«Անձնային աճ՝ ինքնակատարելագործման ուղի» խորագրով մեկամսյա դասընթացն անցկացվում է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում, հիմնարկի ինքնագործ մշակութային միավորման անդամ, դատապարտյալ Վիտալիոս Խիոնիդիսի նախաձեռնությամբ, հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի ու Հայաստանի մշակույթի գործիչների միության աջակցությամբ։ Դասընթացի ավարտին ՀՄԳՄ-ի կողմից մասնակից դատապարտյալներին կշնորհվեն հավաստագրեր։
Ներկայացնում ենք նախաձեռնության հեղինակի մեկնաբանությունն այն մասին, թե ինչպես է առաջացել նման դասընթաց վարելու մտահղացումը, ինչ թեմաներ է այն ներառում, ինչու է կարևոր և ինչ է փոխում դատապարտյալների առօրյայում, և, ի վերջո, ինչ է տալիս նրանց։
Դասընթաց իրականացնելու մտահղացումն առաջացավ անհրաժեշտությունից, որը տեսա։ Ես 3 մասնագիտություն ունեմ` Կլինիկական հոգեբանություն, Միջազգային իրավունք և Դիվանագիտություն։ Սրան էլ եթե հավելենք, որ ունեմ առողջ ապրելակերպի և սննդի խորհրդատուի դիպլոմ, կամբողջանա այն կերպարը, ով այսօր իրականացնում է այս դասընթացը, որովհետև երբ համադրում ես այս մասնագիտությունները, ստանում ես կենսափորձ, որն անհրաժեշտ ես համարում դարձնել օրինակ։
Ես առողջ եմ, չեմ ունենում խորը դեպրեսիաներ, գիտեմ՝ ինչ եմ ուզում և նպատակասլացորեն գնում եմ դեպի դրան…։ Ահա մի բան, որի պակասը տեսել եմ շատ շատերի մեջ և ցանկացել եմ ուղղել… ուղղորդել` դեպի առավել հեշտ ու գիտակից առօրյա։
Դասընթացի համար պահանջվող նյութերն էլ գալիս են կենսափորձից և ընտրվում լսարանի թիրախային անհրաժեշտությունից։ Չմոռանանք, ես ճանաչում եմ այդ լսարանին։ Շփվում եմ նրանց հետ, տեսնում` ինչ է պետք նրանց։ Եվ կառուցվածքն էլ պետք է լինի հանրամատչելի ու հետաքրքիր։ Կարծում եմ մեթոդական առումով գտել եմ այդ ձևաչափը։ Սրա առհավատչյան հետևում մնացած խումբն է, ներկայում` նոր խմբի հետ անցկացվող դասընթացն ու հաջորդ խմբի հավաքագրման պարագայում ինքնաառաջադրված թեկնածուները։
Մոտիվացիան էլ նույնն է, ինչ ինձ մոտ` դասավանդելիս։ Մարդիկ ցանկանում են փոխել իրենց կյանքը, լավացնել կյանքի որակը։ Եվ այս դասընթացը յուրատեսակ ազդակ է, որ նրանք դա կարող են։ Դրա համար ոչ այնքան պայման, որքան ցանկություն ու կամք է պետք։ Եվ չգիտեմ` ով` ոնց, ես զգում եմ դասընթացի մասնակիցների տրանսֆորմացիան` փոփոխությունը։
Քրեակատարողական հիմնարկի վարչակազմը ևս աջակցում է դասընթացների իրականացմանը՝ որպես վերասոցիալականացման քաղաքականության մի մաս։ Դասընթացի պաշտոնական գործընկերը Հայաստանի մշակույթի գործիչների միությունն է, ով, անսալով առաջարկս, պատրաստակամություն հայտնեց հավաստագրեր շնորհել դասընթացի մասնակիցներին։
Առաջին «շրջանավարտները» իրենց հավաստագրերը ստացան 2024 թվականի հոկտեմբերի 17֊ին «Արմավիր» ՔԿՀ֊ում տեղի ունեցած «Մահացե՞լ եմ, չե’մ մահացել» ներկայացումից հետո, որում ես նույնպես դերակատարում ունեի։ Հավաստագրերը մասնակիցներին շնորհելու էր եկել ՀՄԳՄ նախագահի հատուկ հարցերով ներկայացուցիչ, բանաստեղծ, Վիլյամ Սարոյանի անվան ամենամյա միջազգային գրական մրցույթի նախագահ Արգամ Ափրիկյանը։
Ի դեպ, պարոն Ափրիկյանը այցելում է նաև այլ քրեակատարողական հիմնարկներ և անչափ պարտավորեցնող էր լսել, որ «Արմավիր» ՔԿՀ-ն տարբերվում է իր նախաձեռնողականությամբ։ Նշանակում է` մարդկային գործոնը, իմ և իմ ընկերների, քրեակատարողական հիմնարկի վարչակազմի և հասարակական սեկտորի ջանքերն աննկատ չեն անցնում։