Մարդու իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակը Երևանի պետական համալսարանի հետ համատեղ կազմակերպել էր ուսանողական զեկույցների մրցույթ՝ նվիրված քրեակատարողական համակարգի վերաբերյալ Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի չափորոշիչների և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների դերին և նշանակությանը: Արդյունքներն ամփոփվել են հատուկ մրցանակաբաշխության ժամանակ, որը տեղի է ունեցել 2024 թվականի դեկտեմբերի 13-ին՝ ի նշանավորումն Մարդու իրավունքների պաշտպանության օրվան:
Մրցույթն իրականացվել է Եվրոպայի խորհրդի «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում։ Նպատակն էր խթանել ուսանողների կողմից Հայաստանի վերաբերյալ Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի զեկույցների և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների համակողմանի ուսումնասիրությունն ու վերլուծությունը, խրախուսել ուսանողներին ուսումնասիրել և վերլուծել Հայաստանի վերաբերյալ Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի զեկույցները և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները, ինչպես նաև նշել Մարդու իրավունքների պաշտպանության օրը՝ ընդգծելով Հայաստանում փակ հաստատություններում մարդու իրավունքների պաշտպանության կարևորությունը։
Մրցույթին մասնակցել է Երևանի պետական համալսարանի 16 ուսանող։ Նրանք բոլորը հանձնաժողովի կողմից խրախուսական մրցանակներ են ստացել, իսկ լավագույն 3 զեկույցները ներկայացրած ուսանողներն արժանացել են գլխավոր մրցանակների։
Հանձնաժողովի կազմում, ի թիվս Եվրոպայի խորհրդի, Երևանի պետական համալսարանի, Քրեակատարողական ծառայության, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ներկայացուցիչների, ընդգրված է եղել նաև Իրավական նախաձեռնությունների կենտրոնի ղեկավար Նարե Հովհաննիսյանը։
Հավելենք, որ Իրավական նախաձեռնությունների կենտրոնը մշտապես կարևորում է փակ հաստատություններում մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների ամրապնդումը և այդ մասին ուսանողների շրջանում իրազեկվածության բարձրացումը։ Կազմակերպության ղեկավար Նարե Հովհաննիսյանը պարբերաբար հյուրընկալվել է Երևանի պետական համալսարանում, Եվրասիա միջազգային համալսարանում և Երևանի «Հայբուսակ» համալսարանում՝ ուսանողներին ներկայացնելով Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների վիճակը, առկա մարտահրավերները և զարգացման միտումները, վերջին 2 համալսարանների հետ կնքել է համագործակցության հուշագրեր՝ բուհ-քրեակատարողական և պրոբացիայի ոլորտ-քաղաքացիական հասարակություն կապերն ու համագործակցությունն ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելու նպատակով։
Նաև կարևորելով ուսանողների շրջանում պրակտիկ գիտելիքների և հմտությունների զարգացումը՝ կազմակերպել է Երևանի «Հայբուսակ» համալսարանի դասախոսական կազմի և ուսանողների այցը Պրոբացիայի ծառայություն և Արարտի ուսումնական կենտրոն, ինչպես նաև Եվրասիա միջազգային համալսարանի դասախոսական կազմի և ուսանողների այցը «Արմավիր» ՔԿՀ։
Հետևաբար կազմակերպության համար խրախուսելի էր Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի նախաձեռնությունը, որը միտված էր բարձրացնել քրեակատարողական համակարգում մարդու իրավունքների միջազգային չափանիշների մասին իրազեկումը, ուսանողներին տրամադրել հարթակ՝ ցուցադրելու իրենց վերլուծական հմտությունները։