2025 թվականի հոկտեմբերի 27-29-ին «Կառուցելով գենդերազգայուն քրեակատարողական համակարգ Հայաստանում» ծրագրի շրջանակում կազմակերպվել է հերթական բազմաբովանդակ դասընթացը, որի ընթացքում ներկայացվել են ազատազրկված կանանց իրավունքների պաշտպանությանը և նրանց վիճակի բարելավմանն ուղղված հիմնահարցերը։
Քանի որ ծրագիրը կարևորում է ազատազրկված կանանց հետ աշխատող մասնագիտական տարբեր խմբերի միջև կարծրացած շփումների հաղթահարման անհրաժեշտությունը, այս անգամ ևս դասընթացը կազմակերպվել է միջմասնագիտական ձևաչափով։ Մասնակցել են «Աբովյան» ՔԿՀ-ի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների, անվտանգության ապահովման բաժինների ծառայողներ և աշխատակիցներ, օպերատիվ վարչության ներկայացուցիչներ, ինչպես նաև «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Աբովյան» ՔԿՀ-ի ստորաբաժանման մասնագետներ։ Մասնակցել են նաև «Արմավիր», «Դատապարտյալների հիվանդանոց», «Նուբարաշեն», «Սևան» և «Վարդաշեն» ՔԿՀ-ների սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների, անվտանգության ապահովման բաժինների ծառայողներ և աշխատակիցներ, որոնց գործառույթներն առնչվում են նաև ազատազրկված տղամարդկանց այցելող կանանց հետ տարվող աշխատանքներին՝ տեսակցությունների կազմակերպում, զննության և խուզարկության անցկացում, հանձնուքների ընդունում և պատասխանատու այլ գործընթացներ։
Բացման խոսքում «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանը ներկայացրել է կազմակերպության ընդհանուր գործունեությունը և ծրագրի հիմնական ուղղությունները։ Նա ընդգծել է, որ նախաձեռնության նպատակն է նպաստել գենդերազգայուն մոտեցումների ներդրմանը քրեակատարողական համակարգում՝ ձևավորելով այնպիսի միջավայր, որտեղ կանանց հատուկ կարիքներն ու իրավունքները լիարժեքորեն կպահպանվեն և կպաշտպանվեն։
Առաջին օրը բանախոսությամբ է հանդես եկել իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Թումասյանը։ Նա ներկայացրել է խոցելի խմբերի հետ աշխատանքի առանձնահատկությունները՝ անդրադառնալով խոցելիության որոշման չափանիշներին, երկրորդային զոհականացման և խտրականության բացառման սկզբունքներին։ Թումասյանը կարևորել է դատապարտյալ և կալանավորված կանանց իրավունքների պաշտպանությունը, այդ թվում՝ քրեակատարողական հիմնարկներում պահվող երեխաների իրավունքների ապահովման անհրաժեշտությունը։ Բանախոսը ներկայացրել է նաև կանանց հետ վարվեցողության միջազգային և ազգային չափորոշիչները՝ շեշտելով զնությունների, խուզարկությունների, ուղեկցումների և այլ միջոցառումների կազմակերպման ժամանակ մարդու արժանապատվության պահպանման պարտադիր սկզբունքը։
Ազատազրկված կանանց շրջանում տարածված երևույթ է կախվածությունը, որը հաճախ պայմանավորված է հոգեբանական ծանր փորձառությամբ, ընտանեկան բռնության կամ սոցիալական մեկուսացման հետևանքով։ Այդ պատճառով կախվածությունների հաղթահարմանն ուղղված հոգեբանական աջակցությունը, վստահելի միջավայրի ձևավորումը և փոխօգնության խմբերի կազմակերպումը կարող են նպաստել նրանց վերականգնման, ինքնագնահատականի բարձրացման և հետագա սոցիալական ինտեգրման գործընթացին։ Նշվածի համատեքստում օրվա երկրորդ հատվածում մասնակիցները լսել են «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ի նախագահ Ժենյա Մայիլյանի բանախոսությունը, որը վերաբերում էր կախվածության դրսևորումներին և դրանց հետևանքներին։ Մայիլյանը խոսել է կախվածություն ունեցող անձանց հետ աշխատանքի առանձնահատկությունների մասին՝ ներկայացնելով արդյունավետ մեթոդներ և աջակցման մեխանիզմներ, որոնք կարևոր դեր ունեն քրեակատարողական համակարգում հոգեբանական և սոցիալական միջամտությունների կազմակերպման գործում։
