Հայաստանում կանանց հիմնադրամի կողմից թողարկվող Հայաստանի ժամանակակից աշխատավորուհի թերթի երկրորդ համարում տեղ է գտել նաև Իրավական նախաձեռնությունների կենտրոնի նախագահ Նարե Հովհաննիսյանի հեղինակած հոդվածը, որն անդրադառնում է ազատազրկված կանանց սեռական և վերարտադրողական առողջության խնդիրներին։
Հեղինակը ներկայացրել է ազատազրկված 3 կնոջ փորձառություն։ Ճիշտ է, այդ կանայք ներկայումս ազատության մեջ են, սակայն նրանց հետ զրույցներն օգնել են փաստագրել այն խնդիրները, որոնց ուղղությամբ հասցեական քայլերի ձեռնարկումը պատժի կրման պայմաններն ավելի բարենպաստ կդարձնի ազատազրկված մյուս կանանց համար։
2025 թվականի մարտի 28-ին տեղի ունեցած շնորհանդեսի ժամանակ Ն․ Հովհաննիսյանը նույնպես ելույթ ունեցավ՝ խոսելով թերթի շրջանակներում նշված խմբի կանանց խնդիրներին ուշադրություն դարձնելու կարևորության մասին։ Հեղինակի համոզմամբ՝ ազատազրկված կանանց առնչվող հարցերն այդկերպ հայտնվում են հանրային լայն ուշադրության կենտրոնում, հասանելի են դառնում ընթերցողների նոր շրջանակների և ներառվում են կանանց իրավունքների օրակարգում՝ դուրս բերվելով թեմատիկ մարգինալացումից և քննարկման նոր ծավալներ ստանալով։
Այս համատեքստում Ն․ Հովհաննիսյանը շեշտադրեց Հայաստանում կանանց հիմնադրամի սրտացավ աջակցությունը, ինչի շնորհիվ Իրավական նախաձեռնությունների կենտրոնը կյանքի է կոչել այնպիսի ծրագրեր, որոնք նախադեպային են եղել Հայաստանի քրեակատարողական պատմության մեջ, և որոնց շարունակականությունն ապահովելու ուղղութամբ պետության կողմից նշանակալից քայլեր են ձեռնարկվել։
Կանանց սեռական և վերարտադրողական առողջության խնդիրները՝ ճաղերի հետևում
Երկար տարիներ է, ինչ այցելում եմ քրեակատարողական հիմնարկներ։ Աշխատանքիս բնույթն է այդպիսին՝ մշտադիտարկում, խախտումների բացահայտում․․․ Առանձնակի հետաքրքրությամբ այցելում եմ հատկապես «Աբովյան» ՔԿՀ[1]՝ վայր, որտեղ պատիժ են կրում կանայք։ Ինձ հետաքրքրում է, թե ինչ խնդիրներ ունեն այդ կանայք, հիմնարկի պայմաններն ինչպես են ազդում նրանց առողջության վրա, առողջապահական կամ խնամքի ինչ ծառայություններ են հասանելի բանտային պայմաններում։
Տիկին Արմինեին[2] հերթական այցերից մեկի ժամանակ եմ հանդիպել՝ կացարանի մասնաշենքում։ Այնտեղ պահվում են ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք կատարելու համար ազատազրկման դատապարտված կանայք։ Հարցիս, թե բանտում կնոջ համար հեշտ է՞, տիկին Արմինեն պատասխանեց առանց երկար մտածելու և արցունքն աչքերին․
«Բանտը կնոջ համար չէ։ Դժվար է բանտի պայմաններին հարմարվելը, ընտանիքից հեռու լինելը։ Գետինը բետոնից է, ամեն տեղ խոնավ է։ Բոլորս նևրոզ ունենք, բողոքում ենք սրտի, ոտքերի, մեջքի ցավից․․․»։
