Skip to content Skip to sidebar Skip to footer

«Կրթությունը բացում է նոր հորիզոններ, ապագայի տեսլական է ստեղծում». Կարեն Դալլաքյան

Մինչև 10-րդ դասրան հաճախել եմ դպրոց, սակայն քննություններից 2-3 ամիս առաջ ստիպված էի թողնել դպրոցը, ուստի չհանձնեցի ավարտական քննությունները և չստացա ատեստատ։ Իսկ դպրոց չկարողացա հաճախել, քանի որ ընտանիքում ստեղծված ֆինանսական խնդիրների պատճառով անցա մասնավոր աշխատանքի, թեև դպրոցում լավ էի սովորում։

Կարող եմ ասել, որ կրթություն ստանալը ինձ համար վաղեմի երազանք է եղել։ Երբ հասակակիցներս, ընկերներս սովորում էին տարբեր բուհերում, ես էլ չէի ուզում հետ մնալ նրանցից, սակայն նախ չունեի ավարտական ատեստատ, երկրորդն էլ ֆինանսական խնդիրներով պայմանավորված՝ չէի կարող վճարել ուսման վարձերը։

Ազատազրկվելուց հետո մշտապես մտածել եմ ինչ-որ ձևով ավարտել կիսատ թողած ուսումս, ստանալ ավարտական ատեստատ, ապա բուհ ընդունվել։ Այդ հարցով քանիցս դիմել եմ ԿԳՄՍ նախարարություն, որպեսզի ինձ բացառության կարգով նման հնարավորություն ընձեռեն, սակայն դա հնարավոր չէր, քանի որ օրենքն այն ժամանակ նախատեսում էր մինչև 19 տարեկան անձանց հանրակրթություն ստանալու իրավունք։

Այս ողջ տարիների ընթացքում ձեռքերս ծալած չեմ նստել։ Քանի որ հիմնարկում առկա է գրադարան, այնտեղից ձեռք եմ բերել տարատեսակ գրականություն և ինքնուս անգլերեն եմ սովորել, մի փոքր էլ՝ ֆրանսերեն։

2022 թվականին կրթության մասին օրենքում փոփոխություն կատարվեց, որի համաձայն 19 տարեկանից բարձր անձանց իրավունք տրվեց սովորել և ստանալ ավարտական ատեստատ։

Քրեակատարողական հիմնարկներում ստեղծվեցին հանրակրթական դպրոցներ, որտեղ Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնն Արդարադատության նախարարության և Քրեակատարողական ծառայության աջակցությամբ համակարգում և կազմակերպում է ազատությունից զրկված անձանց կրթությունը։

Այդ դասընթացներին 2022 թվականի սեպտեմբերից սիրով մասնակցեցի նաև ես։ 2 տարի հաճախեցի հանրակրթական դասընթացներին, ապա 2024 թվականի մարտ-հունիս ամիսներին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում Արմավիրի Տիգրան Մեծ ռազմամարզական հատուկ վարժարանը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության միջնորդությամբ էքստեռն (դրսեկության ձևով) կազմակերպեցին ավարտական քննություններ, որի արդյունքում ստացա 12-ամյա կրթության ավարտական ատեստատ։

Պետք է ասեմ, որ Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնի տնօրինությունը, ինչպես նաև ուսուցչական կազմը ջանք ու եռանդ չեն խնայում ուսում ստանալ ցանկացող ազատությունից զրկված անձանց որակյալ կրթություն տալու հարցում, ինչը, ինչ խոսք, անչափ հաճելի է։

Ազատազրկվել եմ 25 տարեկանում, իսկ կրթությունս շարունակելու հնարավորություն ինձ տրվել է 38 տարեկանում։ Նելսոն Մանդելան ասել է․ «Կրթությունն ամենահզոր զենքն է, որի օգնությամբ հնարավոր է փոխել աշխարհը»։ Ինձ համար, ինչպես նշեցի, ուսումը միշտ առաջնային է եղել։ Կրթությունը բացում է նոր հորիզոններ։ Այն տալիս է ապագայի տեսլական։ Կրթված մարդը շրջապատում իրեն ավելի ինքնավստահ է զգում։ Իսկ որ առավել կարևոր է, ունենալով  համապատասխան կրթություն և որակավորում՝ մարդը կարող է գտնել պահանջված և բարձր վարձատրվող աշխատանք, որի օգնությամբ կարող է բարելավել իր և իր ընտանիքի կյանքի որակը։

Այժմ ընդունվել եմ Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանի «Սոցիալական քաղաքականություն և վարչարարություն» մասնագիտության բակալավրի հեռակա բաժինը։ Ընդունելության քննություններն անցկացվեցին Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից բարձր մակարդակով, միասնական ընդունելության քննությունների ձևաչափով, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։

Ընտրել եմ հենց այդ մասնագիտությունը, քանի որ այն համեմատաբար նոր մասնագիտություն է։ Արդի աշխարհում ամենուր կա սոցիոլոգների պահանջարկ։

Վարձավճարների հետ կապված դժվարություններ կան։ Բուհ ընդունվել ցանկացողների մեծ մասն ունեն լուրջ ֆինանսական խնդիրներ։ Նրանցից մեկն էլ ես եմ։ Ինչպես նշեցի խոսքիս սկզբում, հենց ֆինանսն էր ուսումս կիսատ թողնելու պատճառը։ 

Ըստ իս, քանի որ դատապարտյալը պետության հոգածության ներքո է, լավ կլիներ, եթե վարձավճարների հարցը ևս, թեկուզ մասսամբ, լիներ պետության հոգածության ներքո, առավել ևս, երբ դիմորդները մի քանիսն են։ Կարծում եմ՝ պետությունը դրանից ոչ թե կտուժի, այլ հակառակը, կունենա ավելի կիրթ և պետությանը պիտանի քաղաքացիներ։

Հավելեմ, որ այս ամենի կազմակերպման մեջ իր կարևոր դերն ունեցավ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը՝ ի դեմս պետի տեղակալ պարոն Անանյանը, և աշխատակազմը՝ Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի, ինչպես նաև անվտանգության ապահովման բաժնի և օպերատիվ աշխատանքների իրականացման բաժնի։ Ուզում եմ շնորհակալությունս հայտնել այն անձանց, ովքեր հավատացել և աջակցել են ինձ, որպեսզի կրթություն ստանամ։

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2025 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.