Դասընթացի երկրորդ օրվա բանախոսը Նարե Հովհաննիսյանն էր։ Նա հանգամանաից ձևով ներկայացրել է քրեակատարողական հիմնարկ նոր ընդունված կանանց հետ տարվող աշխատանքի առանձնահատկությունները։ Նա անդրադարձել է նախնական բժշկական զննության կազմակերպման ընթացակարգերին, դատապարտյալ և կալանավորված կանանց համար անհրաժեշտ պայմանների և միջոցների ապահովման պահանջներին, ինչպես նաև անձնական հիգիենայի և խնամքի ապահովման կարևորությանը։ Հովհաննիսյանը առանձնահատուկ ուշադրություն է դարձրել հղի կանանց, կրծքով կերակրող մայրերի և իրենց հետ երեխա ունեցող կանանց կարիքներին՝ շեշտելով գենդերազգայուն և կանխարգելիչ առողջապահական ծառայությունների հասանելիության նշանակությունը, ներառյալ՝ սեռական և վերարտադրողական առողջության ապահովումը։
Բռնության խնդիրը զգայուն և բազմաշերտ է ազատազրկված կանանց շրջանում, քանի որ նրանց մի մասը մինչև ազատազրկվելը ենթարկվել է տարբեր ձևերի բռնության՝ ընտանիքում, զուգընկերոջ կամ հասարակության կողմից։ Այս փորձառությունները հաճախ հանգեցնում են խորքային հոգեբանական տրավմաների, ինքնավստահության անկման և մեկուսացվածության զգացման։ Այդ պատճառով կարևոր է ազատազրկված կանանց հետ իրականացնել թիրախային հոգեբանական աշխատանք՝ հիմնված վստահության, հուզական աջակցության և անվտանգության ապահովման սկզբունքների վրա, ինչը կնպաստի նրանց վերականգնմանը, ինքնաճանաչմանն ու արժանապատիվ կյանքի վերականգնման գործընթացին։ Այս համատեքստում դասընթացի երրորդ օրը «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ի նախագահ Տաթևիկ Աղաբեկյանը հանդես է եկել կանանց նկատմամբ բռնության թեմայով։ Նա ներկայացրել է բռնության սահմանումը, տեսակները և դրսևորման ձևերը՝ անդրադառնալով դրա ֆիզիկական, հոգեբանական և սոցիալական հետևանքներին։ Աղաբեկյանը ներկայացրել է նաև բռնության ենթարկված կանանց հետ աշխատանքի առանձնահատկությունները և աջակցության գործող մեխանիզմները։
Դասընթացի եզրափակիչ հատվածում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը ներկայացրել է բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները, բժշկական գաղտնիք հանդիսացող տեղեկությունների պահպանման սկզբունքներն ու դրանց փոխանցման առանձնահատկությունները։ Նա անդրադարձել է նաև ինքնավնասման և ինքնասպանության ռիսկի բացահայտման ու կանխարգելման հիմնական մոտեցումներին՝ ընդգծելով բազմամասնագիտական համագործակցության անհրաժեշտությունը քրեակատարողական հիմնարկներում։
Այսպիսով, դասընթացը միավորել է ազատազրկված կանանց, այդ թվում՝ նաև ազատազրկված տղամարդկանց այցելող կանանց հետ աշխատող բազմաոլորտ մասնագետների‚ ովքեր համատեղ ջանքերով քննարկել են այն մեխանիզմներն ու մոտեցումները, որոնք կնպաստեն գենդերազգայուն, մարդակենտրոն և արդյունավետ քրեակատարողական համակարգի ձևավորմանը Հայաստանում։
Եռօրյա դասընթացն ամփոփվել է խմբային նկարով, որը խորհրդանշում է ազատազրկված կանանց, ինչպես նաև ազատազրկված տղամարդկանց այցելող կանանց հետ աշխատող միջմասնագիտական խմբերի միջև հաղորդակցության բարելավումը, գործնականում առաջացող խնդիրների և խոչընդոտների կառուցողական քննարկումը, թիմային աշխատանքի կարևորությունը, խնդիրները համատեղ և պարբերաբար քննարկելու անհրաժեշտությունը, քրեական արդարադատությանն առնչվող կանանց նկատմամբ գենդերազգայուն մոտեցումների ցուցաբերման ու կիրառման, ինչպես նաև փոխըմբռնող և աջակցող միջավայրում աշխատելու կարևորությունը։
«Ազատազրկված կանանց հետ տարվող աշխատանքներում գենդերազգայուն մոտեցումների ներառում և կիրառում՝ ըստ Բանգկոկյան կանոնների» թեմայով եռօրյա դասընթացը կազմակերպել է «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն՝ Վրաստանում Նորվեգիայի Թագավորության դեսպանատան ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Կառուցելով գենդերազգայուն քրեակատարողական համակարգ Հայաստանում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում։


