Skip to content Skip to sidebar Skip to footer

«Անմոռաց անուն. Սիլվա Կապուտիկյան». Մուշեղ Մխիթարյան

2024 թվականի դեկտեմբերի 6-ին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում, հիմնարկի Ինքնագործ մշակութային միավորման նախագահ Մուշեղ Մխիթարյանի նախաձեռնությամբ և հիմնարկի Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աջակցությամբ անցկացվեց բաց դաս` նվիրված հայ մեծանուն բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 105-ամյակին:

Այս իրադարձությունը կարևոր  էր դրանում ներգրավված դատապարտյալների մշակութային կյանքում և ապացույցն այն բանի, որ արվեստն ու գրականությունը կարող են առանցքային դեր ունենալ ազատազրկման վայրերում վերականգնման և բարոյական դաստիարակության գործընթացներում:

Այս առիթով ներկայացնում ենք Ինքնագործ մշակութային միավորման նախագահ, գրող Մուշեղ Մխիթարյանի հոդվածը` միջոցառման մասին։

Ես միշտ այն կարծիքին եմ եղել, որ ապրող սերունդները պարտավոր են ապրեցնել անունները նրանց, ովքեր այլևս մեզ հետ չեն, ովքեր վաղուց այն նավի տախտակամածին են, որը դեպի հավերժություն է տանում հայոց բազմադարյա մշակույթի երախտավորներին։ Այս տեսակետից աններելի կլիներ շրջանցել ամենայն հայոց բանաստեղծուհու հոբելյանը։ Թեև այս տարի մի շարք առիթներ եմ ունեցել անդրադառնալու Կապուտիկյանին, ավելորդ չհամարեցի կազմակերպել ևս մեկ միջոցառում, ըստ էության, բաց դաս «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալների համար, և պարզվեց՝ իսկապես կար դրա կարիքը։

Ինչի՞ց պարզվեց։ Իհարկե, դատապարտյալների հետաքրքրվածությունից և հնչեցրած հարցերից։ Սիլվա Կապուտիկյանը 20-րդ դարի հայ գրականության ամենահայտնի դեմքերից է, իսկ  20-րդ դարն անվարան կարող ենք հռչակել հայ մշակույթի նոր վերածննդի դարաշրջան։ Ուրեմն մենք գործ ունենք մեր Վերածննդի շրջանի կարկառուն դեմքերից մեկի՝ կին գործիչների մեջ, թերևս, ամենահայտնի ու ամենասիրված գրողի հետ, որին ճանաչում ու սիրում են բոլոր հայերը՝ Հայաստանում և ի սփյուռս աշխարհի։ Ինչո՞ւ։ Որովհետև նրա բանաստեղծությունները լցված են խորը հուզականությամբ, մարդասիրությամբ և հայրենիքի հանդեպ սիրով: Կապուտիկյանի ստեղծագործությունն անցել է պատմական ծանր պահերի միջով, և նրա բանաստեղլությունները, և ինչու ոչ, քիչ հայտի, սակայն ոչ պակաս հմայող արձակ գործերը դարձել են ժողովրդի ցավի ու ազատության ձգտման արտացոլումը:

Եվ ահա, ծննդյան 105-ամյակի կապակցությամբ, որպես «Արմավիր» ՔԿՀ-ի Ինքնագործ մշակութային միավորման նախագահ, քննարկելով հարցը միավորման անդամ ընկերների և հիմնարկի վարչակազմի հետ, որոշեցի կազմակերպել բաց դաս՝ դատապարտյալներին ծանոթացնելու այս մեծ բանաստեղծուհու կյանքին ու գործունեությանը: Դասը սկսվեց Սիլվա Կապուտիկյանի կենսագրությամբ՝ որպես բանաստեղծուհի և հասարակական գործիչ նրա անցած ուղու մասին պատմությամբ: Որպես զեկուցող և վարող՝ ընդգծեցի, թե ինչպես են Կապուտիկյանի բանաստեղծությունները, որոնք շոշափում են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են Հայաստանի անկախությունը, մարդկային տառապանքներն ու պայքարը, արձագանք գտնում տարբեր սերունդների սրտում: Միջոցառման մասնակիցներին ներկայացրի նաև պատմական համատեքստը, ժամանակաշրջանը, որում ստեղծվել են նրա ստեղծագործությունները, ինչը հնարավորություն է տալիս ավելի լավ հասկանալ գրականության և ժամանակի իրադարձությունների միջև կապը:

