Skip to content Skip to sidebar Skip to footer

«Հուսով են՝ հասարակությունը կհետևի իրենց օրինակին»․ Հարցազրույց Մխիթար Մոս-Մուշեղյանի հետ

– Ինչպե՞ս է հաջողվում կապ հաստատել մշակութային կառույցների և գործիչների հետ։

– Շատ հեշտ։ Իմ գործունեությունն ինձ ներկայանալի է դարձնում։ Ինչպես գիտեք, ես անդամակցում եմ տասնյակից ավելի համահայկական և միջազգային մշակութային կառույցների, որոնցից մի քանիսում զբաղեցնում եմ հասարակական պաշտոններ։ Այս տեսանկյունից հեշտ է ներկայանալը։ Եվ հետո իմ ասպարեզում եթե անգամ միմյանց չճանաչենք էլ անձամբ, ապա իրար մասին լսած կլինենք։ Չափազանց նեղ է մեր միջավայրը։ Ինչպես իմ սիրելի մաեստրո Երվանդ Մանարյանն էր իրավացիորեն նշում` վարսավիրը վարսավիրին չի ճանաչի, դերասանը դերասանին կիմանա։

– Ի՞նչ դժվարություններ կան այդ հարցում։

– Տարածաչափական։ Հաճախ, երբ արվեստի գործիչներին հրավիրում եմ քրեակատարողական հիմնարկ, մեծ մասը չգիտի, թե դա որտեղ է։ Մեծ հաշվով՝ ես էլ չգիտեմ, և հավանական է` իրենց փոխարեն լինեի, ես էլ չիմանայի։ Լավ է, որ հիմնականում ուղեկցման խնդիրը լուծում է Հայաստանի մշակույթի գործիչների միությունը։

– Ինչպե՞ս են արձագանքում, երբ լսում են, որ պետք է այցելեն քրեակատարողական հիմնարկ, հանդիպեն դատապարտյալների հետ։

– Նորմալ։ Երբեք այն մասով, որ պիտի դատապարտյալների հանդիպեն, մտավախություն չեմ նկատել։ Հակառակը, շատերը նույնիսկ մտահոգ են, կաշկանդված, որովհետև ցանկանում են հանդիպումների և բանախոսությունների շրջանակում առավելագույնս տալ դատապարտյալներին։ 

– Ո՞րն է լինում առաջին ռեակցիան։

– Ի՞նչ պետք է անեմ, ի՞նչ պետք է խոսեմ, կհետաքրքրի՞ արդյոք։

– Այդ հաղորդակցությունը հաստատելը ի՞նչ հմտությունններ է պահանջում։

– Կարծում եմ՝ կարևոր է կապերը տաք պահելը։ Լավ կլիներ, եթե ինքնագործ միավորումն իր առանձին էջն ունենար սոցկայքերում, որը կվերահսկվեր հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի համապատասխան աշխատակցի կողմից։ Ի հակակշիռ՝ կարող եք ասել, թե Քրեակատարողական ծառայությունն էջ ունի, որը լուսաբանում է մեր գործունեությունը։ Կարող եք նաև ասել, որ զանազան լրատվականներ, այդ թվում ձեր կազմակերպության լրատվական պորտալը, որին  ահավասիկ հարցազրույց եմ տալիս, ևս հարթակ է։ Այո, այդպես է։ Բայց ես խոսում եմ հասցեի մասին, մի վայրի, որտեղ մարդիկ կարող են գտնել բանտային առօրյայի մշակութային կողմը։ Քրեակատարողական ծառայության կայքում 1 մշակութայինին ի հակակշիռ կարելի է գտնել մի քանի բացասական նյութ, որը, ինչ խոսք, ստվերում է դրականը։

Բացի այդ, եթե ունենայինք մեր էջը, ենթադրում եմ՝ նյութերը կտարածվեին ավելի հեշտությամբ, և կհանրահռչակվեր այն գործունեությունը, որը միտված է վերասոցիալականացմանը։

– Ի՞նչ պետք է անել, որ գաղափարը կամ համագործակցության առաջարկը լինի համոզիչ և ընդունվի։ 

– Առաջարկը պետք է լինի խելքին մոտ։ Բնական է, երբ դերաաանին հրավիրում ես, պիտի խոսի թատրոնից կամ պատմաբանին` պատմությունից և այսպես շարունակ։ Մանավանդ դասախոսությունների շարքը, որ վարում եմ, ցանկալի է ներգրավի նաև մասնագիտական լսարանին, և լինեն բաց դասեր։ Ահա այս կապակցությամբ օրեր առաջ օնլայն բանախոսության էի հրավիրել իմ վաղեմի ընկեր, Համազգային թատրոնի դերասան Անդրանիկ Էթեմեզյանին։

