Ուրախ ենք տեղեկացնել, որ «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն Վրաստանում Նորվեգիայի Թագավորության դեսպանատան ֆինանսական աջակցությամբ 2025 թվականի ապրիլին մեկնարկել է «Կառուցելով գենդերազգայուն քրեակատարողական համակարգ Հայաստանում» դրամաշնորհային ծրագրի իրականացումը, որի նպատակն է բարելավել ազատազրկված կանանց պաշտպանությունը, բարեկեցությունը և վերասոցիալականացումը Հայաստանի քրեակատարողական համակարգում։ Այդ համատեքստում նախատեսում է խթանել գենդերազգայուն քաղաքականությունների և կանոնակարգերի մշակումը և կիրառումը, ինչպես նաև ամրապնդել քրեակատարողական ծառայողների և աշխատողների կարողությունները՝ ազատազրկված կանանց հետ ամենօրյա
աշխատանքում ներառելու գենդերազգայուն մոտեցումները։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է քրեակատարողական համակարգի գնահատում կատարել գենդերազգայուն լինելու տեսանկյունից, 2 հատ 3-օրյա դասընթաց կազմակերպել ազատազրկված կանանց հետ աշխատող աշխատակազմի համար՝ ներառելով միջմասնագիտական խմբեր և նրանց աշխատանքային ձեռնարկ մշակել, ինչպես նաև ծրագրի արդյունքները և ձեռքբերումները քննարկել ամփոփիչ գիտաժողովի ժամանակ։
Նշենք, որ Իրավական նախաձեռնությունների կենտրոնը կարևորում է քրեակատարողական ծառայողների և աշխատողների գիտելիքների կատարելագործումը, հմտությունների զարգացումը և մասնագիտական գործառույթների կատարումը բարձր պրոֆեսիոնալիզմով։ Կազմակերպության նախագահ Նարե Հովհաննիսյանն ընդգրկվել է քրեակատարողական ծառայողների ատեստավորման հանձնաժողովում։ Կազմակերպությունը դեռևս 2023 թվականին վերապատրաստման դասընթացներ է կազմակերպել քրեակատարողական համակարգի սոցիալական աշխատողների, բժիշկների և հոգեբանների համար՝ բարելավելու նրանց հմտություններն ազատազրկված խոցելի խմբերի հետ աշխատանքում։ Նշված մասնագիտական խմբերի համար նաև աշխատանքային ձեռնարկ և ուղեցույց է մշակել։
Կազմակերպությունը հավասարապես կարևորում է նաև քրեական արդարադատության համակարգում կանանց վիճակի բարելավումը։ 2025 թվականին Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Անցումային առաջխաղացում» ծրագրի ֆինանսական աջակցությամբ մեկնարկել է «Դիմադրության ձայներ. ճաղերից այն կողմ գտնվող կանանց պատմությունները» դրամաշնորհային ծրագիրը, որի նպատակն է փոխել հասարակության ընկալումներն ազատազրկված կանանց վերաբերյալ և նրանց ձայնը լսելի դարձնել քրեական արդարադատության համակարգում՝ այն զգայուն դարձնելով վերջիններիս ներհատուկ կարիքների նկատմամբ։