Մենք կարդում ենք այս կամ այն գրողի գործը և ուշադրություն չենք դարձնում, թե ո՛ր թվականով է թվագրված։ Այնինչ սա պակաս կարևոր չէ, քան անգամ նյութն ու բովանդակությունը։ Մենք այդպես հասկանում ենք՝ ի՛նչ շրջան էր դա, քանի՛ տարեկան էր այդ ժամանակ գրողը և այլն, և այլն… Ի վերջո, Կապուտիկյանը ոչ միայն ցեղասպանությունը վերապրածների ուղիղ ժառանգորդն էր, այլև ինչ-որ չափով կորսված սերնդի ներկայացուցիչ-գրող։ Մարդ, որի մանկությունն անցել է ցեղասպանությունից ընդամենը մի քանի տարի առաջ մազապուրծ եղած գաղթականի ընտանիքում, իսկ երիտասարդությունը, երբ հոգեկերտվածքը զարգացման վերջնական փուլում է, և ձևավորվում է աշխարհայացքը, որը բնավորության ու առհասարակ բնույթի մի մասն է դառնալու, Համաշխարհային (Հայրենական) պատերազմի բովում է թրծվել։ Եվ այս ամենի մասին խոսելը կարևոր էր։

Ի դեպ, մի շատ ցավալի թեզ կա, որ քանիցս մեծ զարմանքով լսել եմ տարբեր շրջանակներում՝ իբր Սիլվա Կապուտիկյանը սեփականացրել է Շիրազի բանաստեղծությունները։ Եվ ամենևին զարմանալի չէր, որ այս հարցը հնչեց նաև դատապարտյալների կողմից։ Մարդիկ լսել էին ու հիմնավոր պատասխան էին ակնկալում։ Անշուշտ, պարտադիր չէ գրականագետ լինել, բավական է լավ ընթերցող լինել՝ հասկանալու համար, որ Շիրազն ու Կապուտիկյանը բարձրաբերձ լեռան երկու տարբեր գագաթներ են, զգալու համար նրանց ձեռագրերի և անգամ ասելիքի ձևակերպման տարբերությունները։ Ահա սա հասկանալու պարագայում բոլոր չարախոսությունները կլռեն։ Հաջորդ հարցը, որ բխում է վերը նշված պատասխանից, թե այդ դեպքում ինչու են վարկաբեկել գրողին։ Շատ պարզ։ Այդ մասշտաբի գրողին, ով նաև հասարակական ու, ինչու՞ ոչ, պետական գործիչ է, լռեցնելն անհնար էր, ուրեմն պետք էր փորձել գցել խոսքի կշիռը, դրանով էլ՝ ազդեցությունը։

Դասի հաջորդ մասը Կապուտիկյանի բանաստեղծությունների ընթերցումն էր, մասնավորապես՝ հատվածներ նրա հայտնի ստեղծագործություններից։ Ավելի քան երկու տասնյակ դատապարտյալներին Ինքնագործ միավորման անդամներ Մարատ Սարգսյանն ու Արթուր Քոչարյանը ներկայացրին բանաստեղծություններ, որոնք  արտացոլում են ինչպես բանաստեղծուհու անձնական ապրումները, այնպես էլ համազգային ցավն ու ավելի լավ ապագայի ձգտումը: Կարևոր է, որ բանաստեղծական տողերը ներկայացվեցին ոչ միայն որպես գեղարվեստական ստեղծագործություններ, այլև որպես մարդկային արժեքի և ժողովրդի միասնության գիտակցման միջոց: Ինքնագործ մշակութային միավորման անդամ Վիտալիոս Խիոնիդիսը ներկայացրեց Կապուտիկյանի միջազգային գրական կապերը, փոխադարձ թարգմանությունները և բարեկամական-ընկերական ամուր հարաբերությունները ռուս գրողների հետ։

