Skip to content Skip to sidebar Skip to footer

«Պրոբացիայի ծառայության շահառուների վերաինտեգրումը․ մարտահրավերներ և հեռանկարներ»․ Կոնֆերանսի ամփոփում

«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն 2025 թվականի նոյեմբերի 20-ին Գյումրիում կազմակերպել է «Պրոբացիայի ծառայության շահառուների վերաինտեգրումը․ մարտահրավերներ և հեռանկարներ» խորագրով կոնֆերանս։

Տեղեկացնենք, որ «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն Գյումրիում 2025 թվականի հուլիսից The BEARR Trust հիմնադրամի փոքր դրամաշնորհային ծրագրի շրջանակներում իրականացնում է «Վերաինտեգրման ուղիներ. հզորացում սոցիալական ներառման միջոցով՝ հանուն կայուն ապագայի» դրամաշնորհային ծրագիրը։ Նպատակն է աջակցել Պրոբացիայի ծառայության Շիրակի մարզային մարմնում հաշվառված շահառուներին՝ զարգացնելու այնպիսի անձնական, սոցիալական, իրավական և գործնական հմտություններ, որոնք անհրաժեշտ են հասարակությունում ինքնուրույն և պատասխանատու ապրելու, աշխատանք գտնելու, համայնքում դրական կապեր կառուցելու, իրենց իրավունքներն իրացնելու և դժվարությունները հաղթահարելու համար։ Այդ համատեքստում կազմակերպվել է «Սոցիալական հմտությունների զարգացում և բարեկեցություն», «Անհատական աճ և զբաղվածության հմտություններ», «Իրազեկում և իրավունքների պաշտպանություն» և «Սոցիալական վերաինտեգրման հմտություններ» թեմաներով 16 դասընթաց, որոնց մասնակցել են 40-ից ավել շահառուներ, ներառյալ՝ նրանց ընտանիքի անդամները։

Կոնֆերանսի նպատակն էր ամփոփել ծրագրի արդյունքները և ձեռքբերումները, ներկայացնել պրոբացիայի ծառայության շահառուների վերասոցիալականացման բարելավման վերաբերյալ առաջարկություններ, ինչպես նաև խթանել մարզային պետական ու մշակութային կառույցների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջև համագործակցութունն ու կառուցողական երկխոսությունը՝ ի շահ պրոբացիայի ծառայության շահառուների արդյունավետ սոցիալական ինտեգրման և անվտանգ ու ապահով հասարակության ձևավորման։

Կոնֆերանսին մասնակցել են ներկայացուցիչներ ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայությունից, ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Շիրակի մարզային մարմնից, ՀՀ Շիրակի մարզպետարանից, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության Գյումրու տարածքային կենտրոնից, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Շիրակի մարզային ստորաբաժանումից, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կումայրիի բաժնից, ՀՀ ներքին գործերի նախաարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային քրեական ոստիկանությունից, ՀՀ Շիրակի մարզային քննչական վարչությունից,, ՀՀ Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանից, ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ից, մարզում գործող երիտասարդական և հասարակական կազմակերպություններից, ինչպես նաև դասախոսներ և ուսանողներ Շիրակի պետական համալսարանից։

ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության պետի տեղակալ Հայկ Բաղդասարյանը բացման խոսքում կարևորել է պրոբացիայի ծառայության շահառուների վերասոցիալականացման հարցում «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի և հասարակական այլ կազմակերպությունների հետ համագործակցությունը՝ վերահաստատելով պատժողականից վերականգնողական և վերասոցիալականցման քաղաքականության անցնելու պետության ռազմավարական մոտեցումները։ Այս համատեքստում Հ․ Բաղդասարյանը ներկայացրել է վերասոցիալականացման քաղաքականության ամրապնդման և համապատասխան ծրագրերի ընդլայնման ուղղությամբ ձեռնարկված քայլերը, որոնք կյանքի են կոչվելու 2026 թվականից։

ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Շիրակի մարզային մարմնի պետ Թադևոս Վարդանյանը ներկայացրել է «Վերաինտեգրման ուղիներ. հզորացում սոցիալական ներառման միջոցով՝ հանուն կայուն ապագայի» դրամաշնորհային ծրագրին մասնակցած շահառուների վիճակագրական տվյալները, թեմատիկ ուղղվածությունը՝ շեշտադրելով դրանց դրական ազդեցությունը շահառուների անձնական աճի և ինքնազարգացման վրա։

«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանը խոսել է «Վերաինտեգրման ուղիներ. հզորացում սոցիալական ներառման միջոցով՝ հանուն կայուն ապագայի» դրամաշնորհային ծրագրի արդյունքների և ձեռքբերումների մասին՝ արձանագրելով, որ ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Շիրակի մարզային մարմնի հետ կառուցողական համագործակցության շնորհիվ հնարավոր է դարձել հասնել ծրագրի նպատակներին և խնդիրներին։ 

Այնուհետև ակտիվ քննարկում է ծավալվել կոնֆերանսի մասնակիցների միջև։ Յուրաքանչյուր կառույց ներկայացրել է այն գործառույթները և ծրագրերը, որոնք առկա են համայնքում և որոնցից կարող են օգտվել նաև պրոբացիայի ծառայության շահառուները։ Քննարկվել են նաև այն խնդիրները, որոնք խոչընդոտում են պրոբացիայի ծառայության շահառուների սոցիալական ինտեգրմանը կամ վերջիններիս հետ արդյունավետ աշխատանքին։ Հնչեցված հարցերի վերաբերյալ ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության համապատասխան պաշտոնյաների կողմից տրվել են պարզաբանումներ, նաև պատրաստակամություն է հայտնվել այդ խնդիրները հետագա քննարկման առարկա դարձնել՝ արդյունավետ լուծումներ գտնելու նպատակով։ «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ ինչպես ծրագրի, այնպես էլ կոնֆերանսի վերաբերյալ կազմակերպության կողմից կազմվելու է համապատասխան առաջարկություններով ամփոփաթերթ` ոլորտի պատասխանատու կառույցներին և պաշտոնյաներին ներկայացնելու նպատակով։

«Պրոբացիայի ծառայության շահառուների վերաինտեգրումը․ մարտահրավերներ և հեռանկարներ» խորագրով անցկացված կոնֆերանսը կազմակերպել է «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն` բրիտանական The BEARR Trust հիմնադրամի փոքր դրամաշնորհային ծրագրի շրջանակներում իրականացվող «Վերաինտեգրման ուղիներ. հզորացում սոցիալական ներառման միջոցով՝ հանուն կայուն ապագայի» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում։

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2026 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

[yikes-mailchimp form="1"]