Skip to content Skip to sidebar Skip to footer

Առկա տեխնիկական խնդիրները դեռևս խոչընդոտում են տեսակապի և հեռախոսակապի միջոցով արտաքին աշխարհի հետ կապն արդյունավետ ձևով պահպանելուն

«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն վերջին ամիսներին քրեակատարողական տարբեր հիմնարկներից ահազանգեր է ստացել այն մասին, որ հիմնարկներում առկա տեխնիկական խնդիրները դեռևս խոչընդոտում են տեսակապի և հեռախոսակապի միջոցով արտաքին աշխարհի հետ կապն արդյունավետ ձևով պահպանելուն։ Հիմնական դժգոհությունները վերաբերում են տեսակապից օգտվելու համար համակարգիչների սակավությանը։ Դժգոհություններ են ստացվել նաև այն մասին, որ թեև էական քայլեր ձեռնարկվել են հեռախոսակապի միջոցով կապն արտաքին աշխարհի հետ բարելավելու համար, սակայն հեռախոսակապից օգտվելու ժամանակացույցները չեն վերանայվել։

«Վանաձոր» ՔԿՀ-ից, օրինակ, կազմակերպությանը հայտնել են, որ նախքան վերջերս կատարված փոփոխությունները, հիմնարկում կար 1 քրոս քարտով հեռախոս և 1 տաքսաֆոն։ Գրաֆիկով տրամադրվում էր ամեն օր 1 անգամ մինչև 20 րոպե տևողությամբ հեռախոսազանգի հնարավորություն։ Ներկայումս քրոս քարտով հեռախոսների թիվն ավելացել է, սակայն դատապարտյալները դեռևս հնարավորություն չունեն ավելի հաճախ օգտվել հեռախոսակապից։ Խնդիրն այն է, որ հեռախոսները տեղադրված են միմյանցից 2-3,5 մետր հեռավորության վրա։ Հիմնարկի վարչակազմը պատճառաբանում է, որ հեռախոսազանգերը հաճախակի տրամադրելու դեպքում կառաջա զուգահեռ խոսելու խնդիր, ինչը կարող է խախտել խոսակցությունների գաղտնիությունը, ինչպես նաև անվտանգության տարբեր գոտիներում պատիժ կրող դատապարտյալների մեկուսացվածությունը պահպանելու պարտադիր օրենսդրական պահանջը։ Խնդիր է նաև աշխատակիցների ոչ բավարար թիվը և ծանրաբեռնված աշխատանքը։ Բացի այդ, տեսակապից օգտվելու համար հիմնարկում առկա է 1 համակարգիչ, որը տեղադրված է հոգեբանի սենյակում, և դատապարտյալները տեսակապից օգտվելու հնարավորություն ունենում են այն դեպքում, երբ սենյակը տվյալ պահին զբաղված չի լինում։

Արտաքին աշխարհի հետ կապի պահպանումը կարևորվում է դատապարտյալների վերասոցիալականացման գնահատման, ինչպես նաև պայմանական վաղաժամկետ ազատման ժամանակ։ Հետևաբար կազմակերպությանը դիմած դատապարտյալներն օբյեկտիվ մտահոգություն են հայտնել առ այն, որ առկա տեխնիկական խնդիրների պատճառով կապի՝ օրենքով թույլատրելի միջոցներից ոչ բավարար օգտվելը կարող է անբարենպաստ վիճակ առաջացնել իրենց վերասոցիալականացման դինամիկայի գնահատման կամ պայմանակական վաղաժամկետ ազատման ժամանակ։ Բացի այդ, օրենքով թույլատրելի կապի միջոցով ընտանիքի հետ շփվելու հարցում խոչընդոտների բախվելը հանգեցնում է նրան, որ շատերը ձգտում են բջջային հեռախոս ունենալ, ինչն օրենքով արգելված է, հետաբար իրենց համար բացասական հետևանքներ է առաջացնում՝ ընդհուպ մինչև կարգապահական տույժերի կիրառում։

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ կազմակերպությունը 2025 թվականի փետրվարի 21-ին դիմել է Արդարադատության նախարարությանը՝ առաջարկելով ուսումնասիրել դատապարտյալների կողմից բարձրայնված խնդիրները և դիտարկել հեռախոսակապից կամ տեսակապից օգտվելու ժամանակացույցերը վերանայելու, ինչպես նաև «Վանաձոր» ՔԿՀ-ում առկա խոչընդոտները վերացնելու հարցը։ Այդ համատեքստում կազմակերպությունը կարևորել է տեսակապի համար նախատեսված համակարգիչների թվի ավելացումը, հեռախոսակապից օգտվելու համար մեկուսի պայմանների ստեղծումն այնպես, որ հնարավոր լինի զուգահեռ հեռախոսազանգեր թույլատրել՝ առանց խախտելու խոսակցությունների գաղտնիությունը։

