Skip to content Skip to sidebar Skip to footer

Ռեզյումե կազմելու հիմնարար գիտելիքները՝ որպես ապագայի կառուցման կամուրջ

«Աբովյան», «Արմավիր» և «Սևան» քրեակատարողական հիմնարկներում անցկացրել ենք «Աշխատանքային ռեզյումե» թեմայով դասընթացների շարքը, որը «Ներուժի բացահայտում. հզորացումը որպես դատապարտյալների վերաինտեգրման և կայուն ապագայի ուղի» դրամաշնորհային ծրագրի երրորդ փուլի հերթական հանդիպումն էր:
Դասընթացների նպատակն էր խթանել ազատազրկված անձանց աշխատանքային պատրաստվածությունը՝ բարձրացնելով նրանց մոտիվացիան, փոխանցելով անհրաժեշտ տեխնիկական հմտություններ, նպաստելով ուժեղ կողմերի բացահայտմանն ու դրանց հզորացմանը։

Դասընթացները վարել է ոլորտի լավագույն մասնագետ Էլինա Թևոսյանը, ով ներկայացրել է ռեզյումեի և ուղեկցող նամակի կառուցվածքն ու բովանդակությունը, աշխատանքի որոնման հարթակներն ու ռեսուրսները, ՍՄԱՐԹ նպատակների սահմանման սկզբունքները, ինչպես նաև սեփական կարողությունների գնահատման կարևորությունը։

Խմբային քննարկումների ընթացքում մասնակիցները ծանոթացել են կարիերայի պլանավորման հիմնական քայլերին, աշխատանք փնտրելու մեթոդներին և առցանց հարթակների հնարավորություններին։ Դասընթացավարն անդրադարձել է նաև մի շարք անվճար գործիքների, որոնց միջոցով կարելի է ինքնուրույն ռեզյումե կազմել, մասնակցել առցանց դասընթացների և ձեռք բերել նոր հմտություններ։

«Արմավիր» ՔԿՀ-ում անցկացված դասընթացը առանձնացել է գործնական բաղադրիչով։ Այն անցկացվել է համակարգչային լսարանում, ինչը մասնակիցներին հնարավորություն է տվել ոչ միայն տեսական գիտելիքներ ստանալ, այլև գործնականում ուսումնասիրել ռեզյումեի ձևաչափերը, փորձել կազմել իրենց ռեզյումեն, այցելել աշխատանքային կայքեր և իրականացնել համապատասխան աշխատանքի որոնում։ Թեև տեխնիկական սահմանափակումները՝ կայքերում գրանցվելու համար անհրաժեշտ հեռախոսահամարներ կամ էլեկտրոնային փոստի հասանելիության բացակայություն, որոշակի դժվարություններ են առաջացրել, այնուամենայնիվ, մասնակիցները դրական են ընդունել գործընթացը՝ հասկանալով, որ արդեն իսկ տիրապետում են աշխատանքի որոնման և ռեզյումե կազմելու հիմնարար գիտելիքներին։

Դասընթացը բացահայտել է մի կարևոր իրողություն։ Շատ մասնակիցներ մինչ այդ չեն գիտակցել, որ քրեակատարողական հիմնարկում իրենց մասնակցությունը կրթական և վերասոցիալականացման ծրագրերին կարող է արտացոլվել իրենց ռեզյումեում՝ որպես ձեռք բերված փորձառություն և հմտություններ։ Ավելին, քննարկումների արդյունքում ձևավորվել է ընդհանուր մոտեցում առ այն, որ ռեզյումեում հնարավոր է ներկայացնել նշված մասնագիտական և այլ ձեռքբերումները՝ առանց նշելու քրեակատարողական հիմնարկի գտնվելու փաստը։ Շատերի համար սա բեկումնային պահ էր՝ հասկանալու համար, որ անցյալը չի կարող սահմանափակել ապագան, իսկ այս ծրագիրը կարող է կամուրջ դառնալ ապագայի կառուցման ճանապարհին։

Որպես առաջադրանք՝ քրեակատարողական 3 հիմնարկներում մասնակիցներին հանձնարարվել է կազմել իրենց ռեզյումեն և մտքում ունենալ այն աշխատանքի տեսակը, որի համար կցանկանային դիմել։ Իսկ աշխատանքի դիմելու գործընթացին և հարցազրույցի ներկայանալու նրբություններին անդրադարձ է կատարվել ծրագրի երրորդ փուլով նախատեսված համապատասխան հանդիպման ընթացքում։

Դասընթացները կազմակերպվել են «Ներուժի բացահայտում. հզորացումը որպես դատապարտյալների վերաինտեգրման և կայուն ապագայի ուղի» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն՝ Ֆինլանդիայի զարգացման համագործակցության ֆոնդերի աջակցությամբ։

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2025 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.