«Աբովյան», «Արմավիր» և «Սևան» քրեակատարողական հիմնարկներում ամփոփվել են բիզնեսի մեկնարկի և մարկետինգի հիմնական սկզբունքներին նվիրված դասընթացների շարքը, որը յուրահատուկ միջավայր ստեղծեց ազատազրկված անձանց շրջանում տնտեսական մտածողության և ձեռնարկատիրական մոտեցումների ձևավորման համար՝ միևնույն ժամանակ նախադրյալներ ստեղծելով նրանց տնտեսական կարողությունների զարգացման և ապագա զբաղվածության հնարավորությունների ընդլայնման համար։
Հմուտ մասնագետի առաջնորդությամբ մասնակիցները ստացել են հիմնարար գիտելիքներ բիզնեսի կառավարման վերաբերյալ՝ ուսումնասիրելով այնպիսի կարևոր թեմաներ, ինչպիսիք են հաստատուն և փոփոխական ծախսերի տարբերակումը, հասույթի և շահույթի հասկացությունները, ինչպես նաև ընդհանուր ծախսի և արտադրանքի ինքնարժեքի հաշվարկման մեթոդները։ Այս թեմաների ըմբռնումը կարևոր է հատկապես այն դեպքում, երբ անձը ձգտում է ստեղծել սեփական բիզնես կամ զբաղվել արտադրական գործունեությամբ։
Դասընթացների շրջանակում անցկացվել են գործնական վարժություններ՝ կավե բաժակների արտադրության օրինակով։ Մասնակիցները կատարել են հաշվարկներ՝ որոշելու մեկ բաժակի ինքնարժեքը, ինչպես նաև հաշվարկել են արտադրության հաստատուն և փոփոխական ծախսերը։ Դասընթացի ավարտին նրանք կարողացել են հաշվարկել ոչ միայն մեկ բաժակից ստացվող շահույթը, այլ նաև կատարել նախնական հաշվարկներ՝ ամսական հնարավոր շահույթի վերաբերյալ։
Այսպիսի գործնական աշխատանքները ոչ միայն հարստացրել են մասնակիցների տեսական գիտելիքները, այլև զարգացրել են նրանց վերլուծական մտածողությունը, ձեռնարկատիրական մոտեցումը և վստահությունը սեփական կարողությունների նկատմամբ։
Դասընթացներն առանձնացել են մասնակիցների բարձր ակտիվությամբ և հետաքրքրվածությամբ։ Մի շարք մասնակիցներ արդեն իսկ ունեին փոքր արտադրական գաղափարներ, որոնք հարստացվեցին նոր գիտելիքներով՝ նրանց փոխանցելով ավելի իրատեսական տեսլական ապագա գործունեության համար։ Հատուկ ուշադրություն է դարձվել սեփական բիզնեսի պլանավորման հիմունքներին՝ որպես վերաինտեգրման և ազատության մեջ կայուն ապրուստի կառուցման կարևոր նախապայման։
Այս դասընթացը կարևոր ներդրում էր մասնակիցների սոցիալ-տնտեսական հմտությունների ձևավորման գործընթացում՝ նպաստելով նրանց ապագա զբաղվածությանն ու ինքնուրույնության զարգացմանը։ Այն ոչ միայն գործնական գիտելիքներ է փոխանցել, այլև ամրապնդել է մասնակիցների ինքնավստահությունը՝ ցույց տալով, որ տնտեսական գիտելիքը կարող է դառնալ սոցիալական ինտեգրման կարևոր միջոց։ Բացի այդ, կարևոր քայլ էր նրանց տնտեսական կարողությունների բացահայտման և ապագա զբաղվածության խթանման ճանապարհին։
Դասընթացները կազմակերպվել են «Ներուժի բացահայտում. հզորացումը որպես դատապարտյալների վերաինտեգրման և կայուն ապագայի ուղի» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն՝ Ֆինլանդիայի զարգացման համագործակցության ֆոնդերի աջակցությամբ։


