«Աբովյան», «Արմավիր» և «Սևան» քրեակատարողական հիմնարկներում հաջողությամբ ամփոփել ենք «Աշխատանքային հարցազրույց» թեմայով դասընթացների շարքը, որի նպատակն էր նախապատրաստել մասնակիցներին հարցազրույցի՝ տրամադրելով թե՛ տեսական գիտելիք, թե՛ գործնական հմտություններ։ Դասընթացները նպատակ ունեին օգնել մասնակիցներին վստահությամբ ներկայանալ ապագա գործատուներին և մասնակցել աշխատանքի հարցազրույցի։
Ոլորտի լավագույն մասնագետ Էլինա Թևոսյանը և Իրավական նախաձեռնությունների կենտրոնի նախագահ Նարե Հովհաննիսյանը հանգամանալից անդրադարձել են հարցազրույցին նախապատրաստվելու փուլերին։ Մասնակիցները սովորել են վերլուծել գործատուին, գնահատել աշխատանքի բնույթը, թիմային միջավայրը, ինչպես նաև հասկանալ գործատուի արժեքներն ու սպասելիքները։ Նշվել է արտաքին տեսքի կարևորությունը՝ ընդգծելով պատշաճ հագուստի, անձնական հիգիենայի, զսպված ոճի ու խնամված տեսքի դերը։
Դասընթացի ընթացքում մասնակիցները յուրացրել են ինքնաներկայացման հմտություններ, օրինակ, ինչպես պատմել իրենց մասին, ինչպես վերապատմել իրենց ռեզյումեն հայելու դիմաց, ինչպես մատնանշել իրենց ուժեղ և թույլ կողմերը, նախորդ փորձառությունը և այլն։ Շեշտադրվել է ժամանակին ներկայանալու և հարցազրույցի վարքականոնի պահպանման կարևորությունը, օրինակ, հեռախոսն անջատել կամ ուշացման դեպքում նախապես տեղյակ պահել։
Հարցազրույցի վարքագծային կողմերին անդրադառնալով՝ մասնակիցները ծանոթացել են շփման հիմնական սկզբունքներին՝ ժպիտ, աչքի կոնտակտ, դրական վերաբերմունք, հետաքրքրություն և նախաձեռնողականություն։ Քննարկվել է նաև սթրեսային իրավիճակներում հանգստություն պահպանելու և ինքնատիրապետման կարևորությունը։
Դասընթացի ընթացքում ներկայացվել է նաև այն, թե ինչից է անհրաժեշտ խուսափել հարցազրույցի ժամանակ։ Խորհուրդ է տրվել չսահմանափակվել «ամեն ինչ ռեզյումեում գրված է» արտահայտությամբ, չմանրամասնել մանկության կամ դպրոցական փորձառությունը, այլ կենտրոնանալ գործատուի համար արժեքավոր հմտությունների, փորձի և արդյունքների վրա։ Տրվել են ենթադրական հարցերի օրինակներ՝ ինչպես կվարվեին վերջնաժամկետային իրավիճակում կամ ինչ հատկանիշներով կուզեին առանձնանալ։
Մասնակիցները վերլուծել են հարցազրույցում հաճախ տրվող հարցերը և սովորել պատասխանելու տակտիկաներ՝ հիմնվելով իրատեսական, վստահելի տեղեկատվության վրա։ Շեշտադրվել է, որ գործատուն փնտրում է ոչ թե իդեալական թեկնածու, այլ վստահելի, բաց և թիմում աշխատելու պատրաստ անձ։
«Աբովյան» և «Արմավիր» ՔԿՀ-ներում դասընթացները եզրափակվել են խաղ-վարժությամբ։ Մասնակիցներից մեկը հանդես է եկել որպես գործատու, իսկ մյուսը՝ որպես թեկնածու, և անցկացվել է մոդելավորված հարցազրույց։ Այնուհետև խումբը քննարկել է անցկացած խաղը, ներկայացվել են տպավորություններն ու որոշումների հիմքերը, և տրվել է կառուցողական հետադարձ կապ՝ ընդգծելով ուժեղ կողմերը և նշելով բարելավման հնարավորությունները։
Բազմաթիվ մասնակիցներ ներշնչվել էին այս փորձառությամբ։ Ոմանք հիշեցին իրենց նախորդ աշխատանքային փորձը, երբ եղել էին գործատու կամ թիմի ղեկավար, իսկ մյուսները հուզվեցին՝ նշելով, որ մի պահ մոռացել էին իրենց գտնվելու վայրը և իսկապես զգացել, որ մասնակցում են իրական հարցազրույցի։
Այս դասընթացները ոչ միայն զարգացրեցին մասնակիցների գիտելիքները, այլ նաև բարձրացրին նրանց ինքնավստահությունը և վերաինտեգրման նկատմամբ հավատը՝ ցույց տալով, որ հնարավոր է արժանապատվությամբ և լիարժեք պատրաստվածությամբ վերադառնալ հասարակություն։
Դասընթացները կազմակերպվել են «Ներուժի բացահայտում. հզորացումը որպես դատապարտյալների վերաինտեգրման և կայուն ապագայի ուղի» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն՝ Ֆինլանդիայի զարգացման համագործակցության ֆոնդերի աջակցությամբ։