Skip to content Skip to sidebar Skip to footer

Ամիսներ շարունակ կավն օգնել է մասնակից դատապարտյալներին վերագտնել իրենց կորցրած դերը՝ որպես արարող և ստեղծող անհատների

«Սևան» քրեակատարողական հիմնարկում ավարտեցինք կավագործության դասընթացը՝ ամփոփելով ամիսներ շարունակ ընթացող ստեղծագործական աշխատանքն ու մասնագիտական հմտությունների զարգացման գործընթացը։

Մենք խորապես գիտակցում ենք, որ ազատազրկումը միայն ֆիզիկական ազատությունից զրկում չէ։ Շատերի հետևում ճաղերից դուրս մնացել են ամենաթանկ արժեքները՝ ընտանիք, անչափահաս երեխաներ, տարեց ծնողներ, աշխատանք, կրթություն, սիրած մարդ, ընկերներ։ Ազատազրկումը խզել է նաև սոցիալական կապերը՝ անձանց զրկելով իրենց նախկին ինքնությունից՝ ծնողի, գործընկերոջ, ընկերոջ, համայնքի ակտիվ անդամի դերից։ Ավելին, հասարակությունը պատիժ կրած անձանց շարունակում է ընկալել որպես «նախկին դատապարտյալների», ինչը խոչընդոտում է նրանց ինքնության վերականգնման փորձերը և զարգացնում վախ մշտապես այդպիսին ընկալվելուց։

Քրեակատարողական համակարգը մարդկանց ստանդարտացնում է համարներով, համազգեստներով, կանոնակարգերով, ինչը նույնպես կարող անձի «ես»-ի աղճատման զգացում առաջացնել։ Որոշումներն ընդունվում են բացառապես համակարգի կողմից, ինչը ևս կարող է հանգեցնել ինքնուրույնության, ինքնաարտահայտման կամ ինքնուրույն ընտրության կորստի։ Հայտնվելով անազատության մեջ՝ անձինք, ինչ խոսք, կարող են վերանայել իրենց անցյալը, սակայն այդ գործընթացը հաճախ ուղեկցվում է մեղքի խորը զգացումով, ինչը նույնպես կարող է հանգեցնել ինքնարժևորման անկման, իսկ որոշ դեպքերում՝ ինքնության մերժման կամ ինքնադատապարտման։

Այս պայմաններում դժվար է պատկերացնել, որ կավը կարող է ամբողջությամբ փոխարինել ազատության բերկրանքը կամ վերականգնել ազատազրկման ծանր հետևանքները։ Բայց մենք նաև հավատում ենք, որ յուրաքանչյուր փոքր քայլ կարող է մեծ նշանակություն ունենալ։ Եվ հենց այս համոզումով էլ մեկնարկել ենք կավագործության դասընթացը՝ որպես փոքր, բայց անչափ կարևոր աջակցություն՝ ուղղված մասնակից դատապարտյալների ստեղծագործական ներուժի բացահայտմանը։

Ամիսներ շարունակ մենք ականատես ենք եղել, թե ինչպես է կավը շունչ և հոգի ստանում դատապարտյալների ձեռքերում։ Ափսեի, բաժակի կամ այլ առարկայի պատրաստման միջոցով նրանք պատմել են իրենց պատմությունը՝ վերաիմաստավորելով անցյալը և վերահաստատելով իրենց տեղն աշխարհում։ Մասնակիցներից մեկը նույնիսկ ասել է, որ ինքը երբեք չէր մտածի, որ կարող է մի բան ստեղծել, որը տեսնելիս մարդիկ կարող են ջերմություն և սրտացավություն զգալ։
Կավի ստեղծարար ուժը ճաղերից ներս վերածվել էր վերափոխման հզոր գործիքի, իսկ կավը դարձել էր ներհայեցողության միջոց՝ դատապարտյալներին օգնելով վերագտնել իրենց կորցրած դերը՝ որպես արարող և ստեղծող անհատի, ինչպես նաև ստեղծելով մի միջավայր, որտեղ նրանք հնարավորություն են ունեցել հպվել նյութին, ազդել դրա ձևի վրա և այդպիսով բացահայտել իրենք ներուժը։

Դասընթացն ապացուցեց, որ նույնիսկ ամենաբարդ պայմաններում ստեղծագործելու և առաջ շարժվելու ձգտումը կարող է մնալ անխախտ։ Նաև նպաստեց մասնակիցների ինքնաճանաչմանը և սոցիալական վերականգնմանը՝ ստեղծելով ապահով և աջակցող միջավայր շփման, փոխըմբռնման, փորձի փոխանակման և փոխադարձ հարգանքի համար։ Այն գույներ է ավելացրել բանտի միապաղաղ պատերին, վերափոխել դատապարտյալների առօրյան, իսկ ամենակարևորը՝ նրանց վերադարձրել կենտրոնանալու, համբերելու, որոշումներ կայացնելու, ստեղծագործելու և ինքնավստահ լինելու կարողությունը։

Նշվածից բացի, դասընթացը նաև գործնական նշանակություն ուներ՝ մասնակիցներին փոխանցելով հմտություններ, որոնք կարող են հետագայում դառնալ ապրուստի միջոց։ Վերջապես, դասընթացը վերահաստատեց, որ մարդն ավելին է, քան իր դատավճիռը, ավելին է, քան համակարգի սահմանափակումները, ավելին է, քան հասարակության վերագրած պիտակները՝ ամրապնդելով հավատն առ այն, որ յուրաքանչյուր ոք ունի իր կյանքը նորովի սկսելու իրավունք և հնարավորություն։

Դասընթացները կազմակերպվել են «Ներուժի բացահայտում. հզորացումը որպես դատապարտյալների վերաինտեգրման և կայուն ապագայի ուղի» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն՝ Ֆինլանդիայի զարգացման համագործակցության ֆոնդերի աջակցությամբ։

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2025 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.