Skip to content Skip to sidebar Skip to footer

«Կանանց ազատազրկման նկատմամբ գենդերազգայուն մոտեցումների կիրառման անհրաժեշտությունը»․ Քննարկում Քրեակատարողական ծառայությունում

2025 թվականի փետրվարի 13-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Կանանց ազատազրկման նկատմամբ գենդերազգայուն մոտեցումների կիրառման անհրաժեշտությունը» թեմայով քննարկում։ 

Իր ձևաչափով հանդիպումն աննախադեպ էր և նպատակ ուներ քննարկել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում արձանագրված խնդիրները, ազատազրկված կանանց վիճակի բարելավման վերաբերյալ առաջարկությունները և հնարավոր լուծումները։ Այդ համատեքստում Նարե Հովհաննիսյանը ներկայացրել է այն առաջարկությունները, որոնք տեղ են գտել կազմակերպության կողմից մշակված տարբեր հետազոտական զեկույցներում և հոդվածներում։

Դրանք վերաբերել են ազատազրկված կանանց բժշկական օգնությանը և սպասարկմանն առնչվող առավել խնդրահարույց հարցերին և բուժանձնակազմի աշխատանքային պայմաններին։ Ն․ Հովհաննիսյանը ծավալուն անդրադարձ է կատարել «Աբովյան» ՔԿՀ-ի շենքային պայմաններին՝ կարևորելով աշխատակազմի աշխատանքային պայմանների և ազատազրկված կանանց պահման պայմանների բարելավումը, վերջիններիս վերասոցիալականացման, սոցիալ-հոգեբանական ծառայությունների և իրավունքների իրացման մեխանիզմների արդյունավետության բարձրացումը՝ կապված տեղաբաշխման, սննդի, զբոսանքի, արտաքին աշխարհի հետ կապի կազմակերպման և հիգիենայի ապահովման հետ։ Հատուկ ուշադրության կենտրոնում են եղել իրենց մոտ մինչև 3 տարեկան երեխա ունեցող ազատազրկված կանանց հարցերը։

Քննարկման անհրաժեշտությունը պայմանավորված էր այն հանգամանքով, որ քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի հընթացս գործող ռազմավարությամբ նախատեսվում է «Աբովյան» ՔԿՀ-ի գործունեությունը և առօրյա կյանքը կարգավորող ներքին կանոնները համապատասխանեցնել կանանց ազատազրկման նկատմամբ գենդերազգայուն մոտեցումների պահանջներին։ Դա ենթադրում է դրույթներ գենդերազգայուն մոտեցումների վերաբերյալ՝ կապված կին դատապարտյալների խուզարկությունների և մարդու արժանապատվության չարաշահումից երաշխիքների սահմանման հետ։

Բացի այդ, ռազմավարությամբ նախատեսվում է, որ 2025 թվականի 2-րդ կիսամյակում յուրաքանչյուր քրեակատարողական հիմնարկ պետք է մշակի արտակարգ իրավիճակների անհատական ծրագրեր: Հետևաբար կազմակերպության կողմից ներկայացված առաջարկությունները կարող են օգտակար լինել նաև այդ ծրագրերի մշակման հարցում՝ նպաստելով, որպեսզի կանանց ներհատուկ կարիքները հնարավորինս նկատի առնվեն։

Քննարկմանը մասնակցել են Արդարադատության նախարարության, Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի, Պրոբացիայի ծառայության, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնի, Քրեակատարողական բժշկության կենտրոնի, Ռաուլ Վալենբերգ մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի հայաստանյան գրասենյակի, Հայաստանում կանանց հիմնադրամի, Կանանց ռեսուրսային կենտրոնի ներկայացուցիչները։

Կառույցներից յուրաքանչյուրը պարզաբանումներ և դիտարկումներ է ներկայացրել իր իրավասության տիրույթում գտնվող հարցերի վերաբերյալ։ Քրեակատարողական ծառայության կողմից ներկայացված պարզաբանումները վերաբերել են շարունակական բնույթ կրող բարեփոխումների ընթացիկ արդյունքներին՝ կապված ազատազրկված կանանց տրամադրվող հանդերձանքի նոր լրակազմի, հեռախոսակապի նորացված համակարգի, հիմնարկում իրականացված և շարունակվող մեծածավալ շինվերանորոգման աշխատանքների հետ՝ արձանագրելով, որ առավել խորքային լուծումներ պահանջող խնդիրների կարգավորման ուղղությամբ նույնպես համապատասխան աշխատանքներ են տարվում։ 

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2025 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.