2025 թվականի տարեսկզբին Իրավական նախաձեռնությունների կենտրոնը քրեակատարողական տարբեր հիմնարկներում պահվող ազատազրկված անձանցից բողոքներ է ստացել սննդի որակի վերաբերյալ։ Ազատազրկված անձինք հիմնականում դժգոհություններ են ներկայացրել աղցանների, տաք ուտեստների, տավարի և հավի մսի, հացի, կարագի և մի շարք այլ սննդատեսակների վերաբերյալ՝ նշելով, որ, օրինակ, աղցանները կամ եփված վիճակում մատուցվող սնունդն անալի է, հաճարով փլավը համեմատել են խաշած ցորենի հետ, իսկ կարագն անվանել են «կասկածելի ծագման զանգված»։
Ազատազրկված որոշ անձինք մտավախություն են հայտնել, որ նախորդ օրվա սննդի մնացորդներից հաջորդ օրն այլ կերակուր են պատաստում։ «Արմավիր» ՔԿՀ-ից, օրինակ, հայտնել են, որ մի քանի օր շարունակ 2-րդ, 3-րդ, 5-րդ և 6-րդ մասնաշենքերում պահվող անձինք վատ որակի պատճառով հրաժարվել են ճաշից, սնունդը հետ են ուղարկել, որպեսզի որակը կարգավորեն, հետևաբար այդ մասնաշենքերում պահվող անձինք հնարավորություն են ունեցել սնվել միայն երեկոյան։ Հայտնել են նաև, որ տրամադրվող սննդից ստիպված են լինում օգտվել օտարազգիները և երկարաժամկետ ազատազրկման դատապարտված անձինք, քանի որ չունեն հարազատներ, ովքեր կարող են հանձնուքով սնունդ փոխանցել։
Կազմակերպությանը միևնույն ժամանակ տեղեկություններ են փոխանցել այն մասին, որ նշված հիմնարկում սնունդ մատակարարող ընկերությունը սնունդը պատրաստում է առանց շեֆ խոհարարի, իսկ սնունդ պատրաստող աշխատողները տեղեկացված չեն սննդի պատրաստման բաղադրությունից, հետևաբար դրանք կարգավորում են քրեակատարողական հիմնարկների տնտեսական մասի աշխատակիցները։
Հիմք ընդունելով նշված բողոքները՝ Կազմակերպությունը դիմել է Արդարադատության նախարարությանը՝ խնդրելով հնարավորինս մանրամասն պարզաբանումներ ներկայացնել դրանց վերաբերյալ։ Նաև տեղեկատվություն տրամադրել հետևյալի մասին․
- Ներկայումս ինչպե՞ս է կազմակերպվում ազատազրկված անձանց սնունդը։
- Ո՞վ է մատակարարը, եթե փոխվել է, ապա ինչո՞ւ և ե՞րբ։
- Տրամադրել մատակարարի հետ կնքված պայմանագրի օրինակը և այլ մանրամասները, օրինակ, ճաշացանկը։
- Ինչպե՞ս է կազմվում ճաշացանկը և ի՞նչ պարբերականությամբ է այն թարմացվում։
- Ինչպե՞ս է կազմակերպվում դիետիկ սնունդը, հղի կանանց և իրենց մայրերի հետ քրեակատարողական հիմնարկում պահվող մինչև 3 տարեկան երեխաների սնունդը, ինչպես նաև այն անձանց սնունդը, ովքեր կրոնական հավատալիքների պատճառով ունեն տարբերվող սննդառության կարիք։
Կազմակերպության գրությունն Արդարադատության նախարարության կողմից վերահասցեավորվել է Քրեակատարողական ծառայությանը, որտեղից 2024 թվականի հունվարի 30-ին պատասխանել են, որ յուրաքանչյուր տարի «Գնումների մասին» օրենքի համապատասխան հայտարարվում է մրցույթ՝ ազատազրկված անձանց սննդի ապահովման գործընթացի կազմակերպման նպատակով, որում հաղթող ճանաչված ընկերության հետ կնքվում է համապատասխան ծառայությունների մատուցման պայմանագիր։
Նշված ընթացակարգի պահպանմամբ՝ Քրեակատարողական ծառայության և «Բնական բարիքներ» ՍՊԸ-ի միջև 2024 թվականի նոյեմբերի 29-ին կնքվել է քրեակատարողական հիմնարկների կարիքների համար սննդի պատրաստման ծառայությունների մատուցման պետական գնման թիվ «ՀՀ ԱՆ ՔԿԾ-ԲՄԾՁԲ-25/1» պայմանագիրը։ Ըստ այդմ՝ քրեակատարողական հիմնարկներում պահվող ազատազրկված անձանց տրամդրվող սննդի ապահովումը 2024 թվականի դեկտեմբերի 26-ից իրականացվում է «Բնական բարիքներ» ՍՊԸ-ի կողմից, իսկ 2024 թվականի ընթացքում սննդի ապահովման գործընթացն իրականացվել է «Էլիտ Ֆուդ» ՍՊԸ-ի կողմից։ Մատակարար կազմակերպության կողմից սննդի ապահովումը ներառում է դրա ձեռքբերման, պատրաստման և հատկացման համակարգ։