Բանախոսությունից հետո  ներկաներին առաջարկվեց քննարկել Սիլվա Կապուտիկյանի ստեղծագործությունները և արտահայտել իրենց մտքերը դրանց բովանդակության վերաբերյալ: Շատ դատապարտյալներ կիսվեցին իրենց  ապրումներով՝ նշելով, որ արծարծված թեմաներն իրենց ավելի մոտ և հասկանալի են եղել։ Նրանց հետ հատկապես ռեզոնանսվում էին մարդու ներքին պայքարի և պայծառ ապագայի ձգտման մասին տողերը, ինչը, պարզվում է, արդիական էր կյանքի իմաստի և փոփոխությունների որոնման մեջ գտնվող բանտարկյալների համար:

Եզրափակելով դասը՝ դատապարտյալները շնորհակալություն հայտնեցին կազմակերպիչներին՝ բանաստեղծուհու ստեղծագործությանը ծանոթանալու հնարավորության համար։ Մեծություն, որն իր ստեղծագործություններով ոչ միայն բարձրացրեց հայ ժողովրդին, այլև ոգեշնչեց պայքարել հանուն ազատության և արժանապատվության: Մասնակիցներից շատերը խոսեցին այն մասին, թե որքան կարևոր է հիշել բարձր արժեքների մասին, մանավանդ՝ բանտարկության պայմաններում: Նման բաց դասերի կազմակերպումը զգալի դեր է խաղում բանտարկյալների վերականգնման գործընթացում։ Սիլվա Կապուտիկյանի և այլ մեծամեծերի ստեղծագործություններում մարմնավորված բարոյական և մշակութային բարձր չափանիշներին ծանոթանալն օգնում է դատապարտյալներին գիտակցել մարդու անձի, արժանապատվության և բարոյական սկզբունքների կարևորությունը: Գրական մեծ անհատականություններին նվիրված դասերը, որպես կանոն, խթանում են ինքնադրսևորումը, որն առանցքային տարր է բանտարկյալների աշխարհայացքը փոխելու և նրանց վերասոցիալականացման գործընթացում: Շատ դատապարտյալների համար այս տեսակ միջոցառումները դառնում են  ոչ միայն պոեզիայի հետ ծանոթություն, այլև սեփական սխալները հասկանալու և ներքին փոփոխություններ կատարելու ցանկություն: Դատապարտյալները, որոնք ակտիվորեն մասնակցում են նման մշակութային իրադարձություններին, ազատ արձակվելուց հետո հասարակության մեջ հաջող հարմարվելու, ինչպես նաև կյանքի և շրջապատի նկատմամբ իրենց վերաբերմունքը փոխելու ավելի մեծ հնարավորություններ ունեն:

Սիլվա Կապուտիկյանի 105-ամյակին նվիրված բաց դասը կարևոր քայլ էր «Արմավիր» ՔԿՀ-ում մշակութային ռեաբիլիտացիայի ծրագրի իրականացման գործում: Այս իրադարձությունն ընդգծեց գրականության և արվեստի օգտագործման կարևորությունը՝ որպես բանտարկյալների անձնային աճի միջոց: Ծրագրերը, որոնք ուղղված են մեծ անհատների ստեղծագործությանը ծանոթանալուն, նպաստում են նման փակ հաստատություններում ավելի մարդասիրական մթնոլորտի ստեղծմանը և օգնում են դատապարտյալներին գտնելու իրենց և իրենց կյանքը փոխելու ճանապարհը:

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2025 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.