2025 թվականի հոկտեմբերի 6-ին Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակը և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը համատեղ կազմակերպել են «Քրեակատարողական առողջապահության բարելավում՝ տեղեկատվության արդյունավետ փոխանակման և համակարգման միջոցով» թեմայով քննարկում։ Միջոցառման նպատակն էր խթանել քրեակատարողական առողջապահության ոլորտում միջգերատեսչական համագործակցության ամրապնդումը, քննարկել առկա մարտահրավերներն ու առաջընթացի հնարավոր ուղիները։
Բացման խոսքով հանդես են եկել Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը և Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը։
Քննարկմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը, ՀՀ առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Կամո Մանուկյանը, ինչպես նաև պետական կառույցների, քաղաքացիական հասարակության, ազգային և միջազգային փորձագիտական համայնքների ներկայացուցիչներ։
Քննարկման ընթացքում ներկայացվել են համագործակցության խորացման և տեղեկատվության փոխանակման այն հնարավոր ուղիները, որոնք կարող են նպաստել առողջապահական ծառայությունների որակի բարձրացմանը և այդ համատեքստում միջազգային չափանիշների լիարժեք պահպանմանը։ Մասնակիցները հատուկ ուշադրություն են դարձրել բժշկական գաղտնիքի պահպանման հարցին՝ ընդգծելով, որ լավ կազմակերպված քրեակատարողական առողջապահական համակարգը հիմնարար նշանակություն ունի ազատազրկված անձանց իրավունքների երաշխավորման համար։
Քննարկմանը մասնակցել է նաև «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանը, ով ներկայացրել է կազմակերպության կողմից արձանագրված մի շարք համակարգային խնդիրներ։ Մասնավորապես՝ անդրադարձ է կատարել քրեակատարողական համակարգի գործունեության մասնակցայնության և թափանցիկության մակարդակին, միջմասնագիտական համագործակցության զարգացման անհրաժեշտությանը, մահվան դեպքերի քննության արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև օրենսդրական և գործնական խնդիրներին, որոնք խոչընդոտում են տարբեր կառույցների, այդ թվում՝ վերասոցիալականացման ծրագրեր իրականացնող հասարակական կազմակերպությունների լիարժեք գործունեությանը։
Քննարկումն իրականացվել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հետագա ամրապնդում» ծրագրի շրջանակում։


