«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն կարևորում է քրեակատարողական հիմնարկներ արգելված իրերի ներթափանցման, ազատազրկված անձանց կողմից դրանց պահման և ապօրինի շրջանառության դեպքերի բացահայտման և կանխման ուղղությամբ Քրեակատարողական ծառայության կողմից ձեռնարկված գործողությունները։ Այդ համատեքստում ուսումնասիրել է Քրեակատարողական ծառայության կայքում 2024 թվականների հունվար-սեպտեմբեր ամիսներին տեղադրված 57 պաշտոնական հրապարակում և գրավոր հարցման միջոցով ստացված պաշտոնական պարզաբանումները, ինչը մի շարք մտահոգիչ եզրահանգումների տեղիք է տալիս։
Հիմնական մտահոգությունն այն է, որ դեռևս արդյունավետ չեն քրեակատարողական հիմնարկներ արգելված իրերի ներթափանցման ուղիների բացահայտման և կանխարգելման ուղղությամբ ձեռնարկված գործողությունները։ Մեր կարծիքով դա է պատճառը, որ շարունակվում են արգելված իրեր հայտնաբերվել քրեակատարողական հիմնարկների բնակելի գիտիներում, մասնավորապես՝ խցերում, կացարաններում կամ այլ տարածքներում։ Առավել մտահոգիչ է արգելված իրերի պահման նպատակով քրեակատարողական հիմնարկների բնակելի գոտիներում պատրաստված թաքստոցների առկայությունը։
Ըստ պաշտոնական պարզաբանման՝ Քրեակատարողական ծառայության կողմից առանձնացված վիճակագրություն չի վարվում այն մասին, թե արգելված իրերի քանի տոկոսն է բացահայտվել քրեակատարողական հիմնարկների բնակելի գոտիներում իրականացված խուզարկությունների արդյունքում։ Սակայն Քրեակատարողական ծառայության կայքէջում 2024 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին 11 պաշտոնական հրապարակում է կատարվել նշված եղանակով արգելված իրերի հայտնաբերման վերաբերյալ։ Ըստ 2 հրապարակման՝ արգելված իրեր հայտնաբերվել և առգրավվել են քրեակատարողական բոլոր հիմնարկներում՝ Քրեակատարողական ծառայության պետի հրամանով (1) և հանձնարարությամբ (2) ձեռնարկված բազմաբնույթ միջոցառումների արդյունքում։ Մյուս դեպքերում արգելված իրերը հայտնաբերվել և առգրավվել են խուզարկությունների արդյունքում։ Ըստ այդմ, արգելված իրեր են հայտնաբերվել և առգրավվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի խցերից (3), «Սևան» ՔԿՀ-ի կացարաններից մեկի թաքստոցից (4), նույն հիմնարկի բնակելի գոտու մասնաշենքերից մեկի հետնամասում գտնվող տաղավարի տանիքում պատրաստված թաքստոցից (5), նույն հիմնարկի կացարաններից և բնակելի գոտու այլ հատվածներից (6), «Արմավիր» ՔԿՀ-ի խցերից մեկից (7), նույն հիմնարկի խցերից (8), «Վանաձոր» ՔԿՀ-ի զբոսահրապարակի հարակից տարածքից (9)։ Ըստ հաջորդ հրապարակման՝ «Վանաձոր» ՔԿՀ-ի խցերում զանգվածային խուզարկություններ են իրականացվել այն բանից հետո, երբ օպերատիվ տեղեկատվություն է ստացվել խցերում պահվող արգելված իրերի մասին (10)։ Ըստ մեկ այլ հրապարակման՝ «Սևան» ՔԿՀ-ի մասնաշենքերից մեկի հարակից տարածքում տեղադրված աղբամանների մոտ պատրաստված թաքստոցից արգելված իրերը հայտնաբերվել և առգրավվել են դարձյալ ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում (11)։