Արդարադատության նախարարությունը, ուսումնասիրելով կազմակերպության գրությունը և հիմք ընդունելով Քրեակատարողական ծառայության կողմից տրամադրված տվյալները, տեղեկացրել է, որ Քրեակատարողական ծառայության կողմից 2024 թվականին ձեռք են բերվել 170 նոր, գերժամանակակից հակավանդալային հեռախոսային համակարգեր, որոնք տեղադրվում են քրեակատարողական բոլոր հիմնարկներում, այդ թվում՝ նաև «Վանաձոր» ՔԿՀ-ում, և հնարավորություն են ընձեռնում ազատազրկված անձանց արտաքին աշխարհի հետ կապն ապահովել ավելի բարձր որակի հեռախոսակապի միջոցով: Նշված բարելավման արդյունքում սեփական միջոցների հաշվին բջջային ցանցեր կատարվող հեռախոսազանգերի 1 րոպեի արժեքը 19 ՀՀ դրամից փոփոխվել և սահմանվել է 8.9 ՀՀ դրամ։ Ազատազրկված յուրաքանչյուր անձի համար հեռախոսային համակարգերի ծրագրային ապահովման միջոցով նախատեսվելու է պետական միջոցների հաշվին ամսական 20 րոպե տևողությամբ հեռախոսակապից օգտվելու հնարավորություն: Բացի այդ, ազատազրկված անձինք հնարավորություն կունենան հեռախոսակապից օգտվել սեփական միջոցների հաշվին՝ վերոնշյալ սակագնով։

Մյուս հարցադրումների կապակցությամբ նախարարությունից պարզաբանել են, որ քրեակատարողական օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի և Կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի թիվ 543-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 12-րդ գլխի 180-րդ կետի համաձայն` դատապարտյալին քրեակատարողական հիմնարկի պետի սահմանված ժամանակացույցով տրամադրվում է հեռախոսակապից և տեսազանգից օգտվելու հնարավորություն` պետական միջոցների հաշվին: Հեռախոսազանգից կամ տեսազանգից օգտվելու տևողությունը յուրաքանչյուր դեպքում չի կարող գերազանցել 20 րոպեն, բացառիկ դեպքերում այն կարող է երկարաձգվել ևս 10 րոպեով, սակայն նշված կարգավորումը չի նախատեսում, որ դատապարտյալն, օրինակ` օրվա ընթացքում 10 անգամ կարող է դիմել զանգելու իրավունքից օգտվելու համար` յուրաքանչյուր դեպքում 2 կամ 3 րոպե տևողությամբ, քանի որ այդ դեպքում կխաթարվի քրեակատարողական հիմնարկի բնականոն գործունեությունը։ Հեռախոսզանգի և տեսազանգի տրամադրումից բացի, քրեակատարողական հիմնարկներում իրականացվում են օրենքով սահմանված և վերասոցիալականացմանն ուղղված մի շարք այլ գործառույթներ, մասնավորապես`  զբոսանք, մերձավոր հարազատների և այլ անձանց, այդ թվում՝ փաստաբանի, քննիչի, դատախազի հետ տեսակցություններ, ընդունելություններ, ինչպես նաև մեծ թվով կրթական, մշակութային, կրոնական և մարզական միջոցառումներ։ Հետևաբար հեռախոսազանգերից և տեսազանգերից օգտվելու համար սահմանված ժամանակացույցերը կազմվում են՝ քրեակատարողական հիմնարկի բնականոն գործունեությունը կազմակերպելու և օրենքի պահանջները բավարարելու համար։ Քրեակատարողական հիմնարկի վարչակազմը դատապարտյալի հետ իրականացվող աշխատանքներում առաջնորդվում է քրեակատարողական օրենսդրության՝ վերը թվարկված սկզբունքներով՝ չխախտելով անազատության մեջ պահվող անձանց իրավունքները։

Վերոգրյալի համատեքստում նախարարությունից տեղեկացրել են, որ որ տեսազանգի տրամադրման վայրի, դրանց քանակի հետ կապված «Վանաձոր» ՔԿՀ-ի վարչակազմի կողմից որևէ խնդիր չի արձանագրվել։ Տեսազանգի համար նախատեսված վայրը և տեխնիկական միջոցները ներկայումս ամբողջությամբ բավարարում են գործառույթն իրականացնելու համար: Այնուամենայնիվ, հեռախոսազանգերի տրամադրման ժամանակացույցը փոփոխվել է հիմնարկի վարչակազմի հետ քննարկման արդյունքում, իսկ տեսազանգի ժամանակացույց կազմելու անհրաժեշտությունն առաջացել է օտարերկրյա քաղաքացիների թվաքանակի ավելացմամբ, ինչպես նաև անազատության մեջ գտնվող անձանց կողմից տեսազանգից ավելի հաճախակի օգտվելու ցանկությամբ պայմանավորված։ Տեղեկացրել են նաև, «Քրոս-նեթ» քարտֆոնների քանակն ավելացել է՝ 7-ից  դառնալով 15: Առկա է նաև 7 «Թիմ» ՍՊԸ-ի քարտֆոն: Ավելացել են նաև հեռախոսակապից օգտվելու համար նախատեսված վայրերը: Հիմնարկի՝ հեռախոսակապի համար նախատեսված առանձնացված վայրերում առկա են միմյանց զուգահեռ երկուական հեռախոսներ, որոնք առաջիկայում նախատեսված է կահավորել թափանցիկ ձայնամեկուսիչ հեռախոսախցիկներով: Հեռախոսազանգերի գործող ժամանակացույցի համաձայն՝ ազատազրկված յուրաքանչյուր անձ կարող է օրական մեկ անգամ օգտվել հեռախոսազանգի իրավունքից, ներառյալ ոչ աշխատանքային օրերը, այսինքն` շաբաթական 7 անգամ` 20 րոպե տևողությամբ և բացառիկ դեպքերում՝ ևս 10 րոպե ավելացման հնարավորությամբ։

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2025 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.