Չի դժգոհում իրենց սպասարկող բուժանձնակազմից։ Հատկապես ատամնաբույժը և գինեկոլոգը շատ հոգատար են։ Խնդիրներից առանձնացրեց դեղերի սակավությունը և բուժքույրերի ծանրաբեռնվածությունը։ Հարցիս, թե հիմնարկում գործիքային կամ լաբորատոր հետազոտություններ անցկացվո՞ւմ են, պատասխանեց, որ նման սարքավորումներ և մասնագետներ չկան։ Երբ նոր էր եկել հիմնարկ, ՄԻԱՎ-ի, սիֆիլիսի, Հեպատիտ C-ի թեստ է հանձնել։ Հիշեց նաև, որ որոշ ժամանակ առաջ ֆլյուրոգրաֆիկ սարք են բերել և ցանկացողներին հետազոտել։ Սակայն հիմնարկում կրծքագեղձի և գինեկոլոգիական քաղցկեղի սկրինինգային հետազոտություններ չեն կատարում։ Հիմնարկի գինեկոլոգը զննում է։ Եթե որևէ խնդիր է բացահայտում, ուղեգրում է քաղաքացիական բուժհաստատություն։ Այնտեղ են անցկացվում նաև սոնոգրաֆիայի, մամոգրաֆիայի, ՊԱՊ քսուկի կամ հեշտոցի արտադրության հետազոտությունները։ Թեև խոսակցության վերջում ժպտալով ավելացրեց՝ կանայք ինչպես առօրյա կյանքում, այնպես էլ հիմնարկում ծայրահեղ դեպքում են դիմում բժշկի։
Միջանցքում տեսա նաև մի երիտասարդ կնոջ՝ երեխային գրկած: Գիտեմ՝ օրենքը թույլ է տալիս, որ ազատազրկված ծնողը երեխային մինչև 3 տարեկանը պահի իր մոտ, բայց ի՞նչ պայմաններում․․․ Բետոնից գետին՝ պատված տեղ-տեղ ծածկված լինոլիումով, պատեր՝ խոնավությունից ճաքճքված և ծեփը թափված, և առաջին անհրաժեշտության իրեր․ հին մահճակալ, որի վրա ինքն է քնում, մանկասայլակ, որի մեջ երեխային է քնեցնում, անկողնային պարագաներ, որոնք ընտանիքն է ուղարկել, կողապահարան, պահարան, սեղան աթոռ․․․Սա է այն փոքր կացարան-սենյակը, որտեղ երիտասարդ կինը՝ Աննան, մինչև ազատվելը պիտի ապրի երեխայի հետ։
Ասաց՝ կնոջ համար դժվար է այս պայմաններում, հատկապես եթե երեխային կեսարյան հատումով է ունեցել։ Բացատրեց։ Իր հագուստը լվացքի մեքենայով են լվանում, իսկ երեխայի շորերն ու անկողնային պարագաներն ինքն է լվանում ձեռքով։ Երեխաների համար առանձին լվացքի մեքենա չկա։ Իսկ ինքը չի ուզում նորածին երեխայի շորերը մյուս կանանց հագուստի հետ լվանալ։ Հիգիենայի հետ կապված մտավախություններ ունի։ Եվ հենց այստեղ են խնդիրներ առաջացել․
«Կարերը վրաս՝ շորերը լվանում էի, դրսում փռում, որ չորանան։ Հետևանքը եղավ այն, որ տարատեսակ բորբոքումներ ու խնդիրներ ունեցա։ Իսկ երբ հղի էի, դժվարանում էի անգամ սանհանգույցից օգտվել, որն ասիական տիպի է»։
Կացարան-սենյակում ո՛չ լոգարան կա, ո՛չ սանհանգույց։ Ասաց՝ մինչ սրբիչի մեջ փաթաթած, ցուրտ միջանցքով կացարանից ընդհանուր լոգարան է տանում-բերում, երեխան մրսում է։ Իսկ ինքը չի կարող երեխային քնած կամ մենակ թողնել և գնալ լոգարան՝ լողանալու կամ լվացք անելու։
Հիմնարկի հոգեբանից և սոցիալական աշխատողից չի դժգոհում։ Երբ խնդիրներ է ունենում, խոսում է, օգնում են իրեն։ Սակայն խորհրդատվություն չի ստացել, օրինակ, հղիության փուլերի, այդ շրջանում առաջացող վախի, անորոշության և տագնապի զգացողությունների հաղթահարման, ծնողավարման, երեխայի խնամքի կազմակերպման հարցերի վերաբերյալ։