«Արմավիր» ՔԿՀ-ն ապահովված է տեսահսկման համակարգով, սակայն մտահոգիչ է այն, որ վերջինիս խցերում նույնպես արձանագրվել են արգելված իրերի պահման դեպքեր։ Առավել մտահոգիչ է այն, որ, ինչպես նկարագրված է վերջին 2 հրապարակումներում, «Վանաձոր» և «Սևան» ՔԿՀ-ների բնակելի գոտիներում արգելված իրերի հայտնաբերման և առգրավման նպատակով իրականացված խուզարկությունների համար հիմք են հանդիսացել նախապես ստացված օպերատիվ տեղեկությունները։ Դա թույլ է տալիս արձանագրել, որ առկա են լուրջ թերացումներ քրեակատարողական հիմնարկներ մուտք գործող անձանց, այդ թվում՝ ազատազրկված անձանց զննության, անհրաժեշտության դեպքում՝ անձնական խուզարկության անցկացման, իսկ «Արմավիր» ՔԿՀ-ում՝ նաև տեսահսկման արդյունավետ իրականացման հարցում։
Հետևաբար կարծում ենք, որ անհրաժեշտ է վերանայել «Արմավիր» ՔԿՀ-ում տեսահսկման արդյունավետությունը, խստացնել հսկողությունը քրեակատարողական բոլոր հիմնարկների բնակելի գոտիներում, և որ ամենակարևորն է, պատշաճ ձևով կատարել քրեակատարողական հիմնարկներ մուտք գործող անձանց, այդ թվում՝ ազատազրկված անձանց զննությունը, անհրաժեշտության դեպքում՝ անձնական խուզարկությունը։
Մտահոգիչ է քրեակատարողական ծառայողների և աշխատողների, ինչպես նաև Քրեակատարողական բժշկության կենտրոնի բուժաշխատողների կողմից քրեկատարողական հիմնարկներ արգելված իրեր ներս տանելու պրակտիկան։ Ճիշտ է, առկա չէ առանձնացված վիճակագրություն այն մասին, թե քանի տոկոսի դեպքում է փորձ արվել քրեակատարողական հիմնարկների բնակելի գոտիներ արգելված իրեր ներս տանել նշված եղանակով։ Սակայն Քրեակատարողական ծառայության 2024 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների պաշտոնական հրապարակումների ուսումնասիրության արդյունքում պարզել ենք, որ ազատազրկված անձանց փոխանցվելիք արգելված իրերի հայտնաբերման և առգրավման 3 դեպք արձանագվել է «Արմավիր» ՔԿՀ-ում՝ նույն հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետի (12) և անվտանգության ապահովման բաժնի ծառայողի (13) խուզարկության, տնտեսական մասի պայմանագրային աշխատողի մոտ առկա էլեկտրական շաղափիչի զննության (14) արդյունքում, 1-ական դեպքեր «Վանաձոր» և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ներում՝ Քրեակատարողական բժշկության կենտրոնի՝ համապատասխանաբար «Վանաձոր» ստորաբաժանման բուժքրոջ զննության (15) և «Դատապարտյալների հիվանդանոց» ստորաբաժանման բուժքրոջ անձնական իրերի խուզարկության (16) արդյունքում, և 1 դեպք «Վարդաշեն» ՔԿՀ-ում՝ ազատազրկված անձանց ծառայություններ մատուցելու նպատակով հիմնարկ այցելած վարսավիրի խուզարկության (17) արդյունքում։ Ընդ որում, նշված բոլոր դեպքերում առկա են եղել ազատազրկված անձանց փոխանցելու նպատակով քրեակատարողական հիմնարկներ արգելված իրերի ներթափանցման վերաբերյալ նախապես ստացված օպերատիվ տեղեկություններ։ Բացի այդ, «Արմավիր» ՔԿՀ-ի 2 դեպքն արձանագրվել է հիմնարկի բնակելի գոտում (12, 13)։
