին` գրողներին և դերասաններին, բեմադրիչներին և թատերական կոլեկտիվների հիմնադիրներին։ Ուսումնասիրում ենք 20 դարը, առաջին Պետթատրոնի կազմավորումը, Թիֆլիսի ու Կոստանդնուպոլսի ազդեցությունն ու նշանակությունը։
Ուսումնասիրում ենք ժանրերն ու դրանց առանձնահատկությունները, ծագումնաբանությունն ու տրանսֆորմացիան։ Իրականացնում ենք ձայնային վարժություններ` կոկորդից կրծքավանդակ և այլն, դերասանի վարպետություն` ճիշտ ընկնելուց մինչև բեմում ճիշտ շարժվելու տեխնիկա։ Իհարկե կարելի է սովորել միայն դերասանի վարպետության ու բեմական խոսքի շրջանակներում և ունենալ նորմալ ներկայացում, սակայն այդ պարագայում չենք ունենա մոտիվացիա։
Առհասարակ պատմությունը ոգևորիչ է։ Ինչպես նախնիների սխրանքով մեծացածներն են անձնուրաց կռիվ տալիս մարտադաշտում, այնպես էլ թատրոնի պատմություն ուսումնասիրածներն են նվիրվում այդ գործին։ Այստեղ է դերասան ու դերարար կրթելու տարբերությունը։ Այսինքն` մարդիկ պետք է հասկանան ինչ են անում, այդ ամենը ինչպես է արվել նրանցից առաջ և ինչու, որն է թատրոնի գաղափարը, հրապույրը։
Որևէ կերպար մարմնավորելը քանդում է տարածաժամանակային արգելքները։ Դու դառնում ես ուրիշ մարդ մի ուրիշ վայրում։ Եվ մարդիկ կտրվում են իրենց գաղջ իրականությունից։ Տրվում են երազանքներին։ Երբեմն` հնարավորություն ստանում դրանք իրականացնել։ Յուրաքանչյուր կերպար, որն անձնավորում է դերարարը, անցկացնում է ներքին մաղով, ձուլվում է դրա հետ։ Եվ այս տեսանկյունից՝ հերոսի երազանքներն էլ, կյանքային դժվարություններն էլ դառնում են քոնը, դու ապրում ես դրանով, լուծում ես խնդիրները ու քեզ հաղթանակած զգում։ Ու այս փորձառությունը կիրառում ես կյանքում։ Լցվում ես հույսով, որ դու կարող ես։