«Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» (JUREMONIA) ծրագրի շրջանակում 2025 թվականի հուլիսի 16-ին քրեակատարողական համակարգի ներկայացուցիչների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների մասնակցությամբ աշխատանքային քննարկում է տեղի ունեցել։
Քննարկմանը Միջազգային բանտային բարեփոխումներ կազմակերպության Հարավային Կովկասի գրասենյակի տարածաշրջանային ղեկավար Ծիրա Ճանթուրիան ներկայացրել է քրեակատարողական հիմնարկներում անձնական խուզարկություններին, ինչպես նաև ինքնասպանությունների և ինքնավնասումների կանխարգելմանը վերաբերող ուղեցույցները, որոնք մշակվել են ելնելով Քրեակատարողական ծառայության կարիքներից և ներառում են միջազգային չափորոշիչներ, առաջարկություններ, առաջատար երկրների լավագույն փորձի ուսումնասիրություններ։
Բացման խոսքով հանդես են եկել արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը և «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ Գայանե Հովակիմյանը։
Գևորգ Քոչարյանն ընդգծել է, որ համատեղ աշխատանքն էական ներդրում ունի առկա խնդիրների վերհանման, հստակ արձանագրման և անհրաժեշտության դեպքում համակարգային փոփոխությունների ձևակերպման գործընթացում՝ նպատակ ունենալով բարելավել քրեակատարողական համակարգը: Նաև նշել է, որ նախարարության համար քննարկվելիք թեմաները և դրանց շուրջ ձևավորվող օրենսդրական կարգավորումները ռազմավարական առաջնահերթություններ են, ինչի համատեքստում բարձր է գնահատվում քաղաքացիական հասարակության, պետական մարմինների և միջազգային գործընկերների արդյունավետ համագործակցությունը, և ինչը կարևոր նախադրյալ է ոլորտային քաղաքականությունների մշակման ընթացքում հիմնավորված և իրավաչափ լուծումներ ապահովելու համար:
Քննարկմանը մասնակցել են Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ Սահակ Գրիգորյանը, տեղակալ Վահե Նանուշյանը, Ծառայության կենտրոնական մարմնի և քրեակատարողական հիմնարկների, ինչպես նաև ոլորտային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Սահակ Գրիգորյանը և Վահե Նանուշյանը խոսել են քրեակատարողական հիմնարկներ այցելող անձանց խուզարկությունների իրականացման ներպետական մեխանիզմներից, թեմայի վերաբերյալ հասարակության իրազեկվածության բարձրացման ուղիներից։ Ծառայության կենտրոնական մարմնի անվտանգության ապահովման բաժնի պետ Ռուբեն Այվազյանը մասնակիցներին ներկայացրել է Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում անձնական խուզարկությունների իրականացման կարգավորումները։
Քննարկմանը մասնակցել է նաև Իրավական նախաձեռնությունների կենտրոնի նախագահ Նարե Հովհաննիսյանը։ Նա ներկայացրել է քրեակատարողական հիմնարկներում արտաքին զննության և խուզարկությունների անցկացմանն առնչվող այն հիմնախնդիրները, որոնք արձանագրվել են քրեակատարողական հիմնարկներ կատարված այցելությունների ընթացքում կամ որոնց վերաբերյալ մտահոգություններ և դժգոհություններ են ստացվել ազատազրկված անձանցից։ Նա կարևորել է միջազգային չափորոշիչների և փորձի արդյունավետ տեղայնացումը, համապատասխան մասնագետների շարունակական վերապատրաստումը։