Այս հարցում մեր մոտեցումն այն է, որ անհրաժեշտ է քրեակատարողական հիմնարկների բնակելի գոտներ յուրաքանչյուր մուտքի դեպքում քրեակատարողական ծառայողների և աշխատակիցների, ինչպես նաև Քրեակատարողական բժշկության կենտրոնի բուժանձնակազմի շրջանում զննություն, անհրաժեշտության դեպքում՝ անձնական խուզարկություն կատարել՝ անկախ նրանից՝ առկա են օպերատիվ տեղեկություններ, թե՝ ոչ։ Բացի այդ, անհրաժեշտ է ֆիքսված աշխատանքային հեռախոսային ցանցից բացի շարժական աշխատանքային հեռախոսային ցանց տեղադրել, ինչը կբացառի նշված մասնագիտական խմբերի կողմից քրեակատարողական հիմնարկների բնակելի գոտիներ սեփական օգտագործման բջջային հեռախոսներ ներս տանելու պրակտիկան։ Ինչ վերաբերում է բուժանձնակազմին, ապա անհրաժեշտ է նրանց ըստ անհրաժեշտության լուսանկարչական սարքր տրամադրել, ինչը կբացառի ազատազրկված անձանց շրջանում մարմնական վնասվածքներն արձանագրելու պատրվակով սեփական օգտագործման բջջային հեռախոսները քրեակատարողական հիմնարկների բնակելի գոտիներ ներս տանելու պրակտիկան։ Նշվածի համատեքստում միայն հնարավոր կլինի բացառել ազատազրկված անձանց բջջային հեռախոսների և արգելված այլ իրերի վաճառքի պրակտիկան։ Այս համատեքստում կարևոր է նաև, որպեսզի արգելված իրերի հայտնաբերման և առգրավման գործընթացի նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացվի, որպեսզի հրապարակվեն հայտնաբերված արգելված իրերի իրական թվերը, ինչը հիմք կտա պատշաճ քայլեր ձեռնարկել՝ բացառելու համար չհրապարակված արգելված իրերի վերավաճառքն ազատազրկված անձանց՝ քրեակատարողական մյուս հիմնարկներում։
Մտահոգիչ է նաև քրեակատարողական հիմնարկներ արգելված իրերի ներնետման պրակտիկան։ Ճիշտ է, դարձյալ առկա չէ առանձնացված վիճակագրություն այն մասին, թե արգելված իրերի քանի տոկոսն է բացահայտվել քրեակատարողական հիմնարկների բնակելի գոտիներ կատարված ներնետումների միջոցով։ Սակայն Քրեակատարողական ծառայության պաշտոնական հրապարակումների ուսումնասիրության արդյունքում պարզել ենք, որ 2024 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ներնետման 2 դեպք է արձանագրվել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում (18), 1-ական դեպքեր՝ «Վանաձոր» (19) և «Նուբարաշեն» (20) ՔԿՀ-ներում, 5 դեպք՝ «Սևան» ՔԿՀ-ում (21, 22, 23, 24, 25)։ Նշվածից ակնհայտ է դառնում, որ ներնետման փորձեր, այդ թվում՝ անօդաչու սարքերի միջոցով, առավել հաճախ կատարվում են «Սևան» ՔԿՀ-ում։ Բացի այդ, «Վանաձոր» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ներ ներնետման 1-ական դեպքերը և «Սևան» ՔԿՀ ներնետման 4 դեպքը (21, 22, 24, 25) հնարավոր է եղել բացահայտել նախապես ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում։
Այս առումով կարծում ենք, որ անհրաժեշտ է դիտարկել քրեակատարողական հիմնարկներն արտաքին տեսահսկման սարքավորումներով ապահովելու, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկների դիտաշտարակները վերազինելու և տեսահսկման սարքավորումներով համալրելու հարցը՝ հատուկ ուշադրություն դարձնելով «Սևան» ՔԿՀ-ին։