Գրելու պահին հիշեցի նաև Սոնային, ում տարիներ առաջ էի տեսել նույն մասնաշենքում։ Շենքի մաքրության համար էր պատասխանատու։ Ամռանը դրսի աշխատանքն էր կատարում, ձմռանը՝ ներսի։ Կինը պայմաններին հարմարվել էր, բայց իր նկատմամբ վերաբերմունքին՝ ոչ։ Ասաց՝ մյուս կանայք իր հետ չեն շփվում։ Իր սպասքն առանձնացված է։ Անգամ լվացքի մեքենայից չի օգտվում։ Շորերը ձեռքով է լվանում։ Պատճառը նույնպես ասաց՝ ՄԻԱՎ ունի։ Մյուսները վախենում են, որ եթե իր հետ շփվեն, կվարակվեն։ Դրա պատճառը նույնպես ասաց՝ տեղեկացված չեն նման հիվանդությունների փոխանցման մասին։ Հիշեց՝ իր նկատմամբ վերաբերմունքը փոխվել է միայն այն ժամանակ, երբ հասարակական կազմակերպություններից մեկն իրազեկման դասընթաց է անցկացրել հիմնարկում։
Վերջերս կատարած այցի ժամանակ տեղեկացա, որ Աննան և Սոնան պայմանական վաղաժամկետ ազատվել են, իսկ կացարանի մասնաշենքն այլևս չի գործարկվում։ Այնտեղ պահվող կանանց նոր վերանորոգված մասնաշենք են տեղափոխել։ Կդժվարանամ ասել, թե ինչպիսին են պայմանները նոր մասնաշենքում, քանի որ կանանց հետ դեռևս չեմ զրուցել։ Այդ անգամ որոշեցի այցելել մեկուսարանի մասնաշենք, որտեղ կալանավորված և խցային պայմաններում[3] պատիժ կրող կանայք են պահվում։ Մեկուսարանի պայմաններն էլ մեր պատժի նման դաժան են ու խիստ՝ ասում են նրանք։ Օրինակ, պատմեցին, որ տաք ջուրը ընդհանուր լոգարանում են միացնում, այլ էլ միայն լոգանքի օրերին։ Խցերում տաք ջուր չկա։ Ամենօրյա լվացումների համար ստիպված են լինում խցերում թեյնիկով ջուր տաքացնել։ Հարցիս, թե իրենց տրամադրվո՞ւմ են, օրինակ, սանիտարական սրբիչներ, տամպոններ, արյան հետքերը հեռացնող միջոցներ, պատասխանեցին՝ ոչ։ Միակ բացառությունը ամսական 10 հատ կանացի միջադիրն է։
Ասացին՝ խցերն անմխիթար վիճակում են։ Սակայն եթե այդ պայմաններին մի կերպ հարմարվել են, տաք ջրի, անձնական հիգիենայի ու խնամքի պարագաների, զբոսանքի սուղ հնարավորությունը, մաքուր օդի և շարժունակության պակասը չեն կարողանում հաղթահարել։ Միգուցե հենց սթրեսային վիճակն է պատճառը, որ շատերը քնի խանգարման խնդիր ունեն և ստիպված են լինում քնաբեր կամ հոգեմետ դեղեր ընդունել՝ հիմնարկի բժշկի ցուցումով։
Կանանց այդ վիճակում տեսնելուց հետո միշտ այն ընկալումն եմ ունենում, որ պատժի վայրում հայտնված կինն անտեսվում է պետության կողմից։ Եվ չեմ սխալվում։ «Հանցագործություն է կատարել, հերիք չէ, իրավունքներ է՞լ պիտի ունենա»․ սա է այն մտայնությունը, որին առերեսվում եմ ամեն անգամ, երբ խոսում եմ այդ կանանց խնդիրների և դժվարությունների մասին։ Եվ ամեն անգամ առկախվում է մի հարց, որն այդպես էլ չեմ կարողանում բարձրաձայն հնչեցնել՝ իսկ մի՞թե հանցագործություն կատարած կինը դադարում է կին լինելուց․․․
[1]ՔԿՀ հապավումով մատնանշում ենք քրեակատարողական հիմնարկը
[2]Ազատազրկված կանանց անունները փոխված են՝ պահպանելու համար անձնական տվյալների գաղտնիությունը
[3]Խցային պայմաններում պատիժ են կրում ծանր կամ առանձնապես ծանր հանցանք կատարած անձինք
Հեղինակ՝ Նարե Հովհաննիսյան
Աղբյուր՝ «Հայաստանի [ժամանակակից] աշխատավորուհի» թերթ, 2-րդ համար, էջեր 9-10
Հայաստանում կանանց հիմնադրամ