Skip to content Skip to sidebar Skip to footer

«Ես հացադուլ եմ հայտարարում՝ հրաժարվելով նաև իմ կենսունակությունն ապահովող դեղորայքից». Ցմահ դատապարտյալ Արամ Առաքելյան

ՀՀ ԱՆ «Սևան» ՔԿՀ-ում պատիժ կրող ցմահ դատապարտյալ Արամ Յուրիկի Առաքելյանի «Բաց նամակն» ուղղված է Հայաստանի Հանրապետության վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին, ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, ՀՀ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին։ 

Հայտնում եմ Ձեզ, որ դատական և արդարադատության համակարգի թերի աշխատանքը, իսկ երբեմն նաև՝ անգործությունը, ստիպել են ինձ դիմել ինձ համար ոչ այդքան ընդունելի, բայց միակ ծայրահեղ քայլին:

Ես ավելի քան 31 տարի է՝ գտնվում եմ անազատության մեջ` դատապարտվելով նախ մահապատժի, ապա՝ ցմահ ազատազրկման: Վերջին 5-6 տարվա ընթացքում գործադիրը մշակել է մարդասիրական այնպիսի մեխանիզմներ, որոնք լինելով մարդակենտրոն, ուղղված են մեր`դատապարտյալներիս ուղղմանը: Մեր պետությունը, հրաժարվելով պատժողական արդարադատությունից, որդեգրել է վերասոցիալականացման քաղաքականությունը, որպեսզի ես և ինձ պես բազում դատապարտյալներ կարողանանք վերադառնալ հասարակություն և լինենք մեր հասարակությանը և պետությանը պիտանի քաղաքացի: Սակայն գործնականում ամեն ինչ այլ է:

Ինչպես նշեցի, արդեն 31 տարի կրում եմ իմ արժանի պատիժը։ Այս տարիների ընթացքում ես անցել և յուրացրել եմ բոլոր այն վերասոցիալականացման ծրագրերը, որոնք մշակվել և իրականացվել են: Ես ստանում եմ միջնակարգ կրթություն և մտադրված եմ շարունակել իմ ուսումը բուհ ընդունվելով։ Ստեղծել եմ իմ ընտանիքը։ Յուրացրել և ակտիվորեն զբաղվում եմ ստեղծագործական աշխատանքով` ամբողջ հասույթը ուղղելով բարեգործական հիմնադրամներին:

Այս տարիների ընթացքում ես ունեցել եմ նաև բազում հիվանդություններ, որոնցից մեկի`գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածի հետևանքով ես ձեռք եմ բերել հաշմանդամություն, իսկ համապատասխան բուժում չստանալու հետևանքով իմ հիվանդությունն ավելի է սրվել, ինչի պատճառով ես ստիպված եմ ցմահ դեղեր ընդունել, այն էլ՝ ամենօրյա ռեժիմով: Նշեմ, որ 2006 թվականի մայիսի 26-ի թիվ 825 որոշումով, Հայաստանի Հանրապետության Կառավարությունը սահմանել է պատժի կրմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկ, որում ընդգրկված էր նաև ինձ մոտ առկա հիվանդությունը: 2021 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի Հանրապետության Կառավարությունը, կայացնելով թիվ 1818 որոշումը, խմբագրել և փոփոխել է այդ հիվանդությունների ցանկը, որից դուրս է մնացել իմ հիվանդությունը, սակայն նույն այդ որոշման 96-րդ կետը նախատեսում է, որ պատժի կրմանը խոչընդոտում են նաև այն հիվանդությունները, որոնք կյանքին իրական վտանգ են սպառնում, և որոնց բարդացումը կարող է մահվան պատճառ դառնալ: Ինձ մոտ առկա հիվանդությունն այս համատեքստում համապատասխանում է թիվ 1818 որոշման 96-րդ կետի պահանջներին, սակայն, քանի որ իմ պատիժը ցմահ ազատազրկում է, ուստի ոչ մի կառույց իր մեջ համարձակություն չի գտնում բարձրացնել և տալ այս խնդրի լուծումը:

Չնայած այդ ամենին՝ ես չեմ հուսալքվել և ամեն գնով պայքարում եմ իմ ազատության համար: Սակայն դատական և արդարադատական համակարգերը ոչ միայն չեն օգնում, այլ ընդհակառակը` խոչընդոտում են իմ առաջխաղացմանը: Տարիներ շարունակ դատարանները մերժում են իմ պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատումը՝ բազում պատճառներ առաջ քաշելով` սկսած տուժողի իրավահաջորդի բացասական դիրքորոշումից մինչև այն, որ ես դեռևս իմ պատիժը կրում եմ միջին անվտանգության գոտու մեղմ պայմաններում (կիսաբաց ռեժիմ)՝ նշելով, որ պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատումը հնարավոր է միայն ցածր անվտանգային գոտում հայտնվելուց և այդ պայմաններում որոշակի ժամանակահատված պատիժը կրելուց հետո:

Անդրադառնալով առաջին` տուժողի իրավահաջորդի դիրքորոշում պաճառաբանությանը, անհրաժեշտություն եմ գտնում մատնացույց անել ՀՀ ԱՆ պրոբիցիայի ծառայությանը՝ նշելով, որ նախ 2016 թվականի մայիսի 17-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված ‹‹Պրոբիցիայի մասին›› օրենքը նախատեսում է հաշտարարի պարտականություն, որոնք տրված են պրոբիցիայի ծառայությանը: Այսինքն, պրոբիցիայի ծառայությունը ըստ օրենքի, պարտավոր էր տարիների ընթացքում հաշտության եզրեր գտնել իմ և դատարանի որոշմամբ տուժողի իրավահաջորդ ճանաչված անձանց հետ, ինչը չի կատարել։ Հակառակը պրոբիցիայի ծառայությունն իր գործելաոճով ավելի է խորացնում և անհնարին դարձնում հաշտության գործընթացը: Բացի այդ, պրոբիցիայի ծառայությունն այս տարի դատարան է ներկայացրել տուժողի իրավահաջորդի կարծիք, որը մահացել է դեռևս 2021 թվականին, ինչպես նաև պրոբիցիայի ծառայությունն ինձ պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման բացասական եզրակացություն տալու համար պատրաստ է նույնիսկ գնալ օրինախախտումների` դատարան ներկայացնելով տուժողի շինծու իրավահաջորդների, քանի որ տուժողի իրավահաջորդ կարող է ճանաչվել միայն դատարանի կողմից ընդունված և ուժի մեջ մտած որոշումով, այն էլ այն դատարանի, որը կայացնում է մեղադրական վճիռ:

Հիշեցնեմ, որ օրենսդիրը պայմանական վաղաժամկետ ազատման համար սահմանել է պատժի նվազագույն շեմ, որը ըստ օրենքի 20 տարի է և նրանում նախանշված չեն ո՛չ տուժողի իրավահաջորդի դիրքորոշումը և ո՛չ էլ պատժի կրման պայմանների պարտադիր լինելը: Սակայն դատարանները, մինչև օրս չեն կարողանում ձերբազատվել նախկինների կողմից պարտադրված գործելաոճից և պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման որոշում կայացնելիս սպասում են «վերևների դաբռոյին»։

Գիտակցելով, որ անմտություն է հույս դնել միայն պայմանական ազատման վրա, ես ավելի քան 4 տարի է՝ դիմում եմ պատժի կրման պայմանների մեղմացման միջնորդություններով՝ հույս ունենալով, որ ինձ կտրվի հնարավորություն գործնականորեն դրսևորել ինձ որպես հասարակության համար պիտանի անձ: Իսկ այս դեպքում արդեն արդարադատության համակարգը՝ ի դեմս Քրեկատարողական ծառայության, իր մեջ խիզախություն, վճռականություն և համարձակություն չի գտնում իմ պատժի կրման պայմանները մեղմացնելու և ցածր անվտանգային գոտում պատիժը շարունակելու հարցը ամեն անգամ մերժելով: Տարիներ շարունակ քրեակատարողական ծառայությունից մերժումներ ստանալով և այդ որոշումները դատարաններում բողոքարկելով` ես դոփում եմ տեղում առանց որևէ ակնկալիքի, որ ինչ-որ բան կփոխվի, 4 տարի անընդհատ 3 քրեակատարողական հիմնարկ՝ «Կոշ», «Արմավիր» և «Սևան», իմ պատժի կրման պայմանների մեղմացման վերաբերյալ տալիս են դրական եզրակացություն, սակայն Քրեակատարողական ծառայությունն այս ամբողջ ընթացքում մերժում է այդ միջնորդությունները՝ հիմնվելով 31 տարի առաջ, 21 տարեկան հասակում առանձնապես ծանր հանցանք կատարելու պատճառաբանությանը դրանով իսկ շեղվելով գործադրի մարդասիրական, մարդակենտրոն քաղաքականությունից և ստանձնելով դահիճի գործառույթ։

Այս ամենն ավելի սրվում է Գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ վերահսկողություն իրականացնող վարչության դատախազների միջամտության մտավախությունից, քանի որ այդ վարչության դատախազները, ունենալով սովետական ժամանակաշրջանի բնորոշ պատժողական մտածելակերպ, չեն հանդուրժում որևէ դրական փոփոխություն և ամեն հարմար պահին կայացնում են կասեցման միջնորդությունները: Նրանք միշտ միջամտում և կասեցման միջնորդություն են ներկայացնում խրախուսանք ստանալու կամ պատժի կրման պայմանները մեղմացնելու ժամանակ, սակայն երբեք չեն միջամտում, երբ կայացվում է տույժի ենթարկելու կամ պատժի կրման պայմանների փոփոխումը մերժելու որոշում:

Մեկը մյուսի հետ արհեստականորեն շաղկապված, անտրամաբանական, չհիմնավորված և չպատճառաբանված, որոշակիության սկզբունքից դուրս նման գործելաոճը, որը շարունակվում է գրեթե 5 տարի, ինձ հասցրել է այնպիսի մի կետի, որ ես` արդարության և արդարադատության նկատմամբ հավատը կորցրած, ստիպված եմ դիմել ծայրահեղ քայլի:

Լսելով Հայաստանի Հանրապետության վարչապետի` Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները`անկախ դատական համակարգ ունենալու արդյունավետ և օրինապահ արդարադատություն ունենալու մասին, բայց գործնականորեն հակառակը ինքս ինձ վրա զգալով, ես ստիպված եմ հայտարարել հացադուլ, որի ընթացքում հրաժարվում եմ նաև իմ կենսունակությունը պահպանող դեղորայքներից:

Իմ այս քայլը կամայականություն չէ, այլ` պարտադրված քայլ` լսելի լինելու, արդարության ճիչ և օգնության աղերս:

Սույն գրությունը կրում է «Բաց նամակ» խորագիրը և ես հույս ունեմ, որ այն իր հասցեատերերին կհասնի մինչ այն պահը, երբ իմ վիճակը` հացադուլի և դեղերից հրաժարվելու հետևանքով, կդառնա անդառնալի: Այսպիսով դիմելով պատկան մարմիններին՝ ակնկալում եմ, որ այն կառույցները, որոնք ինչ-որ կերպ կապ ունեն իմ կողմից բարձրաձայնած խնդիրների հետ, կարձագանքեն հնարավորինս կայցելեն «Սևան» ՔԿՀ, կհանդիպեն ինձ հետ՝ խնդիրներին ավելի խորքային, փաստերով և մանրակրկիտ ծանոթանալու նպատակով:

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2024 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.