Նույնքան մտահոգիչ է ազատազրկված անձանց քաղաքացիական բժշկական կենտրոններում արգելված իրերի փոխանցման պրակտիկան։ Այս դեպքում նույնպես առկա չէ առանձնացված վիճակագրություն այն մասին, թե արգելված իրերի քանի տոկոսն է բացահայտվել քաղաքացիական բժշկական կենտրոններից քրեակատարողական հիմնարկներ տեղափոխված ազատազրկված անձանց զննության կամ անձնական խուզարկության արդյունքում։ Սակայն Քրեակատարողական ծառայության 2024 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների պաշտոնական հրապարակումների ուսումնասիրությամբ պարզել ենք, որ ազատազրկված անձանց քաղաքացիական բժշկական կենտրոններում արգելված իրերի փոխանցման վերաբերյալ 5 հրապարակում է կատարվել։ Ըստ այդմ՝ արգելված իրեր են հայտնաբերվել և առգրավվել «Արթիկ» բժշկական կենտրոնից «Արթիկ» ՔԿՀ վերադարձած կալանավորված անձի անձնական խուզարկության արդյունքում (26), «Գյումրի» բժշկական կենտրոնից նույն հիմնարկ տեղափոխված կալանավորված անձի հետ տարված բացատրական աշխատանքների արդյունքում (27), «Էջմիածին» բժշկական կենտրոնի սանհանգույցի զննության արդյունքում (28), որից ցանկացել է օգտվել «Արմավիր» ՔԿՀ-ից նշված բժշկական կենտրոն տեղափոխված կալանավորված անձը, քաղաքացիական հիվանդանոցներից մեկի բուժզննման սենյակի խուզարկության արդյունքում (29), որտեղ «Արմավիր» ՔԿՀ-ից բուժզննության նպատակով տեղափոխվել էր կալնավորված անձը, քաղաքացիական հիվանդանոցներից մեկից «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ վերադարձած կալանավորված անձի խուզարկության արդյունքում (30)։ Նշված դեպքերից երեքի պարագայում առկա են եղել նախապես ստացված օպերատիվ տեղեկություններ (26, 28, 30), իսկ հրապարակումներից երկուսի մեջ նշված չեն քաղաքացիական հիվանդանոցների անունները (29, 30)՝ ենթադրաբար դրանց գաղտնիությունը պահպանելու նպատակով։
Այս առումով կարծում ենք, որ Առողջապահության նախարարությունը և Արդարադատության նախարարությունը պետք է համատեղեն ջանքերը՝ ազատազրկված անձանց պահպանությունը քաղաքացիական բժշկական կենտրոններում ամրապնդելու և այլ անձանց հետ տեսակցություններն ու այդ եղանակով արգելված իրերի փոխանցումները բացառելու, ինչպես նաև ազատազրկված անձանց քաղաքացիական բժշկական կենտրոններում փոխացվելիք արգելված իրերը թաքցնելու փորձերը բացահայտելու և կանխարգելելու ուղղությամբ։ Նաև անհրաժեշտ է քաղաքացիական բժշկական կենտրոններից յուրաքանչյուր վերադարձի դեպքում, ազատազրկված անձանց շրջանում զննություն և անձնական խուզարկություն կատարել՝ արգելված իրերը բացահայտելու և քրեակատարողական հիմնարկներ դրանց ներթափանցումը կանխելու նպատակով՝ անկախ նրանից՝ առկա են նախապես ստացված օպերատիվ տեղեկություններ, թե՝ ոչ։
Ազատազրկված անձանց տեսակցության եկած անձանց կողմից կամ նրանց համար բերված հանձնուքների միջոցով արգելված իրերի ներթափանցման պրակտիկան նույնպես մտահոգիչ է։ Այս դեպքում ևս առկա չէ առանձնացված վիճակագրություն այն մասին, թե արգելված իրերի քանի տոկոսն է բացահայտվել ազատազրկված անձանց տեսակցության եկած անձանց զննության կամ անձնական խուզարկության, նրանց համար բերված հանձնուքների զննության արդյունքում։ Սակայն Քրեակատարողական ծառայության 2024 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների պաշտոնական հրապարակումների ուսումնասիրությամբ պարզել ենք, ազատազրկված անձանց տեսակցության եկած անձանց զննության կամ անձնական խուզարկության արդյունքում արգելված իրերի հայտնաբերման 6 դեպք արձանագրվել է «Արմավիր» ՔԿՀ-ում, 2 դեպք՝ «Դատապարտյալերի հիվանդանոց» ՔԿՀ-ում, 1-ական դեպքեր արձանագրվել են «Վանաձոր», «Սևան», «Նուբարաշեն» և «Գորիս» ՔԿՀ-ներում։