Ճաշացուցակները կազմվում են «Դատապարտյալի անձնական հիգիենայի պահպանման համար անհրաժեշտ հիգիենայի պարագաների չափաբաժինները, հանդերձանքի, անկողնային պարագաների չափաբաժինները և դրանց օգտագործման ժամկետները, սննդամթերքի միջին և մեկը մյուսով փոխարինելու չափաբաժինները սահմանելու մասին» Կառավարության 2023 թվականի փետրվարի 23-ի թիվ 245-ն որոշման համաձայն։ Սնունդը հատկացվում է նշված որոշման պահանջների պահպանմամբ, նախապես հատկացված ճաշացուցակ համաձայն՝ շաբաթական կտրվածքով և փոփոխվում է տարբեր շաբաթների համար՝ սննդի բազմազանությունն ապահովելու համար։ Մասնավոր ընկերության կողմից ճաշացուցակները կազմվում են ազատազրկված անձանց մեծամասնության նախասիրությունների հաշվի առնմամբ, որոնք հաստատվում են քրեակատարողական հիմնարկների պետերի կողմից։ Ճաշացանկում նշվում են օգտագործվող սննդամթերքների քանակը և սննդի միջին օրական էներգետիկ արժեքը, որը, ըստ հաշվարկների, չպետք է պակաս լինի 2800 կիլոկալորիայից։ Ճաշացուցակը կազմելիս պարտադիր հաշվարկվում և ստուգվում է սննդի կալորիականությունը։
Տարբեր հիվանդություններ ունեցող ազատազրկված անձանց համար դիետիկ սնունդ տրամադրվում է բժշկի կողմից տրված եզրակցության հիման վրա, ըստ որի՝ մատակարար կազմակերպության կողմից համապատասխան նոզոլոգիական խմբերի համար պատրաստվում են դիետիկ ճաշատեսակներ և մատակարարվում քրեակատարողական հիմնարկներ կամ այն բուժհաստատություններ, որտեղ այդ պահին գտնվում են տվյալ անձինք։
«Աբովյան» ՔԿՀ-ում գտնվող մանկահասակ երեխաներին, մատակարար կազմակերպության հետ կնքված պայմանագրի համաձայն, համապատասխան սննդի տրամադրումը և ճաշացուցակների կազմումը կատարվում է «Մանկատանը, երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունում (անկախ դրա կազմակերպա-իրավական ձևից) խամվող, ինչպես նաև հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունում սովորող երեխայի խնամքի և սպասարկման նվազագույն չափորոշիչները հաստատելու մասին» պահանջների պահպանմամբ։
Ինչ վերաբերում է ազգային և կրոնական այլ պատկանելություն ունեցող ազատազրկված անձանց, ապա իրենց ցանկության դեպքում մատակարար ընկերության կողմից տրամադրվում է տվյալ օրվա ճաշացանկից տարբերվող այլ ճաշատեսակ։
Ազատազրկված անձանց սննդի հատկացման ճաշացուցակի, մատակարար կազմակերպության կողմից հատկացվող պատրաստի սննդի ստացման, սննդամթերքի ցանկի, սննդի քանակի և որակի հսկողությունն իրականացվում է Արդարադատության նախարարի 2024 թվականի հունիսի 20-ի թիվ 354-Ն հրամանի համաձայն։ Ըստ այդմ՝ ազատազրկված անձանց մատակարարվող սննդի չափաբաժինների հսկողությունն իրականացվում է ամենօրյա ռեժիմով։ Յուրաքանչյուր մատակարարման ժամանակ քանակի և որակի հսկողությունն իրականացնում է օրվա պատասխանատու հերթապահը։ Վերջինիս ներկայությամբ ստուգվում և կշռվում է մատակարարված պատրաստի սնունդը, համտեսի և հոտի ստուգման ձևով գնահատվում է սննդի որակը, ստուգվում է յուրաքանչյուր մատակարարված խմբաքանակի համապատասխանությունը ճաշացանկով հաստատված չափաբաժիններին։
«Արմավիր» ՔԿՀ-ում սննդի ապահովման գործընթացի կապակցությամբ բարձրացված հարցադրման վերաբերյալ տեղեկացրել են, որ նշված հիմնարկի պետին հասցեագրվել է 2 բողոք մակարոնով ճաշատեսակի, ջեռոցում պատրաստված ձկան և աղցանի որակի վերաբերյալ, որոնցում արձանագրված թերությունները տեղում վերացվել են։
Այնուամենայնիվ, կարծում ենք, որ մատակարարների փոփոխման դեպքում պետք է առավել հետևողականություն ցուցաբերել՝ հնարավորինս սահուն ձևով կազմակերպելու համար սննդի համային անցումները։ Նաև կարծում ենք, որ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել սննդի նախորդ և ներկա մատակարարների միջև փորձի փոխանակման համար՝ քննարկումներ ապահովելով ազատազրկված անձանց հետ աշխտանքի և նրանց համար սննդի պատրաստման ու մատակարարման առանձնահատկությունների շուրջ։