Skip to content Skip to sidebar Skip to footer

Պայմանական վաղաժամկետ ազատման հայեցակարգը հետնահանջ է վերասոցիալականացման քաղաքականությունից

Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի վերանայման նպատակով դեռևս 2023 թվականի դեկտեմբերին Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով աշխատանքային խումբ էր ստեղծվել, որում ընդգրկված էին փորձագետներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։  2024 թվականի մայիսի 15-ին Եվրոպայի խորհրդի կողմից «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել «Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի վերանայման» հայեցակարգի վերաբերյալ քննարկում: Քննարկման ժամանակ ներկայացվել են վերոնշյալ աշխատանքային խմբի կողմից մշակված հայեցակարգի ընդհանուր դրույթներն ու առանձնահատկությունները, ներկա կարգավորումները և առաջարկվող փոփոխությունները։

Սակայն ուսումնասիրելով առաջարկվող հայեցակարգը՝ հանգել ենք այն եզրակացությանը, որ այն ոչ թե Կառավարության կողմից հայտարարված վերականգնողական, այլ ակնհայտ պատժողական  քաղաքականության դրսևորում է, հակասում է ոլորտը կարգավորող միջազգային նորմերին, այդ թվում ՄԻԵԴ-ի իրավական դիրքորոշումներին, ՀՀ Սահմանադրությանը և դատապարտյալների վերասոցիալականացմանը և հասարակություն վերադարձնելուն ուղղված գաղափարախոսությանը։

Հայեցակարգով առաջարկվող փոփոխությունները դատապարտյալների վիճակի ոչ թե բարելավմանը, այլ ակնհայտ վատթարացմանն են միտված։ Այս առումով առավել անբարենպաստ պայմաններ է ստեղծվում ցմահ դատապարտյալների համար։

Բացի այդ, հայեցակարգի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այն ակնհայտորեն նպատակ է հետապնդում ներկայումս կազմվող դրական զեկույցները հետագայում դարձնել բացասական, իսկ ներկայումս բացասական զեկույցների համար ստեղծել արգելքներ՝ դրանք հետագայում դրական դարձնելու ճանապարհին։

Դատապարտյալների հավաստմամբ՝ բալային համակարգի ներդրումից հետո (հղում) զգալիորեն կանխվել են կոռուպցիոն ռիսկերը։ Դատապարտյալների, ինչպես նաև զեկույցները կազմողների՝ Քրեակատարողական ծառայության և Պրոբացիայի ծառայության համար կանխատեսելի են դարձել իրենց իրավունքների իրացման և պարտականությունների կատարման-չկատարման արդյունքներն ու հետևանքները։ Անշուշտ, բալային համակարգը կատարելագործման վերանայման կարիք ունի։ Գնահատման սկզբունքը պետք է առավել ճկուն և դինամիկ լինի, որպեսզի հնարավորինս ճշգրտորեն արտացոլի դատապարտյալի վարքի, վերասոցիալականացման դինամիկան՝ նրան հնարավորություն տալով բացասական զեկույցը դարձնել դրական։

Սակայն հայեցակարգով առաջարկվող փոփոխություններն ակնհայտորեն հետնահանջ են վերասոցիալականացման քաղաքականությունից և միջազգային նորմերից։ Դրանք ստատիկ, անփոփոխ հիմքերով (մարված տույժեր, հանցագործության բնույթ, ռեցիդիվ և այլն) էականորեն նվազեցնում են միավորների քանակը՝ ամպապնդելով պատժողական մոտեցումները, իսկ գնահատման հարցում խստացնող մոտեցումները վատթարացնում են հատկապես ցմահ դատապարտյալների դրությունը։

Դիտարկումները և առաջարկությունները մշակել են Իրավական նախաձեռնությունների կենտրոնի շահառուները, ովքեր տարբեր տարիների պայմանական վաղաժամկետ ազատվել են պատժի հետագա կրումից կամ ներկայումս պատիժ են կրում քրեակատարողական տարբեր հիմնարկներում, հիմնականում ցածր անվտանգային գոտու խիստ պայմաններում։

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2024 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.