Skip to content Skip to sidebar Skip to footer

Հելյունագործ պայուսակները՝ ինքնարտահայտման խորհրդանիշ և կյանքի նոր էջ ազատազրկված կանանց համար

«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում իրականացվող հելյունագործության դասընթացը հասավ իր եզրափակիչ փուլին՝ նշանավորվելով ստեղծագործ աշխատանքի արդյունք հանդիսացող պայուսակների ավարտով։ Շաբաթներ շարունակ տևած դասընթացների ընթացքում մասնակից կանայք ոչ միայն յուրացրին հելյունագործության տեխնիկան, այլև բացահայտեցին իրենց մեջ մի ներքին ուժ, որը թույլ տվեց ստեղծել հպարտության արժանի և ամբողջովին ձեռագործ պայուսակներ։

Այս պայուսակները դարձել են ինքնատիպության և ինքնարտահայտման խորհրդանիշ։ Թեև կանայք գործել են նույն նախշերով, արդյունքները միշտ տարբեր են եղել, քանի որ ամեն պայուսակ կրում է իր ստեղծողի անհատականությունը, ներաշխարհն ու բնավորության գծերը։ Ձեռագործ աշխատանքն իր մեջ աննկարագրելի խոհեր է պարունակում․ թելի և նախշի հետ աշխատանքը նրանց համար վերածվել էր մտքի ու զգացմունքների հանգիստ երկխոսության, ինչն օգնել է ճանաչել սեփական հնարավորություններն ու գտնել ներքին հավասարակշռություն։

Դասընթացի ընթացքում կանայք հաճախ նշում էին, որ «թելի լեզուն» հասկանալը նման է ինքդ քեզ հասկանալուն։ Նախշի ընտրության, տեխնիկայի յուրացման, սխալների շտկման ու արդյունքի գնահատման ընթացքն ուսուցանել է համբերություն, կենտրոնացում, հետևողականություն ու նաև պատասխանատվություն։ Սկզբում, երբ աշխատանքը չէր ստացվում, հուսահատվում էին, սակայն մենք նրանց փոխանցեցինք կարևոր մի գաղափար՝ չհանձնվել և շարունակել փորձել։ Ժամանակի ընթացքում նրանք սկսեցին ոչ միայն ընդունել սխալները, այլև ինքնուրույն նկատել ու ուղղել դրանք։ Եվ հենց այդ պահերին, երբ ինչ-որ բան վերջապես հաջողվում էր, կանանց աչքերում հայտնվում էր աննկարագրելի փայլ։

Հետաքրքիր էր տեսնել, թե ինչպես են դասընթացի մասնակիցները աջակցում միմյանց՝ ոգևորելով, խրախուսելով, իրար օգնելով։ Այս փոխգործակցությունը վկայում է անձնական աճի, փոխադարձ հարգանքի ու ներքին կայունության ձևավորման մասին։ Դասընթացը նպաստեց նաև որոշումների կայացման հմտությունների զարգացմանը։ Կանայք սովորեցին տարբերակել որակյալ աշխատանքը անորակից, գնահատել ու վերանայել սեփական գործը, ինչպես նաև ավարտել այն սահմանված ժամկետում՝ զարգացնելով ժամանակի կառավարման և ինքնագնահատման հմտություններ։

Սակայն այս ամենը տեղի էր ունենում մի միջավայրում, որտեղ սուղ են հնարավորությունները թե՛ նյութապես, թե՛ հոգեբանորեն։ Սահմանափակ ազատ տեղաշարժը, սոցիալական շփումների պակասը, հոգեբանական ճնշվածությունն ու մեկուսացումը սթրեսային պայմաններ են։ Սակայն հենց այդ իրավիճակում ստեղծագործ աշխատանքը դարձավ ներքին ազատության, ինքնադրսևորման և հավասարակշռության հարթակ։ Հելյունագործությունն այս կանանց համար դարձավ ոչ միայն նոր մասնագիտական հմտություն ձեռք բերելու միջոց, այլև ինքնաճանաչման ու ինքնավստահության վերականգնման ուղի։

Դասընթացի ավարտին մասնակից կանայք հպարտությամբ ներկայացրին իրենց պատրաստած պայուսակները՝ պատմելով դրանց ստեղծման պատմությունները, ապրումները, մտորումները և ներաշխարհում տեղի ունեցած փոփոխությունները։ Յուրաքանչյուր պայուսակ մի ամբողջ պատմություն է՝ ծնված լռության և կենտրոնացման պահին, երբ թելն անցնում էր հելյունի միջով՝ հանգստացնելով միտքն ու հոգին։

Մեծ շնորհակալություն ենք հայտնում մեր հմուտ ու հոգատար դասընթացավար Շուշանիկ Գորգինյանին, որի ջերմ, համբերատար ու մասնագիտական մոտեցման շնորհիվ հնարավոր դարձավ այս յուրահատուկ փորձառությունը։ Նրա ներկայությունը ստեղծեց մի միջավայր, որտեղ կանայք կարողացան վերագտնել իրենց հավատը՝ սեփական ուժերի, հնարավորությունների և ապագայի հանդեպ։

Այս պայուսակները պարզապես գործնական առարկաներ չեն։ Դրանք խորհրդանշական արժեքներ են՝ հիշեցում այն մասին, որ ստեղծագործ ուժը կարող է հաղթահարել նույնիսկ փակ տարածքի սահմանափակումները, վերափոխել մտածողությունը և ամոքել հոգին։ Դատապարտված և կալանավորված այս կանայք ոչ միայն պայուսակներ են գործել, այլև նոր էջ են բացել իրենց կյանքում՝ պահպանելով հոգու նրբությունն ու ստեղծագործելու ներքին ուժը՝ անգամ ճաղերից այն կողմ։

Դասընթացները կազմակերպվել են «Ներուժի բացահայտում. հզորացումը որպես դատապարտյալների վերաինտեգրման և կայուն ապագայի ուղի» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն՝ Ֆինլանդիայի զարգացման համագործակցության ֆոնդերի աջակցությամբ։

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2025 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.