Skip to content Skip to sidebar Skip to footer

Գլխավոր դատախազությունը տեղեկատվությունը տրամադրելուց խուսափելու փո՞րձ է կատարում

Իրավական նախաձեռնությունների կենտրոնը 2025 թվականի հունվարի 23-ին դիմել է ՀՀ գլխավոր դատախազությանը՝ խնդրելով տեղեկատվություն տրամադրել հետևյալի մասին․

  1. Ենթադրյալ խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ դրսևորման վերաբերյալ քրեակատարողական հիմնարկներից 2024 թվականի ընթացքում քանի՞ արձանագրություն է ստացվել ՀՀ գլխավոր դատախազություն։ Ստացված արձանագրությունների հիման վրա քրեական քանի՞ գործ է հարուցվել, և դրա արդյունքում խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ դրսևորման քանի՞ դեպք է հաստատվել՝ ըստ մեղադրական դատավճռի։
  2. 2024 թվականի ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 322, 323, 324 և 325 հոդվածներից յուրաքանչյուրով քանի՞ քրեական գործ է հարուցվել, քանի՞ մեղադրական դատավճիռ է կայացվել։
  3. Քրեակատարողական հիմնարկներում ազատազրկված անձանց շրջանում 2024 թվականի ընթացքում արձանագրված մահվան դեպքերից քանիսի՞ առթիվ է քրեական գործ հարուցվել, քանի՞ մեղադրական դատավճիռ է կայացվել։ Եղե՞լ են դեպքեր, երբ քրեական պատասխանատվության են ենթարկվել քրեակատարողական ծառայողները/աշխատակիցները, «Քրեակատարողական բժշկության կենտրոնի» բուժաշխատողները։
  4. 2024 թվականի ընթացքում քրեակատարողական հիմնարկներում տրամադրվող սնունդը դատախազության կողմից արդյո՞ք ենթարկվել է փորձաքննության, թե՞՝ ոչ։ Եթե՝ այո, ապա խնդրում եմ նշել քրեակատարողական հիմնարկները, փորձաքննության ենթարկված սննդի տեսակները և տրամադրել փորձաքննության արդյունքները։
  5. 2024 թվականի ընթացքում դատապարտյալների անվտանգության գոտու փոխփոխության վերաբերյալ դատախազության կողմից քանի՞ միջնորդություն է ներկայացվել քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովին։
  6. 2024 թվականի ընթացքում դատապարտյալների անվտանգության գոտու փոխփոխության վերաբերյալ որոշումներից քանիսի՞ վերաբերյալ է դատախազության կողմից կասեցման միջնորդություն ներկայացվել։ Դատախազության միջնորդություններից քանի՞սն են բավարարվել, քանի՞սը՝ մերժվել։
  7. 2024 թվականի ընթացքում դատախազության կողմից քանի՞ միջնորդություն է ներկայացվել քրեակատարողական հիմնարկների պետերին՝ ազատազրկված անձանց նկատմամբ ներքին կանոնակարգով սահմանված պատիժը կրելու կարգի և պայմանների խախտման համար կարգապահական տույժ կիրառելու վերաբերյալ, քանի՞սն են մերժվել, քանի՞սն են բավարարվել։
  8. Ազատազրկված անձանց նկատմամբ 2024 թվականի ընթացքում քրեակատարողական հիմնարկների ներքին  կանոնակարգով  սահմանված  պատիժը  կրելու  կարգի  և պայմանների խախտման համար կիրառված կարգապահական տույժերից քանիսի՞ վերաբերյալ է դատախազության կողմից միջնորդություն ներկայացվել դրանք կասեցնելու և վերանայելու պահանջով, դատախազության միջնորդություններից քանի՞սն են մերժվել, քանի՞սն են բավարարվել։
  9. 2024 թվականի ընթացքում դատախազության կողմից քանի՞ միջնորդություն է ներկայացվել ազատազրկված անձանց խրախուսանքի միջոց կիրառելու վերաբերյալ, քանի՞սն են մերժվել, քանի՞սն են բավարարվել։
  10. Ի՞նչ քայլեր են ձեռնարկում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազներն այն դեպքում, երբ արձանագրում են, որ քրեակատարողական հիմնարկի վարչակազմը խրախուսանք չի տրամադրում այն դատապարտյալներին, ովքեր դրական վարքագիծ են դրսևորում, ուսման և աշխատանքի վերաբերյալ դրական վերաբերմունք ունեն։
  11. 2024 թվականի ընթացքում ազատազրկված անձանց նկատմամբ կիրառված խրախուսանքի միջոցներից քանիսի՞ վերաբերյալ է դատախազության կողմից միջնորդություն ներկայացվել դրանք կասեցնելու և վերանայելու պահանջով, դատախազության միջնորդություններից քանի՞սն են մերժվել, քանի՞սն են բավարարվել։
  12. Ազատազրկված անձանց արգելված իրերի փոխանցման դեպքերի առթիվ 2024 թվականի ընթացքում քանի՞ քրեական գործ է հարուցվել։ Դրանց արդյունքում քանի՞ մեղադրական դատավճիռ է կայացվել։ Եղե՞լ են դեպքեր, երբ քրեական պատասխանատվության են ենթարկվել քրեակատարողական ծառայողները/աշխատակիցները, «Քրեակատարողական բժշկության կենտրոնի» բուժաշխատողները։
  13. 2024 թվականի ընթացքում դատախազության կողմից պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ քանի՞ որոշում է բողոքարկվել դատախազության կողմից, դրանցից քանի՞սն են մերժվել, քանի՞սն են բավարարվել, և դրանց բավարարման արդյունքում քանի՞ անձ է հետ վերադարձվել քրեակատարողական հիմնարկ։

2025 թվականի հունվարի 17-ին պատասխան է ստացվել առ այն, որ գրության մեջ նշված հարցերի վերաբերյալ ամփոփված տեղեկատվություն դատախազությունում դեռևս առկա չէ։ Սակայն ստացված պատասխանը Կազմակերպությունը հիմնավոր չի համարում և կարծում է, որ այդպիսով պահանջվող տեղեկատվությունը տրամադրելուց խուսափելու փորձ է արվում։

Հարկ է նշել, որ ըստ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասի 3-րդ կետի՝ եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ տեղեկությունը դիմողին է տրվում դիմումն ստանալուց հետո 30-օրյա ժամկետում, որի մասին հարցումն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում գրավոր տեղեկացվում է դիմողին՝ նշելով հետաձգման պատճառները և տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը։

Հետևաբար Կազմակերպությունը կրկնակի գրություն է ուղարկել դատախազություն՝ առաջարկելով պահանջվող տեղեկատվությունը տրամադրել համապատասխան գրությունը ստանալուց հետո 30-օրյա ժամկետում։

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2025 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.