Ոճը գաղափարների ծնունդ է, ոչ թե բառերի…
Բալզակ
Պատմական թեման սրտամոտ է ինձ։ Համոզված լինելով, որ պատմությունն ազգի անձնագիրն է, մշտապես զգուշորեն եմ բացում յուրաքանչյուր պատմական գիրք, այնպես, ինչպես կբացեի ազգիս, կամ մեկ այլ ազգի անձնագիրը։
Վերջերս ընթերցասեր լայն հասարակայնության սեղանին դրվեց բանասիրական գիտությունների թեկնածու, գրական-հասարակական գործիչ Արմենուհի Դեմիրճյանի «Հայկ Նահապետ» հայրենապատումը։ Տեղի ունեցավ շնորհանդես, իրենց խոսքն ասացին ասպարեզի մշակները, հնչեցին արժանի գնահատականներ։ Այժմ հերթը ընթերցողինն է, և, որպես այդպիսին ցանկանում եմ կիսվել տպավորություններով։ Հայրենապատում ասացի…. որովհետև դժվար ու անհեռանկար գործ է այս ստեղծագործությանը որևէ ժանրային պատկանելիություն տալը, դրանով սահմանափակելու փորձը` պատմվածք կամ վիպակ կոչելը, որովհետև այն նաև էսսէ է, նովել, և անգամ պարունակում է ինչ-ինչ դրամատուրգիական մոտեցումներ` կերպարների նկարագրության և ծավալվող գործողությունների, երկխոսությունների տեսակետից՝ բախումից ու հանգուցալուծումից։
Գրքի առաջին էջերից մեր առաջ հառնում է նախապատմական այն շրջանը, որտեղից արդեն սկսվելու էր մեր գոյի պայքարը՝ այն ազգայինի ամրապնդումը, որը բազմաթիվ մահացու հարվածներից հետո անգամ պիտի հարատևեր։
Պատմական գործերում, ըստ իս, առաջին հերթին կարևոր է հավաստիությունը։ Իհարկե, գեղարվեստական երկերում հեղինակը պետք է գործածի զանազան հնարքներ, ինչպես հացթուխը՝ ջուրը խմորին։ Բայց, կարևոր է, որ գրողը շիտակ լինի, սուբյեկտիվին, գեղարվեստականությանը, զանազան պատկերացումներին խառնի օբյետիվն ու ճշմարիտը, որովհետև ընթերցողը հավատում է գրողին։ Եվ այս երևույթն ինքնին հիանալի է։
Երբեմն մեր ձեռքն են ընկնում գեղարվեստական տեսակետից տպավորիչ երկեր` պատմավեպեր։ Կարդում ես ու ոգևորվում։ Սա նստվածք է տալիս ու, մի օր, պատեհ մի առիթի ժամանակ, երբ արծարծվի նյութը, դու մեծ ոգեվորությամբ պաշտպանելու ես քո տեսակետը` պաշտպանելու ես ասելիքն իմացողի հավատով ու կրքով, չկասկածելով անգամ, որքա՜ն ես սխալվում, որ հայտնվել ես գեղարվեստականության հրապույրի որոգայթում։ Որպես օրինակ, ուզում եմ բերել խորհրդային մեր գրողներից մեկին, ով հրաշալի պատմավեպ ունի Բագրատունյաց արքայատոհմի մասին, երբ գահին էր Հովհաննես Սմբատ արքան (ա՜խ այդ հովհաննես-սմբատները)։ Հեղինակը միևնույն պատկերում ներկայացնում է Տրդատ ճարտարապետին, Սմբատ Տիեզերակալին, Պետրոս Գետադարձ կաթողիկոսին և Վահրամ Պահլավունի սպարապետին։ Առաջին հայացքից կարելի է ասել` ի՞նչ կա, որ….։ Այնուամենայնիվ, պատմություն գիտեցողի համար սա հիասթափության մեծ առիթ է․ Տրդատը նորածին էր Սմբատի օրոք, և՝ ոչ Վահրամն էր սպարապետ դարձել, ոչ Գետադարձը` կաթողիկոս։ Իհարկե, այսպիսի պատպական անճշտություններ կան նաև համաշխարհային գրականության մեջ՝ ինչպես օրինակ Դյումայի մոտ, սակայն այդ այնքան էլ քննադատության առիթ չի տվել, բայց, այնուամենայնիվ․․․։ Գալիս ենք այն կարևոր դրույթին, որ գրողը պետք է տիրապետի նյութին, որը պիտի մատուցի գեղարվեստական այս կամ այն ոճով ու ժանրի մեջ, որպեսզի նյութը հավաստի մատուցվի։ Ինչո՞ւ` որովհետև ընթերցողը հավատո՛ւմ է։
Արմենուհի Դեմիրճյանի «Հայկ նահապետը» հավաստի է, արժանահավատ ու գեղեցիկ։ Խոսքը պարուրված է անպաճույճ պերճանքով․․․ չկա ոչ մի ավելորդ բառ կամ նկարագրություն, եղածն էլ մատուցված է հանրամատչելի, գեղեցիկ լեզվական հնարքներով։ Այստեղ հարկ է նշել, որ այսպիսի ստեղծագործությունները և Արմենուհի Դեմիրճյանի պես գրողները վերադարձնում են հարգանքը բանասերների հանդեպ և շղարշում տարակուսանքն այս մասնագիտությունն ունեցող հազարավորների նկատմամբ, որոնց լեզվամտածողությունը հեռու է մասնագիտական ընտրությունից։
Հեղինակը կարողացել է ներկայացնել ժամանակաշրջանը, որի մասին ունենք ավելի շուտ էպիկական, քան պատմական տեղեկույթ։ Սերվանտեսն ասում էր. «Անհնար է գրել մի երկ, որը կգոհացնի բոլոր ընթերցողներին», բայց, ես կարծում եմ՝ «Հայկ Նահապետը» հենց այն գիրքն է, որը կգոհացնի ընթերցողին, գոնե մեզ՝ Հայկա զարմերիս` ու նորահաս սերունդներին, այսպիսով երկար ճանապարհ անցնելով։
Մյուս կարևոր հանգամանքը, որ կցանկանամ անպայման նշել, դա Արմենուհի Դեմիրճյանի՝ տեսարանը նկարագրելու համար գտնված բառերն են, առհասարակ` ոճը, որով նա գրում է` կաշառում է, գայթակղում ու էպիկական մեղեդու պես քաշում է, տանում։ Երբ խորանում ես հերոսների փոխհարաբերությունների մեջ, տեսնում ես բախումը, գործողությունը և, իհարկե հանգուցալուծումը։ Սրանք բնորոշ են ավելի թատերագրական ժանրին։ Ահա թե ինչու է դժվար այս գեղեցիկ գրքույկին տալ ժանրային պատկանելություն և…. սա ամենևին կարևոր էլ չէ։ Կարևորը այն գաղափարն է, որը ստեղծագործության ծննդի հիմքում է, և այն, որ այն հաջողությամբ է պսակել։
Բարի երթ եմ մաղթում «Հայկ Նահապետին»` դեպի նորանոր զարմերի սրտեր ու մտքեր, որովհետև այս դժվարին ժամանակներում մենք դրա կարիքը շատ ունենք։
Մխիթար Մոս-Մուշեղյան
Հայաստանի մշակությի գործիչների միության վարչության անդամ, Ռուսաստանի գրողների միության անդամ, Ժամանակակից մշակույթի ինտերնացիոնալ ակադեմիայի ակադեմիկոս, դրամատուրգ