Մեզ կապում են տասնամյակից ավելի ձգվող ընկերությունը, դերերը, որ խաղացել ենք միասին «Յանուս» արտիստական թատրոնում և այլն։ Այսինքն, ինձ համար հեշտ է բացատրելը, թե ինչ եմ անում ու ինչ եմ ակնկալում իրենից, և իր համար էլ հեշտ է հասկանալ իմ ակնկալիքը։ Այսպես է նաև մյուս հյուրերի կամ բանախոսների հետ։

Առաջիկայում նախատեսվում են հանդիպումներ ԵԹԿՊԻ Վանաձորի մասնաճյուղի տնօրեն, դրամատուրգ Էլֆիք Զոհրաբյանի և «Նախաբեմ» ասոցիացիայի նախագահ, անվանի դերասան և լրագրող Գարիկ Ղազարյանի հետ։ Պարոն Ղազարյանի հետ մեր բարեկամությունը սկսվել է դեռևս 2012 թվականին։ Էլֆիք Զոհրաբյանի հետ էլ ջերմ հարաբերություններ ունենք, և հրավերներն արդեն ընդունված են։ Պարոն Ղազարյանը մի առիթով պատմել է, որ դեռևս սովետական տարիներին հաճախ են գնացել գաղութներ ու ներկայացումներ խաղացել։ Էլֆիք Զոհրաբյանն առաջիկայում այցելելու է նաև «Վանաձոր» ՔԿՀ։ Այսինքն՝ այս մարդիկ, եթե չլիներ նաև մեր բարեկամությունը, այնուամենայնիվ, կարձագանքեին, եթե հրավեր ստանային։

– Ի՞նչն է իրենց առաջինը հետաքրքրում այդ համագործակցության առաջարկն ընդունելիս։

– Թերևս այն, որ մտնելու են մի վայր, որտեղ ամենքը չէ, որ կարող են մտնել, հաղորդակցվելու են մարդկանց հետ, որոնց հետ ոչ բոլորն են կարող, և որ օգտակար են լինելու նրանց, ովքեր ունեն դրա կարիքը։

– Ի՞նչ գաղափար են դնում այդ համագործակցության հիմքում։

– Մարդասիրություն։

– Ինչպե՞ս են հաղթահարում քրեակատարողական հիմնարկ գալու կամ դատապարտյալների հետ առնչվելու բարդույթը։

– Գիտեք, ես շատ հաճախ միայն հանդիպման ավարտին կամ դրանից օրեր անց եմ ասում, որ հանդիպմանը ներկա դատապարտյալների մի մասը ցմահ դատապարտյալներ էին։ Հետո եմ ասում, որ նախատրամադրվածություն չլինի, թե հանդիպել են մեկի, ով «մարդակեր» է կամ գուցե ավելի վատ։ Առհասարակ չեմ տարանջատում դատապարտյալին ցմահ դատապարտյալից և շեշտում եմ միայն կարծրատիպ կոտրելու համար։ Այլապես մարդկանց մոտ կմնա այն, ինչ տեսել են իրականությունից շատ հեռու ֆիլմերում։

– Դա իրենց ի՞նչ է տալիս, ի՞նչ են շահում դրանից։

– Առերեսվում են իրականությանը։

– Չունե՞ն մտավախություն, որ հասարակության մեջ առկա ընկալումները կամ կարծրատիպերը կպրոյեկտվեն իրենց վրա։

– Հակառակը, հուսով են, որ հասարակությունը կհետևի իրենց օրինակին։

– Ի՞նչ է փոխում այդ համագործակցությունն իրենց մեջ, երբևէ խոսո՞ւմ են այն մասին, թե ինչ պատկերացում են ունեցել նախքան առնչվելը, և առնչվելուց հետո ինչ է փոխվել իրենց մեջ։

– Այո, բոլորն էլ հեռանում են տպավորված, հաճախ` նոր հանդիպման ակնկալիքով։ Ֆրանսամերիկյան նշանավոր դերասանուհի Նորա Արմանին հանդիպումից հետո, երբ հեռանում էր, ասաց, որ քրեակատարողական հիմնարկն իր համար դարձավ ուխտատեղի, որտեղ գալու է ամեն անգամ Հայաստան այցելելիս։ Սա խոսում է ինչպես նրա մարդկային որակների, այնպես էլ դատապարտյալների նկատմամբ ունեցած վերաբերմունքի մասին։

– Ի՞նչ աջակցություն է ցուցաբերում հիմնարկի վարչակազմը կամ աշխատակզմը։

– Կազմակերպչական հարցերում՝ յուրաքանչյուր աջակցություն։ Այս տեսանկյունից բողոքելու առիթ չկա։

Մխիթար Մոս-Մուշեղյան
Հայաստանի մշակույթի գործիչների միության վարչության անդամ, Ռուսաստանի գրողների միության անդամ, Ժամանակակից մշակույթի ինտերնացիոնալ ակադեմիայի ակադեմիկոս, դրամատուրգ

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2024 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.