Ըստ այդմ, արգելված իրերը հայտնաբերվել են «Արմավիր» ՔԿՀ-ում պահվող կալանավորված տարբեր անձանց մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացիների անձնական զննության (31), զննության (32), խուզարկության (33) և բացատրական աշխատանքի (34) արդյունքում։ Ընդ որում, վերջին 3 դեպքում առկա են եղել նախապես ստացված օպերատիվ տեղեկություններ։ Հաջորդ 2 դեպքերն առանձնակի մտահոգության տեղիք են տալիս։ Մեկում նշվում է, որ կալանավորված անձի մոտից հայտնաբերվել են արգելված իրեր, ինչի համար հիմք են ծառայել դրանք վերջինիս մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացուհու կողմից փոխանցվելու վերաբերյալ օպերատիվ տեղեկությունները (35)։ Մյուսում նշվում է, որ իրացնելով նախապես ստացված օպերատիվ տեղեկությունները՝ կալանավորված անձի մոտ երկարատև տեսակցությունից հետո խուզարկության արդյունքում հայտնաբերվել են արգելված իրեր (36)։ Մեզ անհանգստացնում է այն, որ տեսակցության եկած անձանց մոտ արգելված իրերի հայտնաբերման ուղղությամբ պատշաճ քայլեր չեն ձեռնարկվել՝ նախքան հիմնարկի բնակելի գոտի ներս մտնելը, փոխարենը դրանք հայտնաբերվել են կալանավորված անձանց մոտ՝ մի դեպքում կարճատև, մյուս դեպքում երկարատև տեսակցությունից հետո, ընդ որում՝ նախապես ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում։
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում արգելված իրերը հայտնաբերվել են այնտեղ պահվող կալանավորված անձին կարճատև տեսակցության եկած դստեր խուզարկության (37), ինչպես նաև նույն հիմնարկում պահվող մեկ այլ կալանավորված անձին կարճատև տեսակցության եկած քաղաքացու անձնական խուզարկության արդյունքում (38)։ «Վանաձոր», «Սևան» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ներում արգելված իրերը հայտնաբերվել են համապատասխանաբար «Վանաձոր» ՔԿՀ-ում պահվող կալանավորված անձին տեսակցության եկած քաղաքացու խուզարկության (39), «Սևան» ՔԿՀ-ում պահվող դատապարտյալին կարճատև տեսակցության եկած քաղաքացու խուզարկության (40) և «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող դատապարտյալին կարճատև տեսակցության եկած քաղաքացու խուզարկության (41) արդյունքում։ Ընդ որում, նշված բոլոր դեպքերում արգելված իրերի հայտնաբերման համար հիմք են ծառայել նախապես ստացված օպերատիվ տեղեկությունները։ Ինչ վերաբերում է «Գորիս» ՔԿՀ-ին, ապա այնտեղ արգելված իրը՝ թմրանյութը, հայտնաբերվել է կարճատև տեսակցության ժամանակ քաղաքացու կողմից հիմնարկում պահվող կալանավորված անձին փոխանցված թզբեխի մեջ (42), ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ տեսակցությունից առաջ քաղաքացու անձնական իրերը պատշաճ զննության չեն ենթարկվել։
Ինչ վերաբերում է ազատազրկված անձանց ծանրոցի կամ հանձնուքի միջոցով արգելված իրերի փոխանցմանը, ապա 2024 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների պաշտոնական հրապարակումների ուսումնասիրությամբ պարզել ենք, որ նմանատիպ 1-ական դեպքեր արձանագրվել են «Արթիկ» (կալանավորված անձի մոտ երկարատև տեսակցության եկած կնոջ հանձնուքի զննության արդյունքում, 43) և «Վանաձոր» (կալանավորված անձի համար արտերկրից ուղարկված ծանրոցի զննության արդյունքում, 44) ՔԿՀ-ներում, 3 դեպք՝ «Սևան» ՔԿՀ-ում (տարբեր դատապարտյալների անվամբ բերված հանձնուքների զննության արդյունքում 45, 46, 47), 4 դեպք՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում (տարբեր կալնավորված անձանց և դատապարտյալների անվամբ բերված հանձնուքների զննության արդյունքում 48, 49, 50, 51), 6 դեպք՝ «Արմավիր» ՔԿՀ-ում (տարբեր կալանավորված անձանց և դատապարտյալների անվամբ բերված հանձնուքների զննության 52, 53, 54 և խուզարկության 55, 56, 57 արդյունքում)։ Ընդ որում, «Սևան» ՔԿՀ-ի 2 դեպքի (45, 47), «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բոլոր 4 դեպքերի և «Արմավիր» ՔԿՀ-ի 4 դեպքի (52, 55, 56, 57) պարագայում հանձնուքներում թաքցված արգելված իրերը հայտնաբերվել են նախապես ստացված տեղեկությունների իրացման արդյունքում։
Այս հարցում մեր մոտեցումն այն է, որ անհրաժեշտ է տեսակցության եկած յուրաքանչյուր անձի ենթարկել զննության, անհրաժեշտության դեպքում՝ անձնական խուզարկության, ինչպես նաև հանձնուքի ստացման յուրաքանչյուր դեպքում անհրաժեշտ է այն զննության ենթարկել՝ անկախ նրանից՝ կան այդ եղանակներով արգելված իրերի ներթափանցման մասին նախապես ստացված օպերատիվ տեղեկատվություններ, թե՝ ոչ։ Միևնույն ժամանակ անհրաժեշտ է բարելավել քրեակատարողական հիմնարկների, այդ թվում՝ հանձնուքների ստացման տարածքների տեխնիկական հագեցվածությունը, ինչը թույլ կտա անհրաժեշտ ծավալով գործողություններ ձեռնարկել արգելված իրերի հայտնաբերման և առգրավման ուղղությամբ։ Այս համատեքստում անհրաժեշտ է նաև քայլեր ձեռնարկել համապատասխան ծառայությունների իրականացման համար նախատեսված, այդ թվում՝ քրեակատարողական հիմնարկների պահպանության և անվտանգության ապահովման բաժինների թափուր հաստիքների համալրման ուղղությամբ։ Ներկայումս նշված բաժինների թափուր հաստիքների վիճակագրությունը՝ 2024 թվականի հոկտեմբերի 1 դրությամբ ըստ քրեակատարողական հիմնարկների, հետևյալն է։
«Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում պահպանության ապահովման բաժին նախատեսված չէ։ «Արթիկ» ՔԿՀ-ում նախատեսված 90 հաստիքները համալրված են։ «Աբովյան», «Արմավիր», «Վանաձոր», «Վարդաշեն» ՔԿՀ-ներում նախատեսված համապատասխանաբար 48, 115, 83 և 64 հաստիքներից թափուր են 1-ական հաստիքներ։ «Գորիս» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ներում նախատեսված համապատասխանաբար 42 և 80 հաստիքներից թափուր են 3-ական, «Դատապարտյալների հիվանդանոց» և «Սևան» ՔԿՀ-ներում՝ նախատեսված համապատասխանաբար 81 և 90 հաստիքներից՝ 4-ական հաստիքներ։ Ինչ վերաբերում է անվտանգության ապահովման բաժիններին, ապա «Երևան-Կենտրոն» և «Վարդաշեն» ՔԿՀ-ներում թափուր են նախատեսված համապատասխանաբար 26 և 55 հաստիքներից 1-ական, «Արթիկ» և «Գորիս» ՔԿՀ-ներում՝ նախատեսված համապատասխանաբար 83 և 23 հաստիքներից 2-ական հաստիքներ, իսկ «Վանաձոր», «Սևան», «Աբովյան», «Դատապարտյալների հիվանդանոց», «Արմավիր» ՔԿՀ-ներում՝ համապատասխանաբար նախատեսված 45 հաստիքից 4-ը, 46 հաստիքից 6-ը, 48 հաստիքից 7-ը, 68 հաստիքից 9-ը, 170 հաստիքից